ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ. ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է, ԵՎ ՇԱՏ ՀԱՋՈՂՎԱԾ Է

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» հիմնարար աշխատության հեղինակ Տարոն Աճեմօղլուն զուգահեռներ է անցկացրել և նշել, որ Խորհրդային Միության անկումից հետո պետությունները անցումային երկու ուղղությամբ են ընթացել։ Երկրների մի խմբում, օրինակ՝ Չեխիա կամ Էստոնիա, որտեղ կոմունիստական էլիտաները հեռացվել են, համակարգերը՝ բացվել, անցումը շատ ավելի լավ է աշխատել։ Երկրների մյուս խմբում, օրինակ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, նախկին կոմունիստական էլիտաները շարունակել են վերահսկել իրավիճակը, և այնտեղ հետընթաց է եղել։ «Ցավոք Հայաստանն ավելի մոտ է երկրորդ խմբին։ Եվ մենք դրա համար թանկ գին ենք վճարել։ Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող էր շատ ավելի նման լինել Չեխիային կամ Էստոնիային, սակայն փոխարենը ավելի շատ նմանվել է Ադրբեջանին ու Ուզբեկստանին, ինչն իսկապես ամոթ է»,- ասել է Աճեմօղլուն։
Նա նշել է, որ առավել ճնշող է այն հանգամանքը, որ, օրինակ, անհաջող անցումային երկրներից Ղազախստանը, որ շատ հեռու է ժողովրդավարական լինելուց, որոշակի քայլեր արել է ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ։ Ըստ Աճեմօղլուի՝ եթե Հայաստանում անկախության սկզբնական շրջանը ավելի բարեհաջող էր, և երկիրը ավելի բաց էր ու դուրս նայող, հետագայում վիճակը գնալով վատացել է․ «Ես կարծում եմ, որ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, և հույս ունեմ, որ դեռ ուշ չէ, բայց իսկապես շատ հույսեր ի դերև են եղել»։

«Ես չեմ կարծում, որ հայկական մշակույթի մեջ կա որևէ բան, որը հակասում է կամ անհամատեղելի է ժողովրդավարության հետ։ Ուստի չեմ կարծում, որ մշակույթն է։ Եվ ես գիտեմ, որ Հայաստանը շատ բարդ աշխարհագրական միջավայրում է։ Հարևանները, որ մենք ունենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, նրանցից և ոչ մեկը չի նպաստում Հայաստանի տնտեսական և քաղաքական վերելքին։ Սակայն ես նաև կարծում եմ, որ աշխարհագրությունը որևէ կերպ բախտորոշ չէ։ Իհարկե, հանգամանքը, որ Հայաստանը բարդ աշխարհագրություն ունի՝ տրանսպորտային ուղիներին կապվելու լեռնային տեղանք և բարդ մատչում ծովին, անբարենպաստ է, սակայն այս խոչընդոտներն անհաղթահարելի չեն»,- ասել է Աճեմօղլուն և բերել երկու երկրների օրինակ՝ Շվեյցարիայի և Իսրայելի։ Նրա խոսքով՝  Շվեյցարիան Հայաստանի եվրոպական տարբերակն է, և շատ հաջողված է։

«Մենք ունենք Իսրայելի օրինակը, երկիր՝ շրջապատված թշնամիներով, որոնք ցանկանում են նրա վերջը տալ։ Ու թեև Իսրայելը կատարյալ չէ, բայցևայնպես ամբողջ Միջին Արևելքում ամենահաջողված ժողովրդավարությունն է։ Եվ այն չափազանց զարգացած է տեխնոլոգիապես և տնտեսապես։ Այնպես որ, ես կարծում եմ՝ աշխարհագրական գործոնները բարդացնում են Հայաստանի վիճակը, սակայն դրանք չեն այն հիմնական պատճառները, որտեղ մենք պետք է որոնենք խնդիրները,- ասել է Աճեմօղլուն։

Աճեմօղլուն կտրականապես չի ընդունում այն պատճառաբանությունները, որ երկրի խնդիրները կապված են մշակույթի հետ։ Նա բերել է Չեխիայի և Լեհաստանի օրինակը, որոնք կարողացել են թոթաթել կոմունիստական դարաշրջանը՝ ուժեղացնելով դեռ խորհրդային տարիներից առկա քաղաքացիական շարժումները, պրոֆմիությունները և բողոքների շարժումները, և դրանց հենքի վրա կառուցել ինստիտուտներ։

«Հայաստանը նույն մակարդակի քաղաքացիական կազմակերպվածություն չուներ, ինչը իհարկե ավելի բարդ խնդիր է, երբ դու Խորհրդային Միության մաս ես, սակայն քաղաքացիական հասարակության այդ կառույցները անմիջապես սկեցին զարգացալ անցումային փուլին զուգահեռ։ Իհարկե, Հայաստանի դեպքում չկար այնպիսի հզոր կողմնորոշիչ գործոն, ինչպիսին Եվրոպական Միությունն է, որը նրա համար կլիներ մոդել։ Այդ գործոնը ենթադրաբար կարող էր լինել Սփյուռքը, սակայն ես կարծում եմ, որ Սփյուռքի գործոնը խառն ազդեցություն է ունեցել․Սփյուռքը Հայաստանի համար եղել է հեշտ փողի աղբյուր, իսկ հեշտ փողը հենց այն է, որը սնում է կոռուպցիան ինստիտուցիոնալ այնպիսի թույլ միջավայրում, որն ունի Հայաստանը»։

Ադրբեջանի հետ պատերազմը և հարաճուն լարվածությունը, Աճեմօղլուի կարծիքով, նույնպես չեն նպաստել քաղաքական գործընթացներին․ «Սակայն երկու կարծիք լինել չի կարող․ մենք պետք է ուժեղացնենք այն ամենը, որոնք հարկավոր են ժողովրդավարության համար աշխարհի որևէ այլ մասում։ Քաղաքացիական հասարակություն, ազատ մամուլ, ուսանողական միություններից մինչև պրոֆմիություններ, մինչև բիզնես միություններ ու քաղաքական կուսակցություններ, որոնք իսկապես ազատ են և չեն ընկալվում որպես հովանավորյալ կառույցներ։ Դրանք պետք է զարգանան, և զարգացման միակ ճանապարհը ներքևից վերև է»։

Պատրաստեց Կարեն Հարությունյանը