ԼՅՈՒԹԵՐ ՋՈՐՋ ՍԻՄՋՅԱՆԸ …

Բանկոմատներն այսօր դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, սակայն քչերը գիտեն, որ այդ գյուտի հեղինակն է ծագումով հայ ամերիկացի Լյութեր Ջորջ Սիմջյանը:

Առաջին բանկոմատը գիտնական Սիմջյանը ստեղծել է 1939 թվականին և առաջարկել City Bank of New York բանկին, որը կես տարի անց վերադարձրել է մեքենան՝ չգնահատելով սարքի հնարավորությունները:

Միակ բանը, որը Սիմջյանի ստեղծած բնօրինակը տարբերում է ժամանակակից սարքերից, այն է, որ բանկոմատը տրամադրում էր կանխիկ գումար, սակայն այն դուրս չէր գրում հաշվեհամարից, քանի որ կապված չէր բանկի հետ:

«Թվում է՝ բանկոմատներից օգտվում են միայն թղթախաղ խաղացողներն ու մարմնավաճառները, որոնք չեն ցանկանում անձամբ տեսնել գանձապահին: Բանկում ասացին, որ այդ մարդկանց թիվը բավականաչափ չէ, որպեսզի բանկոմատները շահութաբեր լինեն»,- իր բանկոմատի առաջին քայլերը նկարագրել է անձամբ Սիմջյանը:

Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է 1905 թվականին Այնթափում: Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել է իր ողջ ընտանիքին: Տեղափոխվում է Բեյրութ, այնուհետ Մարսել։ 1920թ. արտագաղթում է ԱՄՆ: 15 տարեկանից աշխատում է որպես լուսանկարիչ։ Յեյլի բժշկական դպրոցի (Yale School of Medicine) լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը։ 1928 թվականին դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրենը և ստեղծում մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը։

ԱՄՆ-ում մի քանի գյուտի հեղինակ է: Ավելի քան 200 արտոնագրի հեղինակ է: Ընդ որում՝ Սիմիջյանն արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Բանկոմատի ներդրման երկրորդ՝ ավելի հաջող փորձը պատկանում է շոտլանդացի Ջոն Շեփարդ-Բարոնին, որը 1967թ., ոգևորված շոկոլադի վաճառքի ավտոմատի աշխատանքից, ստեղծեց նոր բանկոմատ: Այն դրամական միջոցները տալիս էր չեքի դիմաց, որն անհրաժեշտ էր նախապես ստանալ բանկում:

Աղբյուրը՝ 168.am