22 Սեպտեմբերի 2020թ. 15:35

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ՄԱՍԻՆ

Լեոնարդո դա Վինչիի հանճարի մասին շատերն են լսել, նրա գլուխգործոցներին շատերն են ծանոթ, սակայն միևնույն է նա շարունակում է դեռ զարմացնել ոչ միայն իր ստեղծագործություններով, այլ նաև իր կյանքի մոտեցումներով, սովություններով, ապրելավոճով և այլն։ Իսկ հիմա մի փոքր ավելի մանրամասն։

Լեոնարդո դա Վինչին շատ էր գաղտնագրեր օգտագործում, որպեսզի իր մտքերն աստիճանաբար բացվեին՝ մարդկության«զարգացմանը» համընթաց։ Հանճարը գրում էր ձախ ձեռքով ու անհավանական մանր տառերով, ընդ որում՝ աջից դեպի ձախ։ Դա էլ հերիք չէ՝ նա բոլոր տառերը գրում էր հայելային արտացոլանքի տեսքով։ Նա խոսում էր գաղտնիքներով, անդադար մետաֆորիկ կանխագուշակություններ էր անում ու պաշտում էր ռեբուսներ կազմելը։

Լեոնարդոն չէր ստորագրում իր ստեղծագործությունները, բայց դրանց վրա առկա էին հատուկ նշաններ։ Օրինակ՝ եթե ուշադիր ուսումնասիրենք նրա կտավները, ապա կարելի է գտնել խորհրդանշական թռչնակի, որը փորձում է թռչել։ Հավանաբար այսպիսի գաղտնի նշան-հուշումները քիչ չեն եղել, ուստի զարմանալի չէ, որ դարեր անց Լեոնարդոի նորանոր ստեղծագործություններ են ի հայտ գալիս, ինչպես դա եղավ Բենուայի աստվածամոր պարագայում, որը երկար տարիներ իրենց հետ կրում էին ճանապարհորդող դերասանները՝ սովորական սրբապատկերի կարգավիճակում։

Լեոնարդո դա Վինչին հայտնաբերել է ցրվելու սկզբունքը՝ սֆումատոն։ Նրա կտավների վրա իրերը չունեն հստակ սահմաններ. ամեն ինչ, ասես իրական կյանքում, լղոզված է, ներթափանցում է մեկը մյուսի մեջ, այսինքն շնչում է, ապրում է և այդ կերպ՝ բորբոքում է մարդու երևակայությունը։ Շնորհիվ սֆումատոի էֆեկտի, ստեղծվեց Ջակոնդայի հանճարեղ ժպիտը, որը տարբեր ֆոկուսներով նայելիս մերթ քնքուշ ժպիտ է թվում, մերթ ագրեսիվ ծամածռություն։ Մոնա Լիզայի երկրորդ հրաշքը կայանում է նրանում, որ նա «ողջ է». դարերի ընթացքում նրա ժպիտը փոխվում է, իսկ շրթունքների ծայրերը վեր են բարձրանում։

Նույն կերպ էլ հանճարը միախառնում էր տարբեր գիտություններ, ինչի շնորհիվ նրա շատ գյուտեր կիրառություն են գտել նրա կյանքից շատ տարիներ հետո։ Լույսի ու ստվերի մասին նրա տրակտատից են սերում թափանցող ուժի, տատանվող շարժման ու ալիքների տարածման տեսությունները, իսկ նրա հեղինակած 120 գրքերը տարածվել են ամբողջ աշխարհում և աստիճանաբար ի հայտ են գալիս՝ Լեոնարդոի մահանալուց դարեր անց։

Լեոնարդոն երբեք չէր շտապում ավարտին հասցնել իր հերթական գլուծգործոցը, քանզի անավարտությունը կյանքի անպայման որակներից մեկն է, իսկ ավարտը՝ սպանություն։ Նա կարող էր մի քանի դետալ ավելացնել կտավի վրա, հետո օրերով այլ գործերով զբաղվեր՝ Լոմբարդիայի դաշտերը բարեկարգելով, կամ էլ ջրի վրայով քայլելու սարքի էսկիզներն անելով։ Լեոնարդոի գրեթե բոլոր գլուխգործոցները կիսատ են։ Շատերը վնասվել էին կրակի, ջրի, բարբարոսական վերաբերմունքի պատճառով, բայց հանճարը երբեք չէր ռեստավրացնում դրանք։ Վարպետը հատուկ լուծույթ ուներ, որի միջոցով նա արդեն պատրաստի կտավին ավելացնում էր «անավարտության տպավորություն»։ Հավանաբար, այդ կերպ նա տեղ էր թողնում հենց կյանքի ներգրավման ու կյանքի կողմից ուղղումներ անելու համար։

Աննա Գասպարյան