ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ…

Խոսրովի արգելոցի հրդեհի մարման գործընթացին ակնդետ հետևող հասարակությունը թեթևացած շունչ քաշեց, բայց այդ դադարն անկասկած չպետք է տևի երկար, և հանրությունն այժմ նույն ակնդետությամբ թերևս պետք է հետևի, թե ինչպիսի ընթացք է ունենում այդ իրավիճակի համար պատասխանատուների, հնարավոր է նաև մեղավորների հայտնաբերման, բացահայտման գործընթացը, նաև ինչպիսի պատասխաններ է տալիս այդ օրերին առաջացած հարցերին իշխանությունը: Այն, որ շոգ ու չորային ամառ 2017-ը առաջացրել էր անտառային հրդեհների մեծ ռիսկ, ոչ միայն միանգամայն տրամաբանելի էր տեղեկատվական դարաշրջանում, այլ դրա մասին նաև եղել են բարձրաձայն զգուշացումներ, այդ թվում իհարկե հենց պաշտոնական կառույցներից: Այդ մեծ ռիսկային հրդեհավտանգ իրողությանը զուգահեռ, Հայաստանում ուշադրության չի արժանացել մեկ այլ վտանգավոր իրավիճակ, որը հնարավոր է պայմանական առումով բնորոշել «սաբոտաժավտանգ» իրավիճակ:

Դա չի գալիս չոր ու շոգ ամառ 2017-ից, դա գալիս է «կառավարություն-2018»-ից կամ «վարչապետ-2018»-ից: Այդ խնդրի առկայությունը Հայաստանի իշխանության համակարգում, պետական կառավարման համակարգում և ընդհանրապես Հայաստանում ստեղծել է «բարձր կարգի սաբոտաժավտանգ» իրադրություն: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի իշխանական համակարգը կանգնած է մեծ վերադասավորումների, վերամոդելավորման, խորքային վերափոխման և պատմական զարգացման նոր փուլ մտնելու իրողության առաջ: Այստեղ հարցը միայն հերթական ցիկլը, երրորդ տասնամյակը չէ, կամ նախագահականից խորհրդարանական կառավարման անցումը, Սերժ Սարգսյանի պլանները և այլն: Հայաստանի իշխող համակարգը սպառել է գործող մոդելով և բնույթով իր ապահով կենսագործունեության ռեսուրսը: Այդ ռեսուրսը երկու տասնամյակն էր, որովհետև Հայաստանը շատ փոքր երկիր է: Քաղաքական կոռեկտությունը պահելու համար չհամեմատենք որևէ այլ երկրի հետ, որտեղ տևական ժամանակ պահպանվում է իշխանական փակ համակարգը:

Հայաստանում չկա այդ փակ համակարգը երկար ժամանակ պահելու ռեսուրս: Ժամանակը սպառվել է և համակարգը հստակ գիտակցելով դա, անխուսափելիորեն գնում է վերամոդելավորման: Դա ենթադրում է, որ մի կողմից բոլորն են հասկանում փոփոխությունների անհրաժեշտությունը, մյուս կողմից հասկանում են նաև դրանից բխող ռիսկերը, ինչից առավելագույնս ապահովագրվելու համար անհրաժեշտ է հնարավորինս մեծ իշխանություն: Իսկ դա նշանակում է ոչ միայն իշխանական լծակների համար պայքար, այլ նաև պայքար ֆինանսատնտեսական լծակների համար, որոնք սերտորեն, չափազանց մեծ աստիճանով փոխկապակցված են քաղաքականությանն ու իշխանության լծակներին: Ըստ այդմ, դա ենթադրում է նաև սեփականության վերաբաշխման, տնտեսական ուժերի հարաբերակցության փոփոխության անկասելի գործընթաց: Դրան զուգահեռ, շատ բան դուրս է Հայաստանի իշխող համակարգի վերահսկողության տիրույթից՝ թե՛ տեխնոլոգիական ազդեցության միջոցների, թե՛ պարզապես քաղաքական զարգացումները թելադրող սուբյեկտների շրջանակի իմաստով: Դա էլ իր հերթին բերում է զգալի շփոթության և ինքնապահպանման բնազդի սրման: Համակարգում ինչ-որ առումով սկսում է նույնիսկ կույր պայքարը, երբ խնդիրների կամ թիրախների շրջանակն այնքան էլ հստակ չէ, ամբողջությամբ տեսանելի չէ և բոլորը փորձում են մարտնչել «համենայնդեպս, լայն դիապազոնով», վերցնելով հարվածների հնարավորինս լայն շրջանակ:

Ըստ էության, բոլորը կասկածում են բոլորին, բոլորը բոլորի դեմ են, միաժամանակ որևէ մեկի համար հստակ պարզ չէ, թե ով ում դեմ է ի վերջո: Այդ իրավիճակում գտնվող սուբյեկտների համար գործիքակազմի, «մրցունակության» կամ «դիմադրունակության» առանցքային տարր է դառնում սաբոտաժի կարողությունը: Իսկ դա իր հերթին անխուսափելիորեն անդրադառնալու է կառավարման արդյունավետության վրա: Եվ եթե, այսպես ասած, «առօրյա» պայմաններում դրա դրսևորումները կամ հետևանքները հանրության համար կամ նկատելի չեն, կամ կարող են լինել թույլ արտահայտված, ապա արտակարգ, արտառոց իրավիճակներում «սաբոտաժավտանգ» իրավիճակից բխող ռիսկերի հետևանքների նկատելիության աստիճանը կտրուկ բարձրանում է: Դրանց վրա իհարկե դաջված կամ կնքված չէ, որ իքս հետևանքն իգրեկ սաբոտաժից է, բայց անկասկած է, որ փոխադարձ անվստահության և բոլորը բոլորի դեմ պայքարում շեշտակիորեն աճում է սաբոտաժի, միմյանց «ոտք դնելու» կամ անհրաժեշտ պահին անհրաժեշտ արագությամբ և օպերատիվությամբ «ձեռք չմեկնելու» ռիսկը:

Եղե՞լ է այդպիսի ռիսկ Խոսրովի արգելոցի շուրջ ստեղծված վիճակում, թե՞ ոչ: Ռիսկ եղել է մեծ հավանականությամբ, քանի որ այդ ռիսկը կա միշտ: Դրսևորվել է, որևէ կերպ իրականություն դարձել է այդ ռիսկը, թե ոչ, ասելն իհարկե շատ դժվար է: Բայց հենց դրա համար է կարևոր, թե հանրությունն ինչպիսի նախանձախնդրությամբ և հետևողականությամբ պահանջատեր կլինի այն հարցերի անաչառ պատասխաններին, որ առաջացրել էր աղետը: Բանն այն է, որ ամռան տապի և չորային կլիմայի հետ կանցնի բարձր կարգի հրդեհավտանգության ռիսկը, բայց բարձր կարգի «սաբոտաժավտանգության» ռիսկը Հայաստանում կպահպանվի առնվազն մինչև 2018 թվականի ապրիլ:

Աղբյուրը` 1in.am