24 Սեպտեմբերի 2020թ. 2:54

ՆՈՐ ՑԱՎԱԶՐԿՈՂ ԱՌԱՆՑ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ամերիկացի գիտնականները հզոր միջոց են գտել, որը թեթեւացնում է նեյրոպատիկ ցավերը: Հետազոտողների խոսքով՝ այն ավելի արդյունավետ է, քան այսօր օգտագործվող դեղամիջոցները:

Ցավի վրա ներգործող ակտիվ նյութը սինթետիկ միացություն է՝ UKH-1114: Դեռեւս բացարձակապես անհասկանալի է, թե այն հատկապես ինչպես է գործում, սակայն արդեն հայտնի է, որ արդյունավետ ներգործության համար անհրաժեշտ է շատ ավելի փոքր չափաքանակ՝ ներկայիս դեղամիջոցների համեմատությամբ:

ԱՄՆ Օսթինի Թեխասի համալսարանի գիտնականների խոսքով՝ նոր միացությունը ինչ-որ ձեւով կապվում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջների ռեցեպտորների հետ, այսպես կոչված՝ Սիգմա-2 ռեցեպտորների հետ: Սա առաջին հետազոտությունն է, որը հայտնաբերել է նեյրոպատիկ ցավերի բուժման համար Սիգմա-2-ի թիրախ լինելու հատկությունը:

Հետազոտողները նշում են, որ նոր դեղի արդյունավետ չափաքանակը կազմում է սովորական դեղամիջոցների մեկ վեցերորդ մասը, իսկ նրա ազդեցությունը տեւում է 2 օր, մինչդեռ ստանդարտ դեղամիջոցները ցավը հանգստացնում են 4-6 ժամից ոչ ավելի: Դեղն արդեն փորձել են վնասվածք ստացած մկների նեյրոպատիկ ցավերը մեղմելու համար, հիմա գիտնականները մտադիր են փորձեր սկսել կամավորների մասնակցությամբ:

Դրական արդյունքների դեպքում այս հայտնագործությունը առանցքային դերակատարում կունենա առողջապահության ոլորտում այսօրվա դրությամբ կարեւորագույն խնդիրներից մեկի՝ առանց ափիոնիդների կիրառման ցավերը մեղմելու խնդրի լուծման համար, որոնք վարժվածություն են առաջացնում: