ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արևիկ Անափիոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները։

«Հանրակրթության ոլորտի ամենակարևոր խնդիրներից մեկը սոցիալական արդարության և համաչափ զարգացման խնդիրներն են։ Ունենք շատ լուրջ խնդիրներ միջավայրի, դպրոցների հագեցվածության, ջրամատակարարման, ջեռուցման հետ կապված։ Այսօր, անցնելով 12-ամյա պարտադիր կրթությանը, շատ քիչ համայնքներում է, որ կան ավագ դպրոցներ։ Իհարկե, բացատրությունն այն է, որ, եթե չկա ավագ դպրոց, ապա կա միջնակարգ դպրոց, և չնայած՝ կան քիչ թվով համայնքներ, որտեղ ոչ մեկը կա, ոչ մյուսը, բայց եթե ծանոթ ենք, ապա գիտենք, որ ավագ և միջնակարգ դպրոցների ծրագրերը տարբերվում են, ինչը նույնպես խնդիր է՝ համաչափ զարգացման տեսանկյունից»,- ասաց բանախոսը։

Նա խոսեց նաև գերազանցության կենտրոնների խնդրի մասին.

«Մեր պետությունն այսօր ֆինանսավորում է գերազանցության կենտրոնների ստեղծումն ու առաջխաղացումը, որտեղ փորձագիտական հանրությունը շատ լուրջ խնդիր է տեսնում՝ համայնքների բևեռացման առումով։ Չնայած՝ փաստ է, որ դա չի լինելու Երևանում, սակայն, միևնույն է՝ բևեռացումը կլինի հենց համայնքի ներսում։ Եվ այն մոտեցումը, որ կա նախագծի հիմքում կանգնած մարդկանց մոտ, որ՝ շոգեքարշի ձևով դրանք կքաշեն, փորձը ցույց է տալիս, որ այդ մոտեցումն իրենց սպառել է»։

Արևիկ Անափիոսյանը նկատեց՝ այսօր պետությունն անցնում է համընդհանուր ներառականության, բայց դրա հետ առնչվող խնդիրները չեն լուծվում.

«Մենք գիտենք, որ շատ ընտանիքներ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ սոցիալական խնդիրներից ու կարիքից դրդված, և իրականում իր գաղափարախոսությամբ ներառական կրթությունը պետք է միտված լինի երեխաների այդ կարիքների գնահատմանը և դրանց բավարարմանը»։

Մյուս խնդիրը, ըստ մասնագետի՝ դպրոցների քաղաքականացվածության և կուսակցականացվածության խնդիրն է.

«Սրա մասին շատ է խոսվել, և ընտրությունների նախօրեին տեսանք, թե ինչպես են կարողանում այդ գործիքներն օգտագործել։ Խնդիրը ոչ թե մեկ կամ երկու կուսակցության կողմից այդ լծակների օգտագործումն է, այլ այն, որ մենք ունենք այդպիսի մշակույթ, որը կարող է փոխանցվել, եթե լինի իշխանության սերնդափոխություն։ Շատ կարևոր է նաև դպրոցների խորհուրդների խնդիրը, օրինակ՝ թե տնօրենն ում հետ է կնքել աշխատանքի պայմանագիրը, և նաև՝ կադրային քաղաքականությունը դպրոցներում։ Թափանցիկության ապահովման խնդիր ունենք կադրային քաղաքականության մեջ»։

Ինչ վերաբերում է լուծումներին, նա ասաց, որ, օրինակ՝ ներառականության հետ կապված մի շարք լուծումներ են առաջարկում.

«Դրանցից մեկն այն է, որ հստակ համագործակցություն սահմանվի Առողջապահության նախարարության,  Սոցիալական հարցերի նախարարության  և ԿԳՆ-ի միջև։ Ներառական կրթության իրականացումը լայն առումով, որով նաև կկարողանանք սոցիալական արդարության հարցերին մասամբ անդրադառնալ, ենթադրում է համագործակցություն այդ նախարարությունների միջև»։

Նա ընդգծեց՝ այսօր նախարարությունը ծրագիր է իրականացնում, որով փորձելու են հայտնաբերել դպրոցից դուրս մնացած երեխաներին, փորձելու են նրանց կարիքը գնահատել, և ըստ կարիքի՝ նաև սոցիալական աջակցություն տրամադրել.

«Սա կարող  է միջգերատեսչական համագործակցության հետ միասին՝ ինչ-որ չափով նպաստել, որպեսզի սոցիալապես անապահով երեխաների, կրթությունից տարբեր այլ պատճառներով դուրս մնացած երեխաների կրթության հարցը լուծվի, նրանց կրթության իրավունքի իրացումն ինչ-որ ձևով ապահովվի»։

Բարձրագույն կրթության ոլորտի կարևոր խնդիրներն առանձնացնելով՝ նա նշեց, որ խնդիրներից մեկը նորից կրթության քաղաքականացվածությունն է, որը, ըստ նրա՝ իր արտացոլումն է տեսնում նաև՝ որպես ակադեմիական ազատության մի մաս.

«Դա երևում է մանիֆեստացիաների տեսքով, օրինակ՝ հասարակական գիտությունների ոլորտում թեզերի պաշտպանության թույլատրելի և անթույլատրելի սահմանները գծելու առումով։ Մյուս խնդիրը բարեվարքությունն է․ ամեն ինչ կարող ենք բարեվարքություն անվանել, բայց եթե երկու շատ կարևոր խնդիրները նշեմ, ապա մեկը կապված է ակադեմիական ազնվության հետ, որի մեջ նաև մեզ բոլորիս շատ անհանգստացնող գրագողության խնդիրներն են։ Մյուսն էլ կրթության որակի հետ կապված խնդիրն է, որի արդյունքում մենք կարողանում ենք բարձրագույն կրթության վաճառք ապահովել՝ դիպլոմների տեսքով»։

Ռազմիկ Մարտիրոսյան

Աղբյուրը՝ 168.am