ՓՈՐՁԱՐԿՎՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցել են «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացրել են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը, ով հայտնի դարձավ հուլիսի 18-ին, հնարավորություն ստացավ համալրելու ընկերության աշխատակիցների շարքերը։

2 օգոստոսի 2017

PanARMENIAN.Net — Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ևս տվել է իր արդյունքները։ PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել կարճ ժամանակի ընթացքում:

Էդուարդ Պետրոսյան | 4-րդ կուրս, ապագա ցանցային ադմինիստրատոր.

Ելնելով իմ մասնագիտությունից՝ առավել հետաքրքիր էին տեղեկատվական անվտանգությանն առնչվող թեմաները, ինչպես նաև լոկալ ու ոչ լոկալ ցանցերի ճարտարապետությունը, կառուցումը, կառավարումը։ Տեսական մակարդակով այդ ամենը կարելի է սովորել, սակայն պրակտիկ գիտելիքներն անգնահատելի են։ Իսկ պրակտիկան լավագույնս հնարավոր է կազմակերպել միայն տվյալ ոլորտում աշխատող ընկերությունում։ Այդ հնարավորությունն ինձ տրվեց այս դաընթացներով։

Որքան մեծ է ցանցի ծածկույթը, այնքան բարդ է դառնում դրա մոնիթորինգը։ Դա օֆիսային ներքին ցանց չէ, որ ցանցային ադմինիստրատորն արագ կարողանա գտնել խոտանը, դա շատ ավելի աշխատատար ու խիստ մասնագիտական մոտեցումներ է պահանջում։ Երբ ինքդ քո աչքով ես տեսնում, թե ինչպես է մասնագետը հատուկ ծրագրերի միջոցով մետրերի ճշգրտությամբ հայտնաբերում շեղումները հսկայական ցանցում, հասկանում ես, որ ավտոմատացման հետ մեկտեղ խիստ կարևոր է նաև մարդկային գործոնը։ Առանց մարդու մասնակցության անհնարին կլինի կառավարել նման բարդ համակարգերը։

Դասընթացները նաև անակնկալ մատուցեցին ինձ ոչ մասնագիտական թեմաների առումով։ Օրինակ, մարքեթինգի և PR-ի վերաբերյալ բավականին հագեցած ու հետաքրքիր դասախոսություններ լսեցինք, որոնցից քաղեցի ինձ համար օգտակար տեղեկություններ։ Ես, որպես ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, քաջ գիտակցում եմ այդ բնագավառի ահռելի հեռանկարները։ Ու այն, որ Հայաստանում ոլորտը շարունակական աճ է ապահովում, թույլ է տալիս կարծել, որ ապագայում ինքս իմ տեղը կգտնեմ այդ շուկայում։ Իսկ առանց մարքեթինգի ու PR-ի մասին գիտելիքների դա դժվար իրականանալի կլիներ։

Ներկայումս շատ ՏՏ ընկերություններ սկսվում են գաղափարից։ Հավաքվում են մի քանի էնտուզիաստներ ու նոր գաղափարի շուրջ ձևավորում փոքրիկ ընկերություն՝ աճի մեծ ներուժով։ Որքան նորարարական, օրիգինալ է գաղափարը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կգտնի իր գնորդին։ Բնականաբար, ինքս ունեմ նման գաղափարներ, որոնք շարունակում եմ զարգացնել։ Սակայն դրանք պրակտիկ կյանքի կոչելու լավ հնարավորություն ընձեռեցին դասընթացների շրջանակում անցկացված մրցույթ-խաղերը, որոնց ընթացքում մեր թիմը պետք է ներկայացներ իր ընկերությունը։ Կրկնակի հետաքրքիր էր այն, որ մեր ներկայացրածը «խելացի տան» կանցեպտն էր, ինչը հենց անմիջապես կապված է ՏՏ ոլորտի հետ։ Հույս ունեմ, որ իմ գիտելիքներով կարողացա օգնել մեր թիմին ավելի համոզիչ նախագիծ առաջարկել։ Բացի այդ, ինքս ընթացքում շատ բան սովորեցի։

Դասընթացներում ինձ առավել շատ տպավորել էր հետևյալ միտքը․

Ոչ ոքի համար գաղտնի չէ, որ այսօր արտադրության, ծառայությունների մատուցման ոլորտների զգալի մասը շարժվում է ավտոմատացման ուղղությամբ։ Բնագավառները, որոնցում նախկինում զբաղված էին հազարավոր մարդիկ, այսօր զբաղեցնում են ռոբոտները, որոնք այդ աշխատանքն իրականացնում են շատ ավելի մեծ ճշգրտությամբ ու ավելի արագ։ Ապագայում դա կարող է բերել գործազրկության աճի ամբողջ աշխարհով։ Հետևաբար, ու դա կրթական համակարգի խնդիրն է, արդեն հիմա անհրաժեշտ է տիրապետել մասնագիտությունների, որոնք պահանջում են ստեղծագործական մոտեցում, ոլորտների, որոնցում առանց մարդու մասնակցության անհնար է որևիցե բանի հասնել։ Հակառակ դեպքում ապագայի աշխատաշուկայում դժվար կլինի գտնել սեփական տեղը։