Իտալացի ականավոր արձակագիր Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպի գործողությունը ծավալվում է ծառաշատ Օմբրոզայում:Գլխավոր հերոսը` Կոզիմո Ռոնդոն, վճռում է այլեւս չենթարկվել ավանդապաշտ ու խիստ ընտանիքին, լքում է նրանց ու ողջ կյանքն անցկացնում ծառերի վրա: Ներկայացնում ենք Հասմիկ Եղիազարյանի հետ, ում թարգմանությամբ գիրքը լույս է ընծայել «Անտարես»հրատարակչությունը:
—Արկածային, թեթեւ ոճով գրված վեպում, որի գործողությունը ծավալվում է 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին, արծարծվում են հասարակական—քաղաքական, բնապահպանական խնդիրներ, որ արդիական են նաեւ այսօր: Ի՞նչ ոճի հեղինակ է Կալվինոն, ինչո՞վ է առանձնանում նրա «Ծառաբնակ բարոնը»:
-Մինչ «Մեր նախնիները» եռագրությունը («Երկատված վիկոնտը», «Ծառաբնակ բարոնը», «Գոյություն չունեցող ասպետը»), Կալվինոյի ստեղծագործությունները կարելի է համարել նեոռեալիստական։ Նեոռեալիստ այլ գրողների պես նա անդրադարձել է պատերազմի, հակաֆաշիստական պայքարի թեմաներին: Կալվինոն ինքն էլ ակտիվորեն մասնակցել է հակաֆաշիստական պայքարին: Բայց ահա 1952-1959 թթ․ Կալվինոն գրում է «Մեր նախնիները» այլաբանական եւ ֆանտաստիկ տարրերով եռագրությունը, կտրուկ փոխում ժամանակաշրջանի ընտրությունը, դիմում անցյալին եւ ներկայացնում ժամանակակից մարդու այլաբանական պատկերը։ Եռագրության գրքերից մեկի հերոսը գոյություն չունեցող ասպետն է, այսինքն` մարդ, որ կա, բայց միեւնույն ժամանակ գոյություն չունի, մյուսում` կիսված վիկոնտն է՝ կիսված մարդը, երրորդում արդեն ծառաբնակ բարոնն է` ամբողջական մարդը: «Ծառաբնակ բարոնը» այլաբանական վեպ է: Միեւնույն ժամանակ, հեղինակը ռեալիստորեն, մանրամասն ներկայացնում է դեպքերը, բարոնի կյանքը ծառերի վրա: Այստեղ նույնպես խաղ ու նուրբ հեգնանք կա:
— Ծառաբնակ բարոնը բարեկամ է դառնում մերձավորին, բնությանը եւ ինքն իրեն: Սկզբում, ինչպես նրա ընտանիքի անդամները, ընթերցողը հույս ունի, որ ըմբոստ պատանին կիջնի ծառից, հետո արդեն ուզում է, որ նա պահպանի խոստումն ու ոտքը հողին չդնի:
— Վեպում պատմողը գլխավոր հերոսի եղբայրն է, նա այսպես է ասում` այն օրը, երբ Կոզիմոն բաժանեց իր ճակատագիրը մերինից: Ու չնայած այս բաժանումը գիտակցված որոշում էր, Կոզիմոն չի մեկուսանում, չի հեռանում ընտանիքից, մարդկանցից, ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին: Կալվինոն ինքն այսպես է բացատրում․ ուրիշների հետ իսկապես լինելու միակ ճանապարհը ուրիշներից զատված լինելն է: Այսինքն` մարդկանց օգնելու համար պիտի հեռու լիներ նրանցից:
— Ասվում է նաեւ, որ նա բացահայտել էր մարդկանց միավորելու եւ առաջնորդելու ձիրքը, որը երբեք չի չարաշահում, օգտագործում է միայն վեհ նպատակով: Ստացվում է, որ օրինակելի առաջնորդ լինելու համար պետք է ծառի՞ն թառել: Խոսքը անհնարինի՞ մասին է:
-Կարող ենք եւ դրսի, եւ հայաստանյան օրինակով տեսնել, որ սկզբում արհմիությունները կամ կուսակցությունները, հասարակական շարժումները, երբ կա ընդհանուր նպատակ, ազնիվ մղումներ, ծառայում են հասարակությանը, հետո արդեն կոռումպացվում են: Եթե կանգ չեն առնում, չարաշահումը, բուն գաղափարից հեռանալու վտանգը, կարծես, անխուսափելի է դառնում: Կոզիմոն սա զգում է ենթագիտակցաբար ու շարունակ նոր գործեր է ձեռնարկում, շարունակում է փորձել: Բայց ի վերջո, չնայած այս փորձերին, կյանքը, հասարակությունը ավելի լավը չեն դառնում: Գրքի վերջում տեսնում ենք, որ անտառը ոչնչանում է, Օմբրոզան այլեւս գոյություն չունի: Որքան հուզիչ է, երբ անտառների մասին է պատմում, ասում է` իրենց թվում էր դաշտեր են, որ հնձեն, իրենք իրենց կաճեն, ու չաճեցին: Ողբերգական է անվերադարձությունը: Կարծում եմ` սա նաեւ զգուշացում է:
—Ի՞նչ կասեք Կոզիմոյի եւ Նապոլեոնի հանդիպման մասին:
— Սա Դիոգենեսի եւ Մակեդոնացու առասպելական հանդիպման կրկնությունն է մի տարբերությամբ, որ Կոզիմոն է Նապոլեոնին հարցնում` ինչ կարող է նրա համար անել: Պատմությունը շրջվում է: Հարգվում է ոչ թե մտածողը, փիլիսոփան, այլ քաղաքական գործիչը: Նապոլեոնը չի էլ հիշում Դիոգենեսին: Հեղինակը խոսում է Նապոլեոնի եւ Ֆրանսիական հեղափոխության մասին եւ թափանցիկ ակնարկ է անում, որ այսօր էլ ամեն բան նույնությամբ կրկնվում է: Սառը պատերազմի տարիներն էին: 1956-ին Հունգարիայի ապստամբությունն է սկիզբ առնում, որ ճնշվում է Խորհրդային բանակի կողմից: Կալվինոն մի շարք այլ կոմունիստ մտավորականների պես մեծ հիասթափություն է ապրում: Գրքում, կարծում եմ, այդ չթաքցրած հիասթափությունն էլ կա, ակնարկ, որ պետք է զգուշորեն մոտենալ հեղափոխություններին:
— Վեպում խոսք կա նաեւ գրքի պաշտամունքի մասին: Ըստ Կալվինոյի` գիրքը կարող է վերափոխե՞լ մարդուն:
— Շատ հարաբերական է: Կոզիմոն ընթերցանության նկատմամբ սիրով է լցվում, որը չի մարում: Սակայն մյուս կողմից` գրականության նկատմամբ սերը, հիվանդագին կախվածությունը ավազակին` Անտառի Ջանին խելքահան է անում, գրքի պատմությունն ավելի կարեւոր է դառնում նրա համար, քան սեփական կյանքը եւ հասցնում կախաղանի։
— Իտալո Կալվինոյի գիտնականների զավակ է, հայրը գյուղատնտես էր, մայրը՝ բուսաբան, մորեղբայրը քիմիկոս, եղբայրը՝ երկրաբան: Կալվինոն ասել է, որ իրեն հրապուրել է ուրիշ տեսակի մի «բուսականություն»՝ գրականը: Այս տեսանկյունից «Ծառաբնակ բարոնը» բոլորվին այլ բնորոշո՞ւմ է ստանում:
— Ես մտածում էի, որ կարող էր լիներ բուսականության դասագիրք, եթե նկարներով եւ այլ կերպ ձեւավորվեր: Նա կոնկրետ նշում է ծառերի տեսակը, մանրամասն նկարագրում է ճյուղերի ձեւը, իրական, առարկայական աշխարհ է, հեքիաթային կանաչություն: Այս գրքի գույնը, կարելի է ասել, կանաչն է: Իտալիայում Կալվինոն սիրված հեղինակ է, մշտապես արդիական: Մասնավորապես այս գործը դպրոցական տարիքից սկսած կարդում են, սիրում: Կարծում եմ, հայ ընթերցողին կգրավի Կալվինոյի ոճի թեթեւությունը, նուրբ հումորը, որ հնարավորինս փորձել եմ փոխանցել թարգմանելիս:
Արմինե Սարգսյան
Աղբյուրը` http://www.mediamax.am/am/news/BookHouse/23271/#sthash.9cplNdNf.dpuf