26 Հոկտեմբերի 2020թ. 19:41

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ …

Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանի» չորս հատորը մեր բնակարանի ամենաերեւացող տեղում էր, հեռուստացույցի հարեւանությամբ: Հայրս՝ լեզվաբան Վիգեն Ավագյանը, աշխարհում երբեւէ տեղի ունեցած ամենահրաշալի ու զարմանալի բանը համարում էր Աճառյանի «Լիակատար քերականություն  հայոց լեզվի՝ համեմատած 562 լեզուների» աշխատությունը: Հայերենի քերականությունը համեմատել աշխարհի 562 լեզուների հետ, պատկերացնու՞մ եք:

Տատիկս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանը, մտերիմ էր Աճառյանի երկրորդ կնոջ՝ տիկին Սոֆիկի հետ, եւ մայրիկիս հաճախ իր հետ տանում էր նրանց տուն:  Մայրիկիս զարմանքը շարժել էր ոչ այնքան հայերենի քերականության  համեմատությունը աշխարհի 562 լեզուների հետ, այլ թե ինչպես են Աճառյանները հաջողացրել Մաշտոցի պողոտայում գտնվող իրենց բնակարանում, որն, ի դեպ, երրորդ հարկում էր,  …կով էր պահում: Երբ օրերս տատիկիս արխիվում գտա գրականագետ Արամ Երեմյանի (1) անտիպ նամակները Միհրդատ Թիրյաքյանին (2), եւ այդ նամակներում կարդացի հուշեր Աճառյանի մասին, չգիտես ինչու՝ հիշեցի այդ կովի պատմությունը:

Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում այսօր էլ աշխատում է Հրաչյա Աճառյանի թոռը՝ Քնարիկ Աճառյանի որդին: Դարձյալ՝  Հրաչյա Աճառյան (նա վերցրել է պապի ազգանունը): Պարոն Աճառյանը հաստատեց՝  այո, կովը եղել է:

1937 թվականին Աճառյանին ձերբակալել էին: 800 օր բանտում հալածանքների ու խոշտանգումների ենթարկված գիտնականը սաստիկ հյուծվել էր: 1939-ի դեկտեմբերի 19-ին, բանտից ազատվելուց հետո, նրան հատուկ սնունդ էր ցուցված: Եվ ստիպված են եղել որոշ ժամանակ բնակարանում կով պահել…

«Մեծ գիտնականն իր անձնական կյանքում տարօրինակ սովորություններ ուներ, շատ բծախնդիր էր եւ մաքրասիրությունը հասցրել էր ծայրահեղության: Հաց գնելու համար անգամ գնում էր հացավաճառի խանութը, կանգնում փռի մոտ եւ եփած հացը դնել էր տալիս իր ձեռքում պատրաստ ունեցած կերպասի մեջ, փաթաթում եւ միամիտ սրտով վերադառնում էր տուն: Ուրիշի ձեռքով բռնված հացը նա երբեք չէր ուտում: Կերակուր ուտելուց առաջ իր ձեռքերը մաքրելու համար ուներ իր հատուկ օճառը. ուրիշներն իրավունք չունեին օճառը գործածելու: Եզակի աշխատող էր. երբ հոգնում էր գրելուց, հինգ վայրկյան հանգստանում էր սեղանի մոտ դրված ներքնակի վրա: Սիրում էր նաեւ հանգստյան ժամանակ մի բաժակ օշարակ խմել»:

Լեզվաբան Հրաչյա Աճառյանի մասին այս հիշողության հեղինակը գրականագետ Արամ Երեմյանն է: Նրա 15 անտիպ նամակները՝ ուղղված  Միհրդատ Թիրյաքյանին, տատիկիս անձնական արխիվում են…

Ա. Երեմյանի նամակներում հիմնականում գրականագիտական հարցեր են շոշափվում, սակայն նրա հուշերը Աճառյանի մասին նպատակահարմար գտանք հրապարակել՝ վստահ, որ դրանք հետաքրքիր են ոչ միայն գրականագետներին:

Արամ Երեմյանը Նոր Ջուղայում ուսուցչություն անելու տարիներին Հրաչյա Աճառյանի հետ հանդիպելու առիթներ է ունեցել: 1967 թ. մարտի 4-ին Մ. Թիրյաքյանին ուղղած նամակում գրում է.

«Նոր Ջուղայի բարբառն ուսումնասիրելու համար 1919 թվականին եկավ (ԱճառյանըԼ.Ա.) Նոր Ջուղա: Ամեն կերպ օգնեցի իրեն՝ Նոր Ջուղայի բարբառը հարազատությամբ խոսող ծեր մարդկանց հետ ծանոթացնելով: Այդ շրջանում էլ տվեց երկու դասախոսություններ՝ նյութ ունենալով հայ մշակույթը եւ գրականությունը: Այնուհետեւ, 1924 թվին, հանդիպեցի իրեն Երեւանում: Հրավիրեց ինձ իր համեստ բնակարանը, որ ծանոթանամ իր այնքան սիրած կյանքի ընկերուհու՝ Արուսյակի (3) հետ

Այդ օրն էլ ծանոթացրեց ինձ հոյակապ աշխատանքների հետ, որոնք մեծ մասամբ արտագրված էին Արուսյակի ձեռքով: Գեղեցիկ ու գրավիչ ձեռագրով գրված հատորները Աճառյանը առանձին գուրգուրանքով դասավորեց իր սեղանի վրա, երբ ծանոթացրեց ինձ ձեռագիր մատյանների հետ: Չմոռանամ ընդգծելու, որ Արուսյակը շատ համեղ կերակուրներ էր պատրաստում, իսկ Աճառյանը ժպտադեմ կրկնում էր. «Հայկական է: Պարսկական է»: Ճաշին ինձ պահեցին իրենց մոտ, որ վայելեմ «հայկական եւ պարսկական» կերակուրները: Մի կետ մոռացա.1919 թվականին Նոր Ջուղայի հոգեւոր դասի պարծանքը եղող արժանապատիվ տեր Գարեգին քահանա Կիրակոսյանը նոր էր վերջացրել իր խմբագրած պարսկերեն եւ հայերեն բառարանը (4): Գիտնական քահանան ջերմորեն ցանկացավ, որ Աճառյանն իր բառարանի հետ ծանոթանա: Այդ նպատակով, մի առավոտ Աճառյանի հետ գնացինք տեր հոր մոտ: Սիրալիր հյուրասիրության ժամանակ Աճառյանին խնդրեցի, որ հաճի բառարանի համար մի սիրուն առաջաբան գրել, չմերժեց: Բառարանի սկզբում այժմ կգտնեք այդ արժեքավոր առաջաբանը: Նույն շրջանում էլ Սպահանի Փերիա գավառի հայաբնակ գյուղերը շրջելով՝ տպագրության համար պատրաստել էր «Սպահանի Փերիա գավառը» հատորը, որի առաջաբանը նույնպես գրեց Հ. Աճառյանը՝ ընդգծելով ազգագրական գրականության նշանակությունը (5)»

Աճառյանի մասին տեղեկություններ, նրա կյանքի մանրամասներն իմանալու ամենահավաստի ու հետաքրքիր աղբյուրը հենց լեզվաբանի հուշերն են: Կյանքի վերջին տարիներին, հիվանդ օրերին, նա իր հուշերը պատմել է, որոնք գրի են առել դուստրը, սիրելի ուսանողները: 1967 թ.-ին լույս տեսավ «Կյանքիս հուշերից» գիրքը: Գրքում ոչինչ չկա 1937 թվականի ձերբակալության մասին: 1998-ին, հայրիկիս դոկտորական ատենախոսության պաշտպանությանը ներկա լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը (6) ներկաներիս մի պատմություն պատմեց, որն իրեն անձամբ Աճառյանն էր պատմել:

Երբ 1937 թվականին Աճառյանին ձերբակալում են՝ հիմք ընդունելով անգլիական հետախուզությանը իբրեւ թե նրա անդամակցության մասին եղած տվյալները: Մեղադրանքում ասվում էր, թե 1918 թվականին անգլիացիների կողմից Ադրբեջանի բռնազավթման շրջանում Աճառյանը Բաքվում հավաքագրվել է անգլիացիների կողմից ու աշխատել նրանց օգտին:

Եվ որ՝ ԵՊՀ-ում դասավանդելիս՝ «մեղադրյալ Աճառյանը թշնամական դիրք է գրավել լեզվաբանության մարքսիստական զարգացման հարցի նկատմամբ»: 2 տարի 3 ամիս լեզվաբանը բանտում է անցկացրել՝ խոշտանգումների ենթարկվելով: Տարիներ անց Աճառյանն ընկերական խմբում պատմել է, որ քննիչը Աճառյանին ստիպել է ապացուցել, որ իր կինը՝ Արյուսակը, եղել է ոչ թե լրտես, այլ եղել է հենց իր կինը: Աճառյանը բերել է բոլոր հնարավոր ապացույցները, սակայն քննիչը դրանք ոչ հավաստի է համարել:

 Այդ ժամանակ Աճառյանը հուսահատված բացականչել է. «Եթե իմ կինը չէր, ու՞մ կինն էր»:

18 լեզվով ազատ խոսող, «Լիակատար քերականություն  հայոց լեզվի՝ համեմատած 562 լեզուների», Արմատական բառարանի հեղինակը, ըստ ժամանակակիցների վկայության, չափազանց սրամիտ ու կատակասեր էր: «Կյանքիս հուշերից» ինքնակենսագրության մեջ Աճառյանն ինքն էլ, հիշելով Կոմիտասի հետ Էջմիածնում անցկացրած տարիները, պատմում է, թե երկուսով որքան սիրում էին կատակել, բեմադրել Պարոնյանի գործերից զվարճալի կտորները: Յուրաքանչյուր նոր բառ նրա հետաքրքրության տիրույթում էր:

 Հակոբ Ոսկերչունին 1930 թվականին պատմել է, որ Աճառյանը փողոցով անցնելու ժամանակ տեսնում է, որ երկու գյուղացի կռվում են: Մեկը, բազմաթիվ հայհոյանքների մեջ գործածում է մի անծանոթ բարբառային բառ: Աճառյանն իսկույն մեջ է մտնում.

-Խնդրեմ այդ հայհոյանքը մի անգամ էլ կրկնեցեք (7):

Լիլիթ Ավագյան

Ծանոթություն.

1. Արամ Երեմյան, 1898-1972, հայ գրականագետ, արվեստաբան: Ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը: 1915 թ.-ից աշխատել է Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում՝ իբրեւ ուսուցիչ: Նոր Ջուղայում աշխատած տարիներին էլ հանդիպել էր Հրաչյա Աճառյանին:
2. Միհրդատ Թիրյաքյան , 1885-1979: Ավարտել է Ցյուրիխի համալսարանը, թարգմանել է Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից հատվածներ:
3. Առաջին կնոջ՝ Արուսյակի հետ Աճառյանը 1923 թ.-ին վերադարձել է Հայաստան՝ դասավանդելու ԵՊՀ-ում: Երկու տարի անց, 1925 թ.-ին, Արյուսակը մահացել է: Ըստ Գառնիկ Ստեփանյանի «Աճառյանի հետ» հուշագրության` «Արուսյակը վախճանվել էր հոգեկան խախտման փոթորկոտ արտահայտության պայմաններում» (Երեւան, 1976, էջ 31):
4. Խոսքը Գարեգին Կիրակոսյանի՝ 1919 թվականին կազմած «Պարսկերեն-հայերեն» բառարանի մասին է, որը հրատարակվել է 1933 թ.-ին:
5. 1919թ.-ին հրատարակվել է «Սպահանի Փերիա գավառը», Նոր Ջուղա:
6. Գեւորգ Ջահուկյան, 1920-2005, լեվաբան, հայագետ, Աճառյանի աշակերտներից:
q7. «Անեկդոտներ իմ մասին» ,Երեւան, 2008, ԳԱԹ, կազմել է Հրաչյա Աճառյան կրտսերը:

Աղբյուրը` http://www.mediamax.am/am/news/pahoc/23273/#sthash.y4EReSr0.dpuf