3 Հոկտեմբերի 2023թ. 4:54

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԹՆՋՈՒԿԸ

Երևանի պետական համալսարանի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի կողմից կառուցած ջրամբարին, ինչի հետևանքով Ախուրյան ջրամբարի ջրի մեր մասնաբաժինը կպակասի, Հայաստանը իրավունք չունի որևէ պարտավորություն ներկայացնել, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան չեն ստորագրել ու վավերացրել անդրսահմանային ջրահոսքերի մասին Հելսինկի կոնվենցիան:

«Ադրբեջանը միակն է, որ վավերացրել է այդ կոնվենցիան, քանի որ նրան ձեռնտու է միջազգային դատարաների միջոցով պատասխանատվության կանչել ջրային ռեսուրսների աղտոտման համար: Հայաստանը և Թուրքիան չեն վավերացրել, քանի որ իրենց ձեռք չի տալիս, որ աղտոտողը վճարում է: Բացի այդ, ըստ կոնվեկցիայի՝ կողմերը պարտավորվում են անդրսահմանային ջրահոսքերից չվերցնել ավելի ջուր, քան համաձայնեցրել են»,-ասաց նա:

Ըստ Աիդա Իսկոյանի՝ այս դեպքում Վրաստանը վարվել է խելացի` ասելով, որ դեմ չէ կոնվենցիան վավերացնելուն, սակայն պետք է ուսումնասիրություն իրականացնի: «Թուրքիան իրավունք ունի ջրամբար կառուցել, քանի որ և՛ իրենք, և՛ մենք կոնվեկցիայի կողմեր չենք: Սակայն դեռ խորհրդային ժամանակաշրջանում Ախուրյանի ջրամբարի վերաբերյալ ստեղծվել էր միջպետական հանձնաժողով, որը հիմա էլ գործում է, սակայն որևէ իրավական պարտավորություններ չի առաջացնում»,-ասաց նա և նշեց, որ եթե Ախուրյանի ջրամբարում ջուրը պակասի ոչ մի հարց չենք կարող բարձրացնել:  Նա նշեց նաև, որ մեր իրավունքներն ավարտվում են պետական սահմանի վրա։

«Եթե  նույնիսկ ջրահավաք ավազանում մենք ունենք ինչ-որ պետական շահեր, միևնույնն է, պատասխնատվության չենք կարող ենթարկել: Մենք կարող ենք դիմել ՄԱԿ-ին կամ տարածարջանային կառույցներին, սակայն, քանի որ առաջին` չկան դիվանագիտական հարաբերություններ, երկրորդ`չենք վավերացրել կոնվենցիան, ապա մեր ձեռքերը երկար չեն: Սակայն կողքից ակտիվ գործունեություն կարելի է վարել հասարակական կազմակերպությունների մակարդակով»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ջրամբարում ստեղծված ներկայիս վիճակը պայմանավորված է հիմնականում կլիմայի փոփոխություններով, երաշտով, բնական գործոններով:

Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ  Թուրքիայի կառուցած նոր ջրամբարը կլինի ընդհանուր առմամբ 1 միլիարդ 200 հազար խորանարդ ջրի համար, ինչի հետևանքով Ախուրյան ջրամբարում կարող է չլցվել այնքան, որքան հիմա է լցվում, և մեր մասնաբաժինը կպակասի:

«Հիմա Ախուրյանի ջրամբարի ծավալը 525 միլիոն խորանարդ մետր է, որի կեսը մերն է, առնվազն 250 միլիոն ստանում ենք, այլ բան որ չենք «բաշարում» լավ օգտագործել և մի մասը նորից  վերադարձնում ենք Արաքս, ինչն արդեն մեր կառավարման, ղեկավարման անշնորհքությունն է»,-ասաց Հովհաննիսյանը:

Փորձագետն ասաց, որ դեռ խորհրդային տարիներից Ախուրյան ջրամբարից շատ ստույգ ստանում էինք ջուր և ոռոգում էինք Ախուրյանի ահագին հողատարածքներ, իսկ հիմա մեր մասնաբաժինը կպակասի: «Ջրաբանական հաշվեկշիռը կխախտվի, Ախուրյանի ջրամբարը կարող է ավելի պակաս լցվել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ մենք շատ այլընտրանքներ ունենք, սակայն դրա համար կամք և խելք է պետք: «Այդ ջրերը գալիս են Արաքսից, բայց այդ ջրանցքի ափին պոմպակայան է կառուցված՝ չորս պոմպով, և գյուղացիները ստիպված կոյուղաջրերով են ջրում իրենց բանջարեղենը, բոստանները: Ես իմ աչքով եմ տեսել, և շատերը հիմա զգում են իրենց մաշկի վրա դրա հետևանքը, այնինչ մենք տասը տարի առաջ էինք զգուշացնում»,-ասաց նա և նշեց, որ պետք է ոռոգման համակարգը պահենք սարքին:

Լիանա Առաքելյան

Աղբյուրը` tert.am