ԱՐՑԱԽՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՈՌՈԳՄԱՆ ԿԱԹԻԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ և ԱՀ վարչապետներն Ասկերանի եւ Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների եւ ծխախոտի դաշտերի մշակությանը: Այցի ընթացքում ոռոգման կաթիլային համակարգի առավելությունների եւ առանձնահատկությունների մասին համապարփակ ներկայացմամբ երկու վարչապետների համար հանդես է եկել Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Գեւորգ Վերանյանը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ Արցախի կառավարությունը խրախուսում եւ աջակցում է բոլոր այն տնտեսվարողներին, որոնք ցանկություն ունեն իրենց այգիներում տեղադրել այդ համակարգը: «Թալիշի վերականգնման ծրագիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների հետեւանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար եւ սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլեւս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է ԼՂՀ վարչապետը:

Վարչապետները Մատաղիսում այցելել են նաեւ նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարեւանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին: