3 Հոկտեմբերի 2023թ. 3:42

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ …

Մի քանի օր առաջ՝ Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրը, գրող Տատյանա Տոլստայան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր մի լուսանկարը՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «Այսօր Սերգեյ Դովլաթովի ծնունդն է: 76 տարեկան կդառնար: Իսկ լուսանկարում՝ 47 է: Լիսաբոն է, գրողների կոնֆերանսում: Նստած ենք նստարանին, մեջքով դեպի մեզ` գրողներ Հրանտ Մաթեւոսյանը (հոռետես տղան) եւ Անատոլի Կիմը (լավատես տղան)»:

Տատյանա Տոլստայան պարզաբանել էր, որ լուսանկարն արվել է 1988 թվականին:

Նկարի մեկնաբանություններում Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթը, գրել էր, որ դրա հեղինակը գրաքննադատ Լեւ Աննինսկին է: Դավիթը հիշեցրել էր, որ Աննինսկին ժամանակին գրել է «Լիսաբոնյան մտքաշարժը» էսսեն, որը պատմում է այդ կոնֆերանսի մասին:
Դավիթ Մաթեւոսյանը նաեւ հրապարակել էր լուսանկար, որում պատկերված են Լեւ Աննինսկին, Անատոլի Կիմը, Իոսիֆ Բրոդսկին եւ Հրանտ Մաթեւոսյանը, իսկ Տատյանա Տոլստայան գրել էր հետեւյալը՝ «Պետք է ասել, որ Բրոդսկին բռնել էր Ձեր հայրիկին եւ նույնիսկ մի քայլ այլ կողմ չէր գնում: Նույնիսկ սեղանի շուրջ խանգարում էր ուտել: Եվ բարձրաձայն հիանում էր: Իսկ Ձեր հայրը ամաչում էր եւ մի տեսակ չէր հասկանում, ինչ անել»: