ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ՋՆՋԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1in.am — ին հարցազրույց է տվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանը:

– Պարոն Թոքմաջյան, «Ելք» խմբակցությունը հանդես է եկել Երևանում հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անունները կրող փողոցները ազգային հերոսների անուններով վերանվանելու նախաձեռնությամբ։ Առաջարկվում է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով և այլն։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ:

– Մի քանի օր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը պատասխանեց նմանատիպ առաջարկներ արած անձանց, իհարկե՝ փողոցներին չէր վերաբերում, այլ վերաբերում էր քաղաքական գործիչների հուշարձաններ տեղադրելու խնդրին: Նրա խոսքով՝ եթե մենք այսօրվա ժողովրդավարական չափորոշիչներով նայենք, ապա պետք է Վաշինգտոնի արձանը հանենք, քանի որ նա ստրկատեր էր: Այսինքն՝ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունեցել է իր առանձնահատկությունները:

Բացի այդ, համատարած այսպիսի փոփոխություններ անել, նշանակում է ջնջել սեփական պատմությունը, իսկ այն ազգը, որը հրաժարվում է իր անցյալից, ապագա ունենալ երբեք չի կարող:

Պատմությունը բոլոր ժամանակներում գրվել և գրվում է հատուկ պատվերով, և դեռևս պարզ չէ այս կամ այն գործչի արածների դրական կամ բացասական լինելու անառարկելիությունը: Մասնավորապես, ես, մասնակից լինելով Երրորդ հանրապետության գործընթացներին և առաջին գծում լինելով, տեղյակ լինելով այդ ամենից, կարդում եմ պատմության դասագրքերում այդ հատվածը, և ինձ թվում է՝ ուրիշ երկրի պատմություն է գրված: Այսինքն՝ այնքան էլ ակնհայտ չէ, թե այս պատմությունը որքանով է իրական արտահայտում այս կամ այն դեպքը, և այստեղ սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է:

Հաջորդ խնդիրը վերաբերում է 20-րդ դարի այն հատվածին, երբ նեգատիվ երևույթները ոչ միայն Խորհրդային Միությունում, նրա մաս կազմող Սովետական սոցիալիստական հանրապետությունում էին, այլև ամբողջ աշխարհում: Պետք չէ մոռանալ, որ հենց այդ տարիներին ծաղկում էր ֆաշիզմը Գերմանիայում, Իտալիայում, որոնք շատ ավելի վատ դրսևորումներ ունեին: Մենք պետք է սթափ գնահատենք այն հարյուր միլիոն մարդկանց կորուստները, որ ունեցավ ամբողջ սովետական և համամասնորեն նաև՝ հայ ժողովուրդը: Սա դատապարտելի է: Բայց ճիշտ չէ հանել ընդհանուր կոնտեքստից 20-րդ դարը 14-50-ական թթ., կարծում եմ՝ կխեղաթյուրենք: Կարծում եմ՝ բավական զգույշ պետք է մոտենանք այս խնդրին: Ազգալդյանի փողոցի անվանակոչումը ոչ միայն արդիական է, այլև չի լինի որևէ մեկը, որ կողմ չլինի: Ես կարծում եմ՝ ավելի կենտրոնական փողոցներից մեկը պետք է կոչել Ազգալդյանի անունով: Ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցին, եթե ուրիշ որևէ տարբերակ չլիներ, լիներ Լենինգրադյան, թե Ազգալդյան, ես կքվեարկեմ՝ Ազգալդյան: Եթե հնարավոր է ավելի կենտրոնական և կարևոր փողոց նրա անունով կոչել, շատ ավելի գոհ կլինեմ: Ինչ վերաբերում է Լենինգրադյանին, այս անվանումը կապում են Լենինգրադ քաղաքի անվան հետ, ասում են, որ նման քաղաք այլևս գոյություն չունի: Այսօրվա Սանկտ Պետերբուրգը էապես զիջում է իր գիտամշակութային ուղղություններով: Ինքս Լենինգրադյան դպրոցի ներկայացուցիչ եմ, դոկտորականը ստացել եմ Լենինգրադում, և այն, ինչ ստացել եմ Լենինգրադի դպրոցից, լուրջ արժեքներ են: Այստեղ զուգահեռաբար նշեմ Լենինականը: Այն անվանափոխեցինք Կումայրի, տեսանք չի ստացվում, հիմա՝ Գյումրի: Առաջին հայացքից այն կապված էր Լենինի հետ, բայց ոչ մեկը Լենինական չէր ասում, ասում էր Լեննական: Գուցե «ի» տառը պետք էր հանել, բայց Լեննականը որպես քաղաք արդեն արժեք էր ստեղծել: Լեննականը փոխարկելով՝ մենք հանեցինք պատմության մի ամբողջ մասը: Լենինգրադ բառը շատ ավելի և բոլորովին այլ ընկալում ունի շատերի համար, քան այն, որ այն առաջացել է Լենին բառից: Համամարդկային զարգացման տեսանկյունից Լենինը բացասական և անընդունելի կերպար է: Այսօր կարող ենք քննադատել ամեն ինչ, մարդիկ են խոսում Արցախից, ազատագրական պայքարից, ովքեր որևէ կերպ չեն մասնակցել այդ գործընթացներին: Քննադատելը շատ հեշտ է, բայց երբ դու ես կանգնած խնդրի որոշման առաջ, մտածում ես: Միկոյանների ընտանիքի հետ կապված. ամբողջ ավիացիոն զարգացումը ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային մասշտաբով կապված է դրա երախտավորներից մեկի՝ Միկոյան եղբայրներից Արտեմ Միկոյանի անվան հետ:

– Դավաճանների անուններով փողոցները անվանափոխելու խնդիր չե՞ք տեսնում:

– Ես այդ ապացույցների ապացուցվածության վերաբերյալ լուրջ կասկածներ ունեմ: 90-ականներին մի անգամ արդեն փոխել ենք: Այն, ինչ մենք ապրել ենք, ինչ զգացել ենք, ինչի միջով անցել ենք, լուրջ վերագնահատման խնդիր ունի:

Ինչ վերաբերում է Կասյանին, նրա մասին շատ քիչ բան գիտեմ: Կարդացի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի գնահատականը, հարգում եմ նրան, հավասարակշռված, լուրջ, պրոֆեսիոնալ է: Նրա ներկայացրածը հիմք է տալիս մտածելու՝ արդյոք նա այն անձնավորությո՞ւնն է, որի անունը պետք է ջնջել: Հայրենասիրությունը չպետք է գնահատել հատուկենտ, մակերեսային տվյալներ դիտարկելով:

Ես, որպես Երևանի ավագանու անդամ, շատ կցանկանայի, որ մենք չափը չանցնենք, միևնույն ժամանակ անենք այն, ինչ անհրաժեշտ է:

Աղբյուրը` 1in.am