ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ. ՊԵՏՔ Է ՈՐ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԼԻՆԵՆ

Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և Հայաստանի զարգացման հիմնադրամ: Այս երկու կառույցների նպատակները, եթե ոչ՝ նույնը, ապա՝ շատ մոտ են: Առաջինի կանոնադրությունն ասում է, որ կենտրոնի նպատակներն են` ՀՀ կառավարությանն աջակցության ցուցաբերումը ՀՀ ռազմավարությունների, հայեցակարգերի մշակման, ռազմավարական ծրագրերի իրականացման հարցում՝ որպես առաջնային նպատակ ունենալով, ի թիվս այլոց, Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը և նոր ներդրումների ներգրավումը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի հիմնական առաքելությունը երկրի տնտեսական աճի խթանումն է։ Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է՝ գլխավոր նպատակ ունենալով երկրի վարկանիշի և մրցունակության բարձրացումը, նաև ջանքերն ուղղում է ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը և զբոսաշրջության զարգացմանը: Ինչպիսի՞ն է այս համանման կառույցների աշխատանքի արդյունավետությունը:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս երկու կառույցների աշխատանքի ուղղվածությունը նման է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործառույթներին, բայց անգամ, եթե դրանց աշխատանքը, թվում է, որ նման է, բայց կարող է և՝ լուրջ տարբեր են: Ընդ որում` կենտրոնը սկսել է գործել այս տարվա սկզբից, իսկ հիմնադրամը` 2015 թվականից:

«Ես շատ լիբերալ կարծիք կարող եմ հայտնել, որովհետև ոչ շատ դրական ծրագրային, ոչ էլ բացասական խնդիրներ եմ տեսել,- ասաց Գ.Մակարյանը` նշելով, որ միությունը նախատեսում է համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ,- Կենտրոնում ինտելեկտուալ մարդիկ են աշխատում, և պետք է, որ լավ արդյունքներ լինեն»:

Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը, ըստ Գ.Մակարյանի, որոշ ուղղություններով նկատելի է, որոշ ուղղություններով` ոչ. «Ղեկավարը 1-1.5 ամիս առաջ փոխվեց, գիտակ մարդիկ կան, որ ակտիվ աշխատում են»:

Միության ղեկավարի խոսքով` հիմնադրամի աշխատանքն արտերկրում տարբեր ցուցահանդեսներ կազմակերպելու, գործարար կապեր ստեղծելու առումով բավականին դրական է, թեև Հայաստանը ներկայացնելու մեթոդաբանության առումով խնդիրներ կան: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հիմնադրամի աշխատանքը կակտիվանա և մասնավոր հատվածի համար ավելի հասանելի կլինի:

Աղբյուրը` 168.аm