ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ. ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՈՒՐ ԿԱՊՎԱԾ Է ՌՈՒՍԵՐԵՆԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 22-ին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Նախարարը ներկայացրեց 2016 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2017 թ. օգոստոսի 31-ն իրականացված աշխատանքները:

«Համակարգում որակի քաղաքականության կտրուկ բարձրացմանն է ուղղված եղել մեր գործունեությունը»,-ասաց նախարարը: Նա անդրադարձավ հանրակրթության ոլորտում բնական գիտությունների առաջանցիկ զարգացմանը, ձեռնարկատիրական ֆինանսական կրթությանը եւ այլ ձեռնարկների: Նշեց, որ 2016 թ. գործարկվել է 24 նախակրթարան, 2017-ին՝ 23:

Նախարարը խոսեց նաեւ կրթության զարգացման ծրագրի, Հանրակրթության ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրության մասին: Շեշտեց, որ ըստ վերջին փաստաթղթի, ազգակցական կապերն արգելվում են հանրակրթական հաստատություններում:

Օտար լեզուների կրթության բարձրացմանն ուղղված ծրագրերից էլ խոսեց, խոսք գնաց նաեւ Արարատյան բակալավրիատի ծրագրից, ինչը Լեւոն Մկրտչյանը համարեց լուրջ հաջողություն: Նաեւ հավելեց, որ ինքը հեղինակն է այն օրենքի, որով ամրագրվել է, որ Հայոց լեզուն եւ գրականությունը պետք է դասավանդվեն կոնկրետ ժամաքանակով:

Լեւոն Մկրտչյանը մանրամասնեց օտար լեզուների դասավանդման մեթոդաբանությունը, իսկ ռուսաց լեզվի հայեցակարգի հետ կապված աղմուկը որակեց կեղծ քաղաքական օրակարգ. «Սա այն թեման չի, որ քաղաքականացվի… Օտար լեզու կարելի է լավ սովորել, բայց աշխարհայացքային բոլոր առարկաները անցնելով մայրենի լեզվով: Այսինքն, մենք ունենք հայեցի կրթություն, դրա հիման վրա այլ ուղղվածություններ: Օրինակ, ես ավարտել եմ Չարենցի դպրոցը, որտեղ բոլոր առարկաներն անցնում էինք հայերեն, բայց Անգլիայի եւ Ամերիկայի գրականությունը՝ անգլերեն: Այժմ էլ մենք պատրաստում ենք երեք բլոկ՝ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգը` լատինատառ հիմքի վրա, կիրիլիցայի հիմքի վրա ռուսերենի հայեցակարգը, ունենալու ենք նաեւ չինական խորացված ուսուցմամբ դպրոց, հնարավոր է՝ արեւելագիտության ուղղությամբ»,-ասաց Լեւոն Մկրտչյանը: Ապա հավելեց. «Մենք փորձեցինք հստակեցնել լեզվաքաղաքականության հիմքերը: Հայաստանի պետական լեզուն հայերենն է եւ կմնա հայերենը, որովհետեւ մենք անկախ երկիր ենք, իսկ դա աքսիոմատիկ ճշմարտություն է, մնացած լեզուները օտար լեզուներ են»: Հետաքրքրվեցինք՝ մի՞թե ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ վարչապետի հանձնարարական չի եղել, ինչպես Եռաբլուրում լրագրողներին ասել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, հանձնարարականը եղել է օտար լեզուների հայեցակարգի ուղղությամբ, վարչապետը կոնկրետ չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ, եղել է հանրակրթության ոլորտում օտար լեզուների դասավանդման բարելավման հանձնարարական…Իսկ եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսելով քայլենք…Չէ՞ որ հայոց լեզուն ու հայագիտությունը կոնկրետ ժամերով պաշտպանված են»,-պատասխանեց նախարարը: Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ Օտար լեզուների հայեցակարգ: Նախարարն, այնուամենայնիվ, կարծիք հայտնեց, որ մեր գիտական միտքն ամուր կապված է ռուսերենի հետ, հավելեց նաեւ, որ Իրանի կրթական համակարգում էլ են կարեւորում ռուսերենը: Ապա օրինակ բերեց, թե գիտական գրականություն պատվիրելու դեպքում անգլերենը կարող է $100 արժենալ, ռուսերեն տարբերակով՝ $10: «Դուք ռուսական մշակույթի հետ խնդիր ունե՞ք…Ես որեւէ ժողովրդի մշակույթի ու լեզվի հետ պրոբլեմ չունեմ, բացի մեկից, որը բռնատիրել է իմ հայրենիքը»,- վերջում ասաց Լեւոն Մկրտչյանը:

Գոհար Հակոբյան

Աղբյուրը՝ aravot.am