18 Սեպտեմբերի 2020թ. 13:39

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Գյուղատնտեսության զարգացման նորաստեղծ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանն այսօր ասել է, որ այն ստեղծվել է որպես կենտրոն, որտեղից պետության եւ մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո կիրականացվի ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարում: «Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտական հենքի վրա մրցունակ եւ արդյունավետ գյուղատնտեսություն ունենալն է, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- նշել է նա:

Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում բարեհաջող ընթացող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության (CARMAC) ծրագրին` հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ եթե ծրագրի առաջին փուլում առանցքային խնդիրը եղել է կոոպերատիվներին անասնապահությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ապա երկրորդ փուլում նախատեսվում է արդեն ստեղծված կոոպերատիվներին հնարավորություն ընձեռել բիզնես կարողությունների զարգացման համար:

Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 119 կոոպերատիվ, որոնց մի մասն արդեն լուրջ արդյունքներ է գրանցել: Oրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մշակված նոր նախաձեռնությունների թվում Գեղամ Գեւորգյանը մատնանշել է ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության ավելի բարձրորակ օրգանական պարարտանյութով փոխարինելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հիմնել օրգանական պարարտանյութի արտադրություն առնվազն 20 հազ. հեկտարի համար:

Կստեղծվի նաեւ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԳՏԿ), ինչը թույլ կտա փոքր եւ միջին ֆերմերներին իրենց հողը մշակել առավել արդյունավետ եւ բարձրացնել բերքատվությունը: Նախատեսվում է իրականացնել նաեւ կերարտադրության զարգացմանն ուղղված ծրագիր:

Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով` նորարարական մոտեցումներ են նախատեսվում նաեւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում: Խորհրդատվությունն իրականացվելու է 3 մեթոդով` խմբային, ծրագրային եւ անհատական: Խորհրդատավական ծառայությունները մատուցվելու են ագրարային ոլորտի տարբեր ուղղություններով` ներառյալ դաշտավարության, այգեգործության, անասնապահության, գյուղատնտեսական տեխնիկայի կիրառում եւ այլն:

Խորհրդատվական համակարգի ձեւավորման նպատակով հայտարարվելու է մրցույթ, որին դիմելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր անձիք:

Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որի արդյունքում տվյալներ ձեռք կբերվեն հողերի առկա հողատեսքերի, դրանց ֆիզիոլոգիական վիճակի, տեղի ունեցող աշխարհագրական գործընթացների վերաբերյալ: