Երեւան: Մեդիամաքս: Մ.թ. ա. 18-րդ դարի դամբարան է բացվել «Զորաց քարեր» հնագիտական հուշարձանի այն հատվածում, որը, ըստ որոշ պնդումների աստղադիտարան է եղել:
Այս մասին այսօր հայտնել է արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:
Մասնագետները 50 հա տարածքով հնավայրի պեղումները սկսել են վիճահարույց համարվող կենտրոնական դամբարանից: 18 մ տրամագծով կառույցն ունի դեպի դամբարանախուց տանող ստորգետնյա ճանապարհ: 7 մ երկարությամբ եւ 3 մ լայնությամբ դամբարանախցից պեղվել է 2.5 մ-ը: Այստեղ թաղումներ են կատարվել տարբեր շրջափուլերում՝ ուշ բրոնզի դարում, երկաթի դարում, ապա՝ անտիկ շրջանում: Դամբարանը թալանվել է, ինչի արդյունքում խաթարվել են հնագիտական շերտերը եւ խառնվել պահպանված նյութերը:
Ամենահին գտածոն մ.թ. ա. 18-17 դդ. գունավոր խեցեղենի բեկորներն են:
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ՝ 4-5 մեծ արկղ խեցեղենի բեկորներ, 5 արկղ տարբեր կենդանիների՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների, թռչունների ոսկորներ: Հայտնաբերվել է նաեւ մետաղական նյութ՝ 5 երկաթե փոքր նիզակ, երկաթե կեռ դանակ, 10-ից ավելի բրոնզե ապարանջաններ, մատանիներ եւ ականջօղներ, նաեւ սարդիոնից եւ թրծված կավից պատրաստված ջնարակապատ ուլունքահատիկներ: Պեղվել են նաեւ մարդկային մնացորդներ:
«Կարելի է նախնական եզրակացություն անել, որ դամբարանը պատկանել է սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող անձնավորության: Թաղումը հավանաբար կատարվել է ուշ բրոնզի կամ վաղ երկաթի շրջափուլում: Հավանաբար մարդկային եւ կենդանական զոհաբերություններ են կատարվել, եղել են ազնիվ մետաղներից պատրաստված առարկաներ, որոնք չեն պահպանվել: Թալանվելուց հետո դամբարանը չի օգտագործվել: Հավանաբար մ.թ. 12-13-րդ դարերում՝ սելջուկների կամ մոնղոլների հարստահարություններից փրկվելու համար նման մեծ դամբարանները օգտագործվել են որպես թաքստոցներ շրջակա բնակավայրերի բնակիչների համար:
Այս մասին են վկայում խառնված նյութերի վերին շերտում հայտնաբերված 12-13-րդ դդ. խեցեղենի բեկորներ, հատկապես՝ Դվինին եւ Անիին բնորոշ ապակե ապարանջանի մասեր»,- ասել է Աշոտ Փիլիպոսյանը:
Նա նաեւ անդրադարձել է ակադեմիկոս Պարիս Հերունու պնդմանը, թե «Զորաց քարեր»-ի տեղում 7500 տարվա աստղադիտարան է եղել: Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ տարածքում չեն հայտնաբերվել աստղադիտարանի գոյության մասին վկայող նմուշներ, իսկ ամենահին գտածոն մոտ 4000 տարվա պատմություն ունի: Բացի այդ արշավախումբը բացել է ուղղահայաց ձգվող անցքավոր քարերի այն հատվածը, որտեղ պատի հետքեր էին երեւում: Քարերի տակ հայտնաբերվել են մոտ 3 մ հաստությամբ եւ 1.5 մ բարձրությամբ պատեր:
Ըստ արշավախմբի ղեկավարի՝ դրանք հարձակումներից պաշտպանող պատնեշներ են եղել:
Այդ քարերը, ըստ Փիլիպոսյանի, թալանված դամբարանների ծածկասալերն են, որոնց վրա ծակեր են արել եւ պարան անցկացնելով՝ տեղափոխել պաշտպանական համակարգեր կառուցելու համար:
Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացող պեղումները կշարունակվեն հոկտեմբերին: