ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բանակցում է միջազգային կառույցների հետ՝ GIS (geographic information system) տիեզերական հեռազննման տեխնոլոգիաների ներդրման նպատակով, ինչը թույլ կտա գնահատել ոլորտը եւ ճշգրիտ տվյալներ հավաքագրել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Այսօր գյուղոլորտում մեր ներկայացրած ցուցանիշները ստացվում են հեռախոսով կամ այլ բանավոր միջոցներով: Չկա որեւիցե հիմնավորված հաշվարկ, որպեսզի մենք հասկանանք՝ ոլորտի զարգացումն ինչ մակարդակի վրա է եւ ինչպիսին է դինամիկան: Նոր համակարգի ներդրումը թույլ կտա հստակ պատկերացում կազմել` որ հողատարածքներն են այս պահին օգտագործվում, որոնք են ոռոգվում, ինչ է ցանվում, ինչպես նաեւ գնահատել կարկտահարության վնասները»,- ասել է նա:
Նախարարն նաեւ անդրադարձել է լիզինգի ծրագրին` նշելով, որ ներկայում ծրագրին ֆինանսավորման մասով միացել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն, իսկ տեխնիկայի մասով՝ «Սպեցմաշ»-ը: Առաջիկայում սպասվում է, որ ֆինանսական կառույցներից կմիանան նաեւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու «Ֆարմ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն, իսկ տեխնիկայի մասով` «Հրաշք այգի» ընկերությունը:
Մինչ օրս լիզինգի ծրագրի համար մարզերից ընդհանուր ստացվել է 33 հայտ, որից 7-ը վերջնական փուլում են:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է գյուղական տեխնիկայի կայան հիմնել, որը տնտեսություններին վարձակալությամբ մեքենաներ կտրամադրի: Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
Նախարարի խոսքով՝ ոչ բոլոր տնտեսությունները կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել գյուղտեխնիկա, որոշ դեպքերում ավելի ձեռնտու է վարձակալել այն:
700 մլն դրամ արժողությամբ պիլոտային ծրագիր կներդրվի, իսկ մասնավորի համար կհայտարարվի մրցույթ՝ նոր կայաններ ստեղծելու համար:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է շարունակել նաեւ գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը՝ նախկին 6% սուբսիդավորման պայմաններով:
Իգնատի Առաքելյանը մանրամասնել է, որ ծրագրի շրջանակում արդեն սուբսիդավորվել է մոտ 99 մլրդ դրամի վարկ՝ ուղղված 119 հազ. տնտեսական միավորի: Մյուս տարվանից, սակայն, ֆերմերների վարկերը կսուբսիդավորվեն միայն վերջինների կողմից կոնկրետ ծրագիր ներկայացվելու դեպքում, ինչը թույլ կտա հետեւել միջոցների նպատակային օգտագործմանը: