ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այսօր ստորագրել են համատեղ հայտարարություն՝ պարտավորվելով ավելի խորացնել երկկողմանի հարաբերությունները, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով:

Կողմերը շահագրգռվածություն են հայտնել տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման և տվյալ ոլորտում առկա ներուժի իրացման հարցում։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, էներգետիկայի, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, ոսկերչության, թեթև և վերամշակման արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

«Մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև մեր առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները: Հուսով ենք, որ այսօրվա պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը», — նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հույս է հայտնել, որ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առևտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը և նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին:

«Մենք անդրադարձել ենք նաև համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Պայմանավորվեցինք հետագայում ևս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում: Որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Հուսով ենք, որ թուրքմեն գործընկերները կմասնակցեն Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը», — ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահները ընդգծել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ազգային մասերի առջև դրված խնդիրների կատարման կարևորությունը։ Նրանք հանդես են եկել հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման օգտին՝ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործունեությունն ընդլայնելու նպատակով։ Նշված ուղղություններով նախաձեռնություններն իրականացնելու նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն 2018 թվականի առաջին կիսամյակում Աշխաբադում Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստն անցկացնելու վերաբերյալ։

Նախագահները պատրաստակամություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում և Թուրքմենստանում փոխադարձաբար անցկացնելու ազգային ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ և այլ միջոցառումներ՝ երկու պետությունների գործարար շրջանակների մասնակցությամբ։