26 Հոկտեմբերի 2020թ. 19:04

ԱՆԴՐԵՅ ԲԱԲԿՈ. ԽՆԴԻՐԸ ԼՈԳԻՍՏԻԿԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Եթե Հայաստանի միջով դեպի Իրան անցնող ավելի հարմար ճանապարհ՝ երկաթուղային գիծ լինի, ապա այստեղով փոխադրումներ իրականացնելը շատ ավելի ձեռնտու կլինի․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն՝ անդրադառնալով նախկինում արած իր դիտարկմանը, թե Հայաստանը կարող է Ռուսաստանի համար տարանցիկ կետ դառնալ իրանական շուկա դուրս գալու համար: «Եվ, քանի որ այդպիսի ճանապարհ չկա, մեծ մասշտաբով փոխադրումներ անցկացնելու հեռանկար չի կարող լինել»,- ասաց նա՝ նկատելով, որ Իրան գնացող երկաթուղային գիծը չկառուցվեց, քանի որ անգամ ՀՀ կառավարության կողմից  որևէ վիճակագրական տվյալ չներկայացվեց, թե արդյոք երկաթգիծն իրեն կարդարացնի: Անդրեյ Բաբկոյի հետ խոսեցինք Սանկտ Պետերբուրգի ձեռներեցների համայնքի հետ hանդիպումից հետո: Նա նշեց, որ ռուս գործարարները հետաքրքրված են հայկական շուկայով: Նրանք հիմնականում համագործակցության եզրեր են գտել գյուղատնտեսության ոլորտում:

«Ռուսաստանը Հայաստանից սիրով ընդունում է բանջարեղեն, պահածոներ և այլն: Բայց դրանք շատ փոքր չափով են այնտեղ ներկայացված: Իսկ ընդլայնել կարելի է, եթե այստեղ ընդլայնվի արտադրությունը»,- ասաց նա: ՌԴ ներկայացուցչի դիտարկմամբ՝ ռուս ձեռներեցների համար Հայաստան արտահանման հետ կապված ամենալուրջ խնդիրը տրանսպորտային լոգիստիկայի հետ կապված դժվարությունն է: «Պետք է կառուցել ճանապարհը, պետք է լուծել այդ խնդիրը»,- ասաց նա:

Անդրեյ Բաբկոն համաձայնեց դիտարկման հետ, որ Հայաստանը փոքր շուկաներից է, ռուս ձեռներեցներին առավել շատ կհետաքրքրեր Հայաստանը՝ նաև Իրան դուրս գալու համար: Նշեց, որ դրա համար էլ ռուս ձեռներեցներին քննարկումների ժամանակ առաջարկում է համագործակցել հայերի հետ․ «Հայաստանի բազայի հիման վրա ստեղծել ինչ-որ արտադրություններ, կոպերացիաներ,  միասին փնտրել շուկաներ: Թող դա լինի Եվրոպան, լինի Իրանը, թող լինեն Ասիայի այլ երկրներ»,- ասաց նա:

Հայաստանյան արտադրողների՝ ռուսական շուկա դուրս գալու խնդիրների մասին խոսելիս էլ ասաց․ «Ես մեր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին ասել եմ, որ եթե կարողանան  հայ արտադրողներին միանգամից վճարել, հոսքը և մատակարարների թիվը կմեծանա: Առայժմ մեծ ընկերություններ, ինչպիսին «Սպայկան» է, Հայաստանում չկան: Այստեղ խնդիրն այս է. եթե ռուսական ընկերությունները կարողանան ավելի շուտ սպառել հայկական արտադրանքը և վճարել մատակարարներին կարճ ժամկետներում, ապա Հայաստանից իրենց արտադրությունը զարգացնողներ և մատակարարներ ավելի շատ կլինեն»:

Աղբյուրը` tert.am