Արցախյան տնտեսության մեջ շուրջ 90-ամյա պատմություն ունեցող էներգետիկան զարգացման դժվարին ճանապարհ է անցել, սակայն այնուամենայնիվ հաջողվել է ունենալ կայուն էներգետիկ համակարգ, որի հիմքի վրա 2005թ. ստեղծվել է «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ն, իսկ վերջինիս վերակազմակերպման արդյունքում 2007թ.-ին նաև «ԱՐՑԱԽՀԷԿ» ՓԲԸ-ն:
Արցախի էլեկտրաէներգետիկ համակարգը բաղկացած է շուրջ 106.4 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ 16 հիդրոէլեկտրակայաններից (50.0 ՄՎտ պատկանում է Սարսանգ ՀԷԿ-ին, իսկ մնացյալ 56.4 ՄՎտ` 15 փոքր ՀԷԿ-երին), շուրջ 2237կմ երկարությամբ 10Կվ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերից և 1592.2կմ երկարությամբ 0.4Կվ լարման էլեկտրահաղորդման գծերից:
Սարսանգի հիդրոկայանը Արցախի տարածքում ամենահզորն է և հանդիսանում է հանրապետության հուսալի և անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման հիմքը` ապահովելով հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը: 2018թ.-ից նախատեսվում է Մարտունու շրջանում կառուցել 55 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան: Ստորև ներկայացված են 2007-2016թթ. ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման ծավալները: Այսպես, 2008-2009թթ. արտադրության ծավալների աճը պայմանավորված էր հիմնականում Սարսանգ ՀԷԿ-ի շահագործմամբ: Չնայած 2010թ. շահագործման է հանձնվել նաև Թրղի-1 ՓՀԷԿ-ը, սակայն Սարսանգ ՀԷԿ-ի արտադրության ծավալների նվազման պատճառով ընդհանուր արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 21%-ով, 2011թ.-ից շահագործման են հանձնվել Թրղի-2 ՓՀԷԿ-ը, իսկ 2012թ.-ից` Մատաղիս-1 և Մատաղիս-2 ՓՀԷԿ-երը` ընդհանուր արտադրության ծավալները ավելացնելով շուրջ 43%-ով: 2013-2014թթ. էլեկտրաէներգիայի արտադրությանը շարունակել են մասնակցել վերը նշված 5 ՀԷԿ-երը, իսկ ընդհանուր արտադրության ծավալները ավելացել են Սարսանգ ՀԷԿ-ի արտադրության ծավալների աճով:
2015թ.-ից շահագործվեց Թրղի-3 ՓՀԷԿ-ը, սակայն Սարսանգ ՀԷԿ-ի արտադրության ծավալների նվազումը բացասական անդրադարձավ ընդհանուր ծավալի վրա` այն կրճատելով գրեթե 2%-ով. դիտարկվող ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության ու սպառման ամենաբարձր ծավալները գրանցվել են 2016թ.-ին: Ինչպես երևում է հաջորդ երկու գրաֆիկներից, 2016թ.-ը առանձնանում է ոչ միայն 1 շնչի հաշվով արտադրված էլեկտրաէներգիայի ամենաբարձր ծավալներով, այլև էլեկտրաէներգիայի սպառման կառուցվածքում սեփական արտադրության ունեցած ամենամեծ մասնաբաժնով, ինչը վկայում է ոլորտում արձանագրված առաջընթացի և էլեկտրաէնեգիայի արտահանման համար առկա խոշոր ներուժի մասին:
Ինչ վերաբերում է կիսամյակային ցուցանիշներին, ապա 2012-2017թթ. կտրվածքով էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման ամենաբարձր ցուցանիշները նկատվել են 2017թ. 1-ին կիսամյակում: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում Արցախում արտադրվել է 184.9 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.87%-ով կամ 16.6 մլն ԿՎտ/ժ-ով: 2017թ. հունվար-հունիս ամիսներին երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 166.8 մլն ԿՎտժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.47%-ով կամ 19.8 մլն ԿՎտժ-ով: Ընդ որում, միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ` Ջերմաջուր (10.3 ՄՎտ հզորությամբ) և Վիկինգ (1.8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ-երը:
Ներկայումս հանրապետությունում ընթանում են ևս 10 փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը նախատեսվում է շուրջ 263 մլն ԿՎտ/ժ: Նշենք, որ Թրղի-1 ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցից վերև կառուցվում է Թրղի-4 ՓՀԷԿ-ը 0.76 ՄՎտ հզորությամբ ու 3.46 մլն ԿՎտ/ժ միջին տարեկան արտադրանքի հնարավորությամբ, որի գործարկումից հետո Թրղի-1,2,3 ՓՀԷԿ-երում լրացուցիչ նախատեսվում է արտադրել տարեկան 11.94 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ընթացքավորված է նաև Լեվ-1 ՓՀԷԿ-ի շինարարությունը` 7.0 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 37.0 մլն ԿՎտ/ժ միջին տարեկան արտադրանքի հնարավորությամբ:
Հաշվի առնելով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող սակագնի կայունության անհրաժեշտությունը և դրա ազդեցությունը բնակչության սոցիալական վիճակի վրա` ԼՂՀ կառավարությունը մասնակիորեն սուբսիդավորում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները (1 ԿՎտ/ժ դիմաց 49 դր փոխարեն վճարվում է 25 դր, տարբերությունը սուբսիդավորվում է):
Կարևորելով էներգետիկայի բնագավառի շղթայական ազդեցությունը տնտեսության բոլոր ոլորտների և բնակչության կենսամակարդակի վրա, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրաէներգիայի համաշխարհային սպառման ներկայիս մակարդակն (18603 ՏՎտԺ էլեկտրաէներգիա) ու մինչև դարավերջ կանխատեսվող էլեկտրաէներգիայի պահանջարկի կտրուկ ավելացումը (մոտ 3 անգամ)` սոցիալ-տնտեսական զարգացման գործում կարևոր է հատկապես վերականգնվող էներգետիկայի զարգացման` արևային ֆոտովոլտայիկ կայանների և հողմակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության դերը: Ոլորտում բավականին նոր ու հեռանկարային այս ուղղությունը կարծում ենք կնպաստի շրջակա միջավայր արտանետումների ծավալի կրճատմանը, այլ տեսակի էներգակիրներից կախվածության նվազմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը` կապված կայանների կառուցման, սպասարկման ու գործառնությունների իրականացման հետ: Միևնույն ժամանակ ոլորտի զարգացման համար խոչընդոտներ կարող են հանդիսանալ գոյություն ունեցող տեխնիկական և տնտեսական խնդիրները` ցանցերին կայանների միացման և եղանակային պայմաններից կախվածությամբ պայմանավորված կանխատեսելիության ցածր մակարդակի հետ կապված: Այդուհանդերձ, քանի որ Արցախում «այլընտրանքային էներգիա» հասկացությունը դեռևս նոր է շրջանառվում և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկված չեն, դժվար է ապագայի մասին հստակ խոսել, բայց այն, որ տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործումը ամուր հիմք կհանդիսանա Արցախի տնտեսության կայուն զարգացման համար, անհերքելի է:
Աղբյուր` Panorama.am