ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ԲՈՒՀՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԱՐԺԵԶՐԿՎԵՑ, ՈՐ …

Այս տարի բուհերում մեծ թվով թափուր տեղերի առկայությունը մի քանի հանգամանքով էր պայմանավորված. նախ անցում կատարվեց 12-ամյա կրթական համակարգի, որի արդյունքում 2006 թ. դպրոցներ ընդունել էին երկու խմբի առաջին դասարանցիներ, ավելի շատ եկել էին ավագ առաջին դասարան, որովհետև այդ երեխաները պետք է սովորեին 11 տարի, կրտսեր առաջին դասարանը, որը հաջորդ տարի կավարտի, ավելի քիչ երեխաներ գնացին, որովհետև մեկ տարի ավել պետք է սովորեին: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկմանն ասել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և ավելացրել, որ պարզ է, որ աշակերտական թվակազմն ինչ-որ իմաստով բաժանվել է երկու մասի:

«Այդ տարի մեծ աժիոտաժ կար, բոլորը փորձում էին երեխաներին խցկել այն դասարանը, որտեղ երեխաները 11 տարի պիտի սովորեին, այդ երեխաներն ավարտեցին, մյուսներն էլ հաջորդ տարի կավարտեն: Դրա պատճառով դիմորդների թվի օբյեկտիվ անկում կա»,-ասել է փորձագետը: Նրա խոսքով՝ 2020 թ. դիմորդների թիվը շատ ավելի մեծ կլինի, սա նաև 12-ամյա պարտադիր կրթության հետ է կապված: Դիմորդների թվի անկման մյուս պատճառն էլ, ըստ Սերոբ Խաչատրյանի՝ այն է, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանում բացվեց բակալավրիատ:

«Հայաստանում միջազգային ծրագրեր իրականացնող դպրոցներ ունենք, որոնց  շրջանավարտները միանգամից հնարավորություն ունեն դիմելու արտասահմանյան բուհեր, և այդ շրջանակներում նույնպես մի քանի հարյուր հոգի դիմել է Ամերիկյան համալսարանի բակալավրիատ: Բազմաթիվ ուսանողներ տարբեր ծրագրերով ընդունվում են նաև արտասահմանյան այլ բուհեր»,-տեղեկացրել է կրթության փորձագետը:

Նրա դիտարկմամբ՝ բուհերում դիմորդների թվի կտրուկ նվազման երկրորդ պատճառը կապված է արտագաղթի հետ: Վերջին հինգ տարում Հայաստանից մոտ 18 հազար աշակերտ է գնացել: Բնականաբար, այդ թիվն անդրադարձել է  նաև շրջանավարտ-դիմորդների թվի վրա:

«Ընդհանուր առմամբ, կան նաև որակի հետ կապված խնդիրներ նույնպես, հիմա բուհական խնդիրները մի փոքր ավելի քիչ է հետաքրքրում շրջանավարտներին, քան առաջ էր: Միգուցե այնքան շատ եղավ առաջարկը, բուհում սովորելն այնքան արժեզրկվեց, այնքան հեշտացավ ու պարզեցվեց և այդ ընդունվելու պարզեցմանը չհետևեց որակի խիստ վերահսկողություն, որ արդյունքում, ըստ էության, այսօր շատերը նախընտրում են միջին մասնագիտական կրթությունը կամ ընդհանրապես չեն շարունակում: Մի խոսքով՝ համալիր պատճառներ կային, որոնք այս տարի կուտակվեցին»,-եզրահանգման է եղել Սերոբ Խաչատրյանը:

Նա պատմել է, որ այդ ամենի հետևանքները ինքն անձամբ է կրում՝ որպես պրակտիկ դասախոս. «Օրինակ՝ իմ ծանրաբեռնվածությունը ԵՊՀ-ում 0.25 դրույքով պակասեց, այդպես բազմաթիվ դասախոսների դեպքում: Որոշակի ստանդարտներ են փոխվել նաև, նույն աշխատանքի դիմաց դասախոսի վճարումը նվազել է: Հաջորդ տարի շատ ավելի ծանր է լինելու իրավիճակը, ոմանք կորցնելու են աշխատանքը, ոմանց դասաժամերը կկրճատվի, հետևանքները շատ ուղիղ զգում ենք այսօր»:

Զ.Հարոյան

Աղբյուրը` tert.am