ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

Պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է՝ ԱԺ դահլիճ բերելով Արցախի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը: Այնուհետև օրենքով սահմանված կարգով Նախագահ Բակո Սահակյանը երդում է տվել ժողովրդին. «Ստանձնելով ԱՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությանն օրհնության կարգ է կատարել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այնուհետև՝ շնորհավորանքի խոսք հղել Բակո Սահակյանին: «Դուք ղեկավարում և պիտի ղեկավարեք հերոսական ժողովրդի։ Օրհնյալ լինի Ձեր ընտրությունը, օրհնյալ լինի Ձեր առաջնորդությունը ամբողջ հայոց աշխարհի համար, հատկապես պատմական Արցախի համար։ Տա Աստված, որ Ձեր առաջնորդությամբ մենք ավելի ու ավելի հասնենք մեր ազգային իղձերի և երազների իրականացմանը։ Թող Աստծո աջը միշտ Ձեզ հետ լինի»,- ասել է Արցախի հոգևոր առաջնորդը։

Շնորհակալություն հայտնելով հատուկ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ հուլիսի 19-ին ԱԺ կողմից հրավիրված հատուկ նիստի ժամանակ ինքը ելույթ ունենալով՝ իբրև նախագահի թեկնածու, ներկայացրել էր իր և իր թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերի տեսակետները, մոտեցումները՝ Արցախի անվտանգության ապահովման, քաղաքացիների բարեկեցության աստիճանի բարձրացման ուղղությամբ: «Այդ ելույթում մանրամասն անդրադարձել եմ բանակաշինությանը, մեր զինված ուժերի մարտական ոգու և պատրաստվածության հետևողական բարձրացմանը, զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը: Հատուկ ուշադրության եմ արժանացրել ժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր կողմից ապագայում իրականացվելիք աշխատանքները: Մատնանշել եմ այն աշխատանքները, որոնք մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ոլորտներում: Ներկայացրել եմ, թե ապագայում ինչպիսին է լինելու պետության քաղաքականությունը: Առանձնահատուկ նշել եմ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կրթական համակարգի, մշակութային ոլորտի, զբոսաշրջության, սպորտի, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և հասարակական կյանքի ձևավորմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Այսօր ձեր ներկայությամբ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ մենք ձեզ հետ միասին ունակ ենք գիտակցված, հետևողական աշխատանքներ իրականացնել՝ նշվածս ծրագրերը և առաջադրանքները կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասել է Բակո Սահակյանը և հավելել, որ Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին, այլ՝ համայն հայությանը, և ապագայում նույնպես ամեն ինչ արվելու է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար։

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ԱՀ նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը յուրատեսակ ամփոփումն է այն գործընթացների, որոնք սկիզբ են առել ԱՀ նոր Սահմանադրության ընդունմամբ: «Այսօրվա հանդիսավոր միջոցառմամբ միաժամանակ քաղաքական նոր փուլի մեկնարկ է տրվում մեր երկրում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է՝ առկա իրողությունների հաշվառմամբ»,- նշել է Ա. Ղուլյանը:

ԱԺ հատուկ նիստին ներկա էին ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և Կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների նախագահները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու հանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանային վարչակազմերի ղեկավարները, Արցախի քաղաքական կուսակցությունների պատասխանատուներ, արցախյան շարժման առաջամարտիկներ ու հանրային գործիչներ:

Աղբյուրը` artsakhpress.am