Tert.am-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել է Կառավարության ծրագրի կրթական հատվածի մասին:
— Պարո՛ն Խաչատրյան, 2017-2022 թվականների ընթացքում պետք է ապահովել Հայաստանի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գործընթացներին շարունակական ակտիվ մասնակցությունը և Բոլոնիայի գործընթացի նպատակների հետևողական իրագործումը: Կարո՞ղ եք ասել, որ սա բխում է նրանից, որ ՀՀ-բուհերի դիպլոմները դրսում չեն ընդունում և ինչո՞ւ:
— Սա շարունակական թեզ է, այսինքն՝ Բոլոնյան գործընթացի անդամագրություն են սկսել, և սրանով կառավարությունը հաստատում է, որ ինքը շարունակելու է այս գործընթացը: ՀՀ-ում ներքին մոբիլություն չկա, իսկ Բոլոնիայի համակարգը ենթադրում է այլ բան: Օրինակ, եթե ես սովորում եմ Հայաստանյան X բուհում, ապա ես կարողանամ նաև որոշակի դասընթացներ անցնել նաև հայաստանյան Y բուհում, ինչը մեզ մոտ դեռևս չկա: Ընդհանրապես, թեզում խոսքը այն մասին է, որ կառավարությունը բուհական գործընթացում շարունակելու է եվրոպական գիծը: Այլ խնդիր է, որ մեր համալսարաններն այսօր ֆինանսական առումով իսկապես ծանր վիճակում են հայտնվել, առաջիկա 4-5 տարիներին շատ քիչ ուսանողներ են ունենալու, քանի որ այս ու հաջորդ տարի բավականին քիչ դիմորդներ են լիզելու:
— Արտերկրում կրթություն ստացած անձիք փաստում են, որ ավելի լավ է արտերկրում քոլեջ ավարտես, քան ՀՀ–ում բուհ: Ինչո՞ւ է այնպես և, ի վերջո, ի՞նչ անել, որ մեր կրթական ոլորտը մեկ սանդղակ առաջ գնա:
— Խնդիրը կապված է աշխատաշուկայի հետ, այսինքն՝ ուսանողը վստահ չէ, որ եթե ինքը լավ սովորեց, ապա կունենա շատ լավ աշխատանք, սա շատ մեծ դեր է խաղում: Ուսանողները նաև սկսում են աշխատել սովորելուն զուգընթաց, այսինքն՝ սովորելու հաշվին են աշխատում, ինչը կրթական մակարդակի վրա ազդում է: Սովորելը դժվար աշխատանք է, մարդը պետք է բավականին ծանր աշխատանք տանի, այդքան գիրք կարդա, ուսումնասիրություն անի: Պետք է աշխատես, հասնես մի մակարդակի, որ քեզ սկսեն վճարել: Սրա համար շատերը այլ ճանապարհ են նախընտրում, աշխատում են, փող են ստանում, քանի որ, եթե չաշխատի չի վարձատրվի, բայց եթե դասի չգնա, իրեն բուհից չեն հեռացնի:
— Չէ՞ որ արտերկրում էլ ուսանողներն աշխատում են, բայց կրթության որակը ցածր չէ:
— Արտերկրում, եթե աշխատում ես, ապա կարող ես նաև երեկոյան գնալ դասի: Համակարգը ճկուն է, իսկ այստեղ, որ աշխատող ուսանողը հնարավորություն ունի ժամը 6-ին բաց թողնված դասը լրացնելու: Այստեղ պետք է կա՛մ գործն ընտրես, կա՛մ դասը: Դասը կարողանում են չընտրել, քանի որ բուհից չեն հեռացվում, քանի որ վարձ են վճարում: Այս իմաստով լուռ համաձայնություն կա, որ ուսանողներն աշխատեն ու վարձը տան, քանի որ ուսանողն աշխատում է նաև վարձը տալու համար: Սրա վատ կողմն այն է, որ կրթության որակն է ընկնում:
— Արդյո՞ք այսօր բուհ –աշխատաշուկա համագործակցություն կա, օրինակ, եթե տարեկան 3000 տնտեսագետ են ավարտում, նրանք կկարողանա՞ն շուկայում տեղավորվել:
— Առանձնակի դեպքեր կան, որ բուհն ու աշխատաշուկան արդյունավետ համագործակցում են, բայց ընդհանուր առմամբ շատ դեպքերում այն մասնգիտությունները, որոնք ընտրում են դիմորդներն, աշխատաշուկան այդքան պահանաջարկ չի ունենում: Կարծում եմ՝ քիչ-քիչ այս հարցը կարգավորվում է, քանի որ զգում ենք, որ նույն տնտեսագիտության նկատառմամբ հետադրությունը սկսել է նվազել, քանի որ ինֆորմատիկայի գծով այսօր ավելի շատ են դիմում
Աղբյուրը` tert.am