29 Նոյեմբերի 2023թ. 1:50

ՀԱՅԱՍՏԱՆ — ԵՄ

Արմինֆո. Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո, ինչի համար կան բոլոր նախադրյալները, Հայաստանը կդառնա միակ պետությունը, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ հետ համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրի: Սեպտեմբերի 12-ին Երևանում այդ մասին լրագրողներին հայտարարել է հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2013 թվականին հենց Եվրամիությունն է հայտարարել փոխգործակցությունը շարունակելու անհնարինության մասին` այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց ԵԱՏՄ անդամակցելու մտադրության մասին:

Դիվանագետը կոչ է արել հետ չնայել և հայացքն ուղղել ապագային: «Բնականաբար, չի կարելի միաժամանակ գտնվել երկու միանգամայն տարբեր ինտեգրացիոն նախագծերում: Սակայն, դա չի նշանակում, թե անկախ և ինքնիշխան պետությունը չի կարող ինքնուրույն ընտրել իր զարգացման ուղին: Սակայն, ցանկանում եմ ընդգծել մեկ բան. այն օրը, երբ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ստորագրվի, իսկ ես կարծում եմ, որ դրա համար կան բոլոր նախադրյալները, ՀՀ-ն կդառնա միակ պետությունը, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրի ԵՄ հետ: Իսկ Հայաստան-ԵՄ նոր համաձանյագիրը բավականին հավակնոտ է և լայն հնարավորություններ է բացում Երևանի համար՚, — ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի վերջին հայտարարել է, թե ոչ մի խոչընդոտ չկա նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրման համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, իր հերթին, սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ ԵՄ պատրաստում է «թանաքն ու գրիչը՚` նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժղովում համաձայնագրի  ստորագրման համար:

Մարինա Մկրտչյան