ԴԱՐՎԻՆԻԶՄԸ ԵՎ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Ավստրալացի գիտնականները հերքել են ծովային կաթնասունների էվոլյուցիայի վերաբերյալ պատկերացումը, որը հիմնվում էր Դարվինի ենթադրության վրա: Այս հիպոթեզի համաձայն՝ հնագույն կետերի ատամները նույն գործառույթն են կատարել, ինչ ժամանակակից կետակերպների բեղերը, սակայն նոր տվյալները ցույց են տվել, որ առաջինները հարմարեցված չէին ջուրը ֆիլտրելու եւ անողնաշավորներ որսալու համար, հայտնում է Biology Letters ամսագիրը:

Չարլզ Դարվինը ենթադրում էր, որ կետի բեղը, որը ծառայում էր ֆիլտրմանը եւ մանր օրգանիզմների որսին, կարող էր աստիճանաբար էվոլյուցիայի ենթարկվել եղջերասկավառակներից: Նման փոխակերպումը կատարվում էր «մանր աստիճանական քայլերով», որոնցից յուրաքանչյուրը պետք է օգտակար լիներ ծովային կաթնասունների համար: Ժամանակակից տվյալների համաձայն՝ բեղավոր կետերի նախահայրերն են եղել ատամնավոր կետակերպները: Այսպիսով, Դարվինի ենթադրության վրա հենվելով՝ որոշ մասնագետներ համարում էին, որ բեղերն աստիճանաբար են կազմավորվել, միայն թե ոչ թե սկավառակներից, այլ ատամներից:

Հետազոտողները կատարել են նախապատմական կետի ատամի դետալային 3D մոդելավորում, որի մնացորդները 2016 թվականին հայտնաբերվել են Ավստրալիայի Տորկա քաղաքի ափի ժայռապարներում: Գտածոն պատկանում էր բեղավոր կետակերպներից Janjucetus hunderi-ի նախահորը, որն ապրել է օլիգոցենի դարաշրջանում՝ 23-28 մլն տարի առաջ: Այս կենդանին բարակ ատամներ է ունեցել, որոնք, որոշ մասնագետների կարծիքով, կարող էին ջուրը ֆիլտրել: Այսպիսով, կաթնասունը կարող էր հնագույն կենդանիների, որոնք խոշոր կենդանիներ են  որսացել, եւ ժամանակակիցների, որոնք ծովային անողնաշավորների են որսում, միջեւ անցումային ձեւ լինել:

Գիտնականները ստացած մոդելը համեմատել են ներկայումս ապրող գիշատիչների, որոնք ատամներն օգտագործում են ֆիլտրացիայի համար (ծովառյուծ եւ խեցգետնակեր փոկ), ինչպես նաեւ սովորական ցամաքային կենդանիների (դինգո շուն) եւ անհետացած ծովային գիշատիչների (սկվալոդոն) հետ: Պարզվել է, որ Janjucetus hunderi-ի ատամները սուր են եղել եւ համապատասխանել են  փորոտիքը պատառոտելու համար, այլ ոչ թե պլանկտոնին հեռացնելու: Այսինքն՝ դրանք չէին կարող կատարել ֆիլտրացիայի գործառույթ:

Հետազոտողների եզրակացությունները չեն հերքում էվոլյուցիայի տեսությունը որպես կենդանի բնության զարգացման գիտելիքների համակարգ, այլ միայն վկայում են դարվինյան կոնկրետ հիպոթեզի սխալ լինելը, որը վերաբերել է եղջերասկավառակների աստիճանական հայտնվելուն: Գիտնականների խոսքով՝ կետի բեղի կազմավորումը տեղի չի ունեցել սահուն եւ չէր կարող ընթանալ առանց ատամների կորստի եւ հաջորդող միանգամայն նոր կառույցի ստեղծման:

Աղբյուրը՝ news.am