ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԻԹ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

Ռուսական «Տնտեսագիտության ավագ դպրոց» ազգային հետազոտական համալսարանի մշակողները ստեղծել են նեյրոցանց, որն ունակ է տարբերել ու հիշել հոտեր, իսկ հետո իրենց մշակումը տեղադրել են կոմպակտ սարքի մեջ ու պատենտավորել այն։ Օգտատիրոջ գրպանի մեջ դրված «էլեկտրոնային քիթը» կարող է զգալ անգամ գազի դժվար նկատվող հոտը եւ ինքնուրույն դասակարգել այն, հայտնում է Hi-Tech News-ը։

Ժամանակակից գազորսիչ միջոցները սովորաբար կարգավորված են որոշակի գազի հոտ զգալու համար, բայց հաճախ առավել վտանգավոր է լինում տարբեր գազերի խառնուրդը, դրա համար էլ սովորական սարքերն արդյունավետ չեն։ Իսկ էլեկտրոնային քիթն ունակ է առավելագույնս ճշգրտորեն դասակարգել գազերը կամ դրանց խառնուրդը, համեմատելով տվյալների սեփական բազայի հետ։ Մշակողների խոսքով, գրպանում դրվող էլեկտրոնային քիթը կարող է օգտակար լինել տարբեր հանգամանքներում, այդ թվում ահաբեկչությունների ժամանակ գազի արտահոսքը նկատելու համար։ Սարքը կարելի է տեղադրել նաեւ ավիացիոն, տիեզերական սարքավորումների ու անօդաչուների վրա։

Աղբյուրը` news.am