ԻՐԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Armenia Flag

Իրանագետ Արմեն Իսրայելյանն լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցն Իրան այս շրջափուլում շատ կարևոր քայլ էր մի քանի ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, նաև, ըստ նրա՝ անվտանգության բաղադրիչն էր կարևոր։

«Քաղաքական առումով այս այցը կարևոր էր նրա համար, որ Հարավային Կովկասից նախագահի մակարդակով նախագահ Ռուհանիի երդմնակալությանը մասնակցեց միայն Հայաստանը: Սա ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանը հավատարիմ է իր հարևանի հետ որդեգրած քաղաքականությանը և Իրանի նոր կառավարության հետ պատրաստ է խորացնել իր հարաբերությունները, կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք կան երկու երկրների միջև։ Ես կարծում եմ, որ Երևանի այս քաղաքական քայլը կգնահատվի Թեհրանի կողմից»,- ընդգծեց իրանագետը՝ հավելելով, որ իրանական լրատվամիջոցներում Հայաստանի մասին միայն դրական հրապարակումներ եղան։

Տնտեսական առումով, ըստ Իսրայելյանի՝  այցը կարևոր էր նրանով, որ բարձր մակարդակով երկու երկրների ղեկավարները քննարկեցին տնտեսական ոլորտի այն հարցերը, որոնք առաջիկայում պետք է իրագործվեն. «Բազմաթիվ ոլորտների շուրջ քննարկումներ են եղել՝ զբոսաշրջությունից մինչև էներգետիկա։ Մի շարք ոլորտներում մենք կարևոր քայլեր ենք իրականացրել։ Առաջին՝ Հայաստանի կողմից շատ կարևոր քայլ էր Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին որոշումը, որը չափազանց բարձր գնահատվեց Թեհրանի կողմից։ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ շատ մեծ կարևորություն ունի հարևանների հետ առանց վիզային ռեժիմի համակարգ ունենալը։ Սա նպաստեց նաև տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացմանը, և Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետի վերաբերյալ համաձայնությանը»։

Ըստ նրա՝ 2018 թվականից արդեն շահագործման կհանձնվի էլեկտրահաղորդակցման երրորդ գիծը և տնտեսական համագործակցություն կծավալվի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով. «Իրանական կողմի հետ մշտապես պետք է պահենք նաև երկաթգծի շահագործման հարցը»:

Ինչ վերաբերում է անվտանգության բաղադրիչին, ապա իրանագետն ընդգծեց, որ այդ առումով շատ կարևոր էր Իրանի նախագահի հայտարարությունն Արցախի վերաբերյալ. «Իրանի իշխանությունները հավասարակշռված քաղաքականություն են վարում այս հարցում, ինչը շատ կարևոր է, նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Սակայն այս շրջանում նախագահ Սարգսյանի և Ռուհանիի հանդիպման ժամանակ Իրանի նախագահը մի շատ կարևոր շեշտադրում արեց՝ Իրանն այսուհետ ամեն ինչ անելու է, թույլ չի տալու, որ իր տարածքների հարակից շրջաններում ապակայունացում տեղի ունենա։ Խոսքն առաջին հերթին՝ վերաբերում է Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը, որը հատկապես մենք նկատում ենք, որ որոշ դեպքերում նաև Արցախի տարածքում՝ Իրանի և Արցախի սահմանակից շրջաններում է տեղի ունենում»։

Սա, ըստ նրա՝ շատ կարևոր մեսիջ էր, և հաշվի առնելով վերջին շրջանում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Իրանի ներսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, Սիրիայում, Իրաքում անկայուն իրավիճակը՝ Իրանի համար չափազանց զգայուն իրավիճակ է ստեղծվել. «Նախկինում Իրանը կարողանում էր այդ սպառնալիքները չեզոքացնել՝ թույլ չտալով, որ դրանք մուտք գործեն Իրանի տարածք։ Բայց ահաբեկչական գործողություններից հետո Իրանը փոքր ինչ զգաստացավ և վերանայեց իր անվտանգային քաղաքականությունը։ Հիմա Հայաստանի դերը Հարավային Կովկասում ավելի է մեծանալու Իրանի համար»։