26 Սեպտեմբերի 2020թ. 1:48

ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ. ՍՊԱՌՄԱՆ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Մարդիկ նախընտրում են փոքր, բայց կայուն եկամուտ ունենալ, ուստի գերադասում են խնայած գումարը Հայաստանում ոչ թե գործի մեջ ներդնել, այլ բանկերում որպես ավանդ ձևակերպել, կամ գոնե հետագայի համար պահել հաշիվների տեսքով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը անդրադառնալով armtimes.com-ի հրապարակմանը, ըստ որի հայաստանյան բանկերում ըստ 1.5 մլրդ դոլար գումար կա:

«Հայաստանի քաղաքացիները և տնտեսավարողները չունեն վստահություն ապագայի նկատմամբ, չգիտեն որ ժամանակահատվածում ինչ կարող է տեղի ունենալ, ուստի նախընտրում են գումարը բանկում պահել: Մարդիկ խուսափում են ներդրումներ անելուց, ինչին ականատես ենք լինում նաև բիզնեսմենների մոտ մարդիկ փորձում են գոնե եղածը պահպանել, ինչը պայմանավորված է ոչ միայն վստահության պակասով, այլև սպառման տեմպերի նվազմամբ: Ցանկացած ձեռնարկատիրոջ արտադրանք  պետք է սպառում ունենա: Կա երկու տիպի սպառում ներքին շուկայում և արտաքին՝ արտահանումը: Հայաստանում մարդկանց եկամուտները գնալով նվազում են, արտագաղթի տեմպերն ավելանում»,- ընդգծեց նա:
Մեսրոպ Առաքելյանը նաև նշեց, որ հատկապես փոքր գումարների պարագայում այլընտրանքային ներդրման հնարավորություն չկա, որ կարողան ավելի շատ եկամուտ ունենալ, ավելի քիչ ռիսկի գնալ:

Տնտեսագետը կարծում է, որ առաջիկա տարիներին 3,2 մլրդ դոլարի չափով ներդրումներ ներգրավելու մասին կառավարության խոստումն իրատեսական չէ, այս տարի 830-840 մլն դոլարի նախագծերը ևս չեն կարող իրականացվել:
«Մեկ տարվա աշխատանքի տեմպերը գոհացուցիչ չեն, եթե ուզում ենք ներդրում ունենալ համոզելով չենք կարող, պետք է համապատասխան միջավայր ստեղծել, օրենսդրական դաշտ»,-ընդգծեց նա:

Մեսրոպ Առաքելյանը նաև  ընդգծեց , որ նախորդ տարվա համեմատ տնտեսության մեջ որոշակի քայլեր արվել են, բայց նախորդ տարի տնտեսության վրա ազդեցություն են ունեցել ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հաջորդած գործողությունները, նախընտրական իրավիճակը:

Աղբյուրը` tert.am