22 Սեպտեմբերի 2020թ. 15:07

ՄԵԴԱԼՆԵՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Երեւան: Մեդիամաքս. Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (IMC) Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների թիմերը նվաճել են երկու ոսկե, երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:

ՀՀ ԿԳՆ-ում նշել են, որ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում կայացած օլիմպիադային մասնակցել է աշխարհի 71 համալսարանի թիմ (331 մասնակից):

ԵՊՀ-ն ներկայացրել է 4 մասնակից, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գեւորգյանը եւ Վազգեն Միքայելյանը, արժանացել են ոսկե, իսկ Ավետիք Կարագուլյանը եւ Գեւորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է անհատական եւ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գեւորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է 15-րդ տեղը, իսկ թիմային առաջնությունում Երեւանի պետական համալսարանը՝ 7-րդ տեղը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը եւ Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների:

Օլիմպիադայում Հայաստանի թիմերը ղեկավարել եւ մարզել է Կարեն Քեռյանը, որը թիմի ղեկավարներից ճանաչվել է արդյունավետությամբ 4-րդը:

IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 1994թ.: