ՇՈՒՇԻ 48 ԺԱՄ

Սեպտեմբերի 11-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Շուշի 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանն ասել է, որ գիրքը ստեղծվել է 2017 թ. հունիսին մեկնարկած Հիմնադրամի լուսանկարչական նախագծի արդյունքում, որը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին:

Նախաձեռնության նպատակն էր 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը երիտասարդ լուսանկարիչների աչքերով:

«Շուշին մեր Երուսաղեմն է, ու ամեն հայ պարտավոր է թեկուզ երկու օր՝ «48 ժամ» ապրել այնտեղ»,- ասել է Ս. Ղարաբաղցյանը և ավելացրել, որ Շուշիի վերականգնումը մշակութային վերընձյուղման ամենամեծ վկայությունն է:

«Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացվել է նաև վավերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչության համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Ավագյանի հետ գործակցաբար:

Նախագծին մասնակից լուսանկարիչների մեջ կային ինչպես սկսնակներ, այնպես էլ փորձառուներ Արցախից, Հայաստանից և Վրաստանից:

Համազգային հայ կրթական և մշակութային միության խորհրդի անդամ, լրագրող, մեկնաբան Միքայել Հաջյանը, խոսելով «Շուշի 48 ժամ» ծրագրի մասին, նշել է, որ պատկերագիրքն ուխտագնացություն է դեպի հայոց սուրբ-սրբոց քաղաքներից մեկը՝ Շուշի, ու բոլոր նրանց համար, ովքեր տարիներ հետո տեղեկանալու են, թե 2017 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին 48 ժամվա ընթացքում ինչպիսինն է եղել Շուշին:

Ծրագրին մասնակից լուսանկարիչ, նախկինում Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Յուրի Մեչիտովի խոսքով՝ Շուշին զարմանահրաշ քաղաք է, որտեղ ամեն օր նորովի բացահայտումներ են լինում: «Պատկերագրքում ներկայացված լուսանկարներն արվել են ազատ ոճով, և ամեն լուսանկարի համար կան մակագրություններ»,- ավելացրել է Յուրի Մեչիտովը:

Միջոցառմանը «Համազգային հայ կրթական և մշակութային միության» կողմից պարգևատրվել են լուսանկարիչներ Գերման Ավագյանը և Յուրի Մեչիտովը:

Շնորհանդեսին ներկա էին ԱՀ մշակույթի և եիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Կարեն Միրզոյանը, կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Մինասյանը և այլ հյուրեր: 

Աղբյուրը՝ artsakhpress.am