22 Սեպտեմբերի 2020թ. 14:37

ԼԱՐԻ ԳԱԳՈՍՅԱՆ

Ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» պարբերականը ներկայացրել է 100 մեծագույն բիզնեսմենների պայծառ մտքերն ու ասացվածքները: Ցանկում ներառվել է նաև ամերիկահայ Լարի Գագոսյանի անունը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» պարբերականը, որը հայտնի է ֆինանսական աշխարհի բազմապիսի վարկանիշների հրապարակմամբ, մեկտեղել է մոլորակի վրա բնակվող 100 մեծագույն բիզնեսմենների պայծառ մտքերն ու ասացվածքները։ Ցուցակում ներառված են այնպիսի ականավոր գործարարներ, ինչպիսիք են Ուորեն Բաֆեթը, Բիլ Գեյթսը, Թեդ Թյորները: Այդ պատվավոր ցանկում իր տեղն է զբաղեցրել նաև ամերիկահայ հայտնի արտ-դիլեր, պատկերասրահների ցանցի հիմնադիր Լարի Գագոսյանը:

Գագոսյանը հիշել է մի դեպք հեռավոր 80-ականներից, որը նրան սովորեցրել է ըմբռնել մեծ գումարներ աշխատելու բարդությունը:

«Կա մի նկար, որը միլիարդատեր Սի Նյուհաուսը ցանկանում էր գնել՝ Ռոյ Լիխտեյնշտեյնի «Ալոհան»։ Արժեքը 1 միլիոն դոլար էր, իսկ այդ ժամանակ միայն եզակի նկարներ կային, որոնք այդքան թանկ արժեին: Ես ասացի`եկեք գրենք անդորրագիրը և գնենք: Սին, որը կրկնում եմ` միլիարդատեր է, ասաց. «Ոչ, ես 1 մլն դոլարի անդորրագիր չեմ գրելու, եկեք յուրաքանչյուր ամիս 100 հազար դոլար վճարենք 10 ամսվա ընթացքում»: Եվ երբ հարցրի նրան, թե ինչու, պատասխանեց. «Ես չեմ ուզում, որ նրանք մտածեն, թե այդ գումարը հեշտությամբ է տրվում»: Դա ինձ համար կարևոր դաս էր: Հատկապես այն բանից հետո, երբ «Ալոհան» այսօր արժե ավելին, քան 100 միլիոն դոլար»,- պատմել է Գագոսյանը:

Լարի Գագոսյանը հայտնի ամերիկահայ արտ-դիլեր է և գալերիստ։ Նրան է պատկանում Գագոսյան պատկերասրահների ցանցը, որը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։

Ծնվել է հայկական ընտանիքում։ Ծնողները Կալիֆոռնիայի բնակիչներ են, հայրը՝ հաշվապահ, մայրը՝ հոլիվուդյան դերասանուհի։

Կարիերան սկսել է ալմա-մատերի պատերի տակ պլակատներ վաճառելով, իսկ 1978թ-ին բացել է սեփական պատկերասրահը՝ «Broxton Gallery»-ն: Մինչ այդ որպես վաճառող աշխատել է գրախանութում և երաժշտական խանութում, գանձապահ՝ սուպերմարկետում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am