29 Սեպտեմբերի 2020թ. 10:54

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ VI ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած սփյուռքահայերն արդեն Մարզահամերգային համալիրում են ու պատրաստվում են համաժողովի մեկնարկին: Նրանց բարձրացրած հիմնական հարցը մեկն է՝ ինչպես Սփյուռքում պահպանել հայկական ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին` 2017թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը:

Սփյուռքահայերը համաժողովին ներկայացել են կոնկրետ առաջարկներով: Հայ երիտասարդաց ընկերակցության մամուլի պատասխանատու, լիբանանահայ Ահարոն Շխրտումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ավանդական կերպով Սփյուռքի լավագույն կենտրոններից մեկը ճանաչված Լիբանանում այսօր հայապահպանության խնդիր կա:

«Այսօր Լիբանանի հայ համայնքը չի ներկայացնում այն, ինչ պատկերացնում ենք: Որակի զգալի տագնապ, անկում կա: Համապատասխան ղեկավարությունն իր պարտականություններում թերանում է: Տեսլական ունեցող ղեկավարների ու կառույցների պակաս կա»,-ասաց Շխրտումյանը:

Նրա համոզմամբ՝ նման համագումարները կարող են նոր լիցք հաղորդել Սփյուռքի ղեկավարությանն ու ժողովրդին:

«Սփյուռքն ու հայրենիքը «դատապարտված» են համագործակցել, այլ տարբերակ չունենք: Ես քիչ անց պետք է ելույթ ունենամ, շատ հարցեր կան, որ մեզ հետաքրքրում են, օրինակ, արտագաղթը, այդ թվում՝ նաև Սփյուռքում հայապահպանության խնդիրը: Երբ հայը հայերեն չի խոսում, սա մտահոգիչ երևույթ է»,-ասաց նա:

Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, որ Սփյուռքում որոշակի հատված դժգոհում է հայաստանյան իշխանության գործելաոճից ու Սփյուռքում առկա խնդիրները կապում է հենց դրա հետ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ցանկացած իշխանություն ունի իր ընդդիմությունը:

«Սփյուռքը, որքան էլ ունի քննադատություններ հայկական իշխանության վերաբերյալ, սակայն մեր աշխատանքն ուղղում ենք հանուն ամուր պետականության»,-ասաց Շխրտումյանը:

Ամերիկահայ Մինաս Կոջոյանը համաժողովից մեծ հույսեր չունի, սակայն որոշակի ակնկալիքներ, այնուամենայնիվ, կան:

«Ուզում եմ, որ մեր երիտասարդությունն Արևմուտքում ունենա հայի երանելի օրինակ, ինչպես, ասենք, Քըրքորյանն էր: Մենք օվկիանոսով ենք բաժանված, և կարելի է ասել, որ մեր երիտասարդությունը նետված է այդ օվկիանոսի մեջ: Պետք է այնպես անենք, որ այդ երիտասարդությունն օվկիանոսից չոր դուրս գա, այսինքն՝ չձուլվի օտարների հետ»,-ասաց Կոջայանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքում կա հիանալի երիտասարդություն, բայց պետք է աշխատել նրանց հետ: Ինքը՝ որպես 40 տարվա մանկավարժ, պատրաստ է թեկուզ փոքրիկ ներդրումն ունենալ այս հարցում:

Տեղեկացնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին ներկա են Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչներ ավելի քան 58 երկրից, մարդիկ, ովքեր ապահովում են ներդրումային մեծ հոսքեր, միասնաբար գործում հայկական լոբբիի ուղղությամբ ու պայքարում հայապահպանության համար:

Համաժողովին ներկա են նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am