Տեղի է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը, նվիրված Երևանում սեպտեմբերի 18-20-ն անցկացվելիք 6-րդ «Հայաստան-Սփյուռք» ֆորումին, որը տեղի կունենա «փոխվստահություն, միություն և պատասխանատվություն» կարգախոսով:
Ողջունելով լրագրողներին, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ իր գերատեսչության կողմից կազմակերպվող ֆորումը յուրատեսակ ընդարձակ հարթակ է, որը նպաստում է ազգային պոտենցիալի ամբողջացմանն ու արդյունավետ կիրառմանը:
Այս ֆորումի առանձնահատկություններից կլինի այն, որ առաջին անգամ կառանձնացվի 4 հիմնական ուղղություն, որոնց կազմակերպման համար ընտրվել են համապատասխան գերատեսչություններ՝ Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ինչպես նաև Սփյուռքի նախարարությունները:
Ֆորումի արդյունքներից ելնելով՝ կընդունվի հայտարարություն, որի նախագիծը ներկայումս քննարկվում է համահայկական և համայնքային կառույցների կողմից:
Ֆորումի աշխատանքների լուսաբանման համար ստեղծվել է հատուկ կայք՝ www.Paf2017.am, որտեղ ներկայացված են ֆորումի ծրագրերը, տեղեկատվությունը մամուլի կենտրոնի լրագրողների հավատարմագրման, կազմակերպիչների, հովանավորների մասին և այլն: Բոլոր նիստերից ուղիղ եթերով միացում կտրվի:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում, որտեղ տեղի կունենա ֆորումը, հատուկ տաղավարներ կկառուցվեն, որոնցում կներկայացվեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» ստեղծարար դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Կներկայացվեն գինեգործության, կոնյակի արտադրության, տեքստիլ արդյունաբերության արտադրանքները: «Մեգերյան կարպետը» կներկայացնի նախկինում ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև հայկական գորգագործության զարգացման արդի գործընթացը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումները կներկայացնի Արցախը: