26 Սեպտեմբերի 2020թ. 1:59

ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՏԵՂԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԵՏ

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները պետք է Չինաստանի հետ պայմանավորվեն թվային տնտեսության չափանիշները համատեղելու շուրջ։ Աստանայում, «Եվրասիական ֆորում»-ում իր ելույթի ժամանակ նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Այսօր արդեն ակնհայտ է, որ Չինաստանի հետ մենք պետք է խոսենք թվային համատեղելիության մասին, քանի որ ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի տարանցումը իրականացվում է թվային հարթակների հիման վրա»,-ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Չինաստանը Եվրամիության հետ արդեն բանակցություններ է սկսել թվային ստանդարտները համատեղելու շուրջ։ «Եթե նրանք չպայմանավորվեն, «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման ճանապարհին դա մեծ խոչընդոտ կլինի։ Նույնն է նաեւ մեզ համար՝ եթե մենք Չինաստանի հետ չպայմանավորվենք թվային տնտեսության ստանդարտների շուրջ, ապա դա շատ լուրջ խոչընդոտ կինի օրակարգի իրականացման հարցում, ներառյալ՝ առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորացումը»,-կարծում է ԵՏՀ-ի նախագահը։

Սարգսյանը նշել է, որ ԵվրԱզԵՍ-ի երկրները պետք է համակարգեն տնտեսության մեջ իրենց թվային օրակարգերը։ «Հարց է ծագում՝ եթե յուրաքանչյուր երկիր իրականացնի իր թվային օրակարգը, արդյոք դա ապագայում խոչընդոտների առաջացման չի՞ հանգեցնի։ Դա նշանակում է, որ նախապես պետք է պայմանավորվենք, թե ինչպե՞ս պետք է համաձայնեցնենք մեր թվային օրակարգերը, ինչպիսի՞ ստանդարտներ կիրառենք։ Պետք է նկատի ունենալ նաեւ թվային օրակարգերի՝ փոխադարձ համատեղելիություն ապահովելու հարցը»,-ընդգծել է նա։

Նրա կարծիքով՝ եթե ԵՏՄ երկրներն այդ հարցը չհամակարգեն, ապա ընդհանուր շուկաների ձեւավորման պարագայում նոր խոչընդոտներ կառաջանան, եւ նման պայմաններում բիզնեսի համար դժվար կլինի աշխատել։

Աղբյուրը` news.am