28 Նոյեմբերի 2023թ. 13:01

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆ: ՍՊԱՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԳՐԵԹԵ ՍՊԱՌՎԵԼ Է …

ՀՀ գիտության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը լուծման փուլում է, մյուս մասի լուծումները ներդրման փուլում են եւ երրորդ մասի լուծումները ձգձգվում են։ Այսօր շատերի՝ հատկապես համեմատաբար տարեց գիտնականների շրջանում ձեւավորվել է «նոստալգիկ» մոտեցում, այն է՝ պահպանել իրերի գոյություն ունեցող այսօրվա վիճակը։ Ակնհայտ է, որ գիտության պետական կոմիտեն ունի իր ձեւավորված մոտեցումները հիշյալ խնդիրները լուծելու վերաբերյալ, եւ այսօր այս հոդվածում մտադիր ենք ներկայացնել մեր տեսակետը գիտության ոլորտում տեղի ունեցող ամենացավագին երեւույթի՝ մասնագետների ծերացման եւ ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի մասին։ Հարցի լրջությունը պատկերավոր դարձնելու համար կատարենք եղած փաստերի եւ փաստարկների վերլուծություն։ Գաղտնիք չէ, որ մեր երիտասարդ գիտնականների մեջ քչերը վստահորեն կուզեին աշխատանքային կարիերան շարունակել Հայաստանում։ Նրանց զգալի մասը, հնարավորության դեպքում, ձգտում է աշխատել արտերկրում։ Իհարկե, այսօր էապես աճել է ՀՀ գիտության եւ գիտնականների վարկանիշը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում. որոշ գիտաչափական չափանիշներով Հայաստանն ԱՊՀ տարածքում առաջատար երկրներից է։ Սակայն եկեք մի փոքր քննարկենք, թե ովքեր են այդ արդյունքների կրողները։ Հայաստանում մեծ թիվ են կազմում տարեց գիտնականները։ 65 տարեկան եւ բարձր տարիք ունեցողների թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 30%—ը՝ 1216 մարդ (ըստ ԳՊԿ տվյալների՝ պետական գիտական ծրագրերում եւ թեմաներում ներգրավված գիտաշխատողների թիվը 2016 թ. դեկտեմբերի դրությամբ 3899 է), 70 տարեկան եւ բարձր տարիք ունեցողները կազմում են ընդհանուրի շուրջ 20%—ը (756 մարդ), 75 տարեկան եւ բարձր տարիք ունեցողները՝ 11 %—ը (455 մարդ)։ Ինչ վերաբերում է գիտության մեջ ամենապահանջարկված տարիքային խմբին՝ 35—ից մինչեւ 50 տարեկան միջակայքը, ապա պետական ծրագրերում ընդգրկված գիտնականների թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 20%—ը (827 մարդ)։ Եթե վերցնենք պետական գիտական ծրագրերում եւ թեմաներում լրիվ դրույքով ներգրավված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին, ապա նրանց ընդհանուր թիվը 2016 թ. դրությամբ կազմել է 2184, որից 464—ը կամ 21%—ը՝ 35—50 տարիքային միջակայքում։ Ինչ վերաբերում է գիտական ծրագրերի ղեկավարներին, ապա այստեղ պատկերը նույնն է։ Մինչ Գիտության պետական կոմիտեի ձեւավորումը (2008 թ.), թեմայի ղեկավարների մեծ մասը 55 տարեկանից բարձր տարիք ունեցող գիտաշխատողներն էին։ Իսկ մինչեւ 40 տարեկան թեմայի ղեկավարներ գրեթե չկային (մոտ 3,5%)։ 2008 թ.—ից ԳՊԿ—ն ստիպված էր հատուկ ծրագրեր ներդնել երիտասարդների ընդգրկվածությունը մեծացնելու ուղղությամբ։ Այժմ իրականացվող բոլոր մրցութային ծրագրերում մինչեւ 35 տարեկան երիտասարդներ ընդգրկելու պարտադիր պայման է դրված։ Իրականացվում են մրցութային 2—ամյա ծրագրեր մինչեւ 35 տարեկան երիտասարդների համար, գործում է ասպիրանտների եւ հայցորդների անհատական աջակցության ծրագիր։ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվում է երիտասարդ գիտնականներին մատչելի բնակարաններով ապահովվածության ծրագիր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է երիտասարդ գիտնականների գիտաժողովների մասնակցության եւ այլ ծրագրերի ֆինանսավորում։ Վերջին 3 տարիներին ԳՊԿ—ն կազմակերպում է առավել ակտիվ աշխատող երիտասարդ գիտնականների խրախուսման ծրագիրը։ Պետք է ասել, որ երիտասարդ գիտնականների աջակցությանն ուղղված Հայաստանում գործող ծրագրերը իրենց ձեւով եւ բովանդակությամբ ԱՊՀ շատ երկրներում մեծ հավանության են արժանացել։ Այժմ անդրադառնանք 2016 թ. հետո տիրող իրավիճակին։ Այսօր թեմատիկ ֆինանսավորման եղանակը բավականաչափ դիվերսիֆիկացված է, եւ դրամաշնորհը շահելու պահին թեմաների ղեկավարների 35 տարին ներառյալ գիտնականները կազմում են ընդհանուրի շուրջ 20%—ը, 65 տարեկանից բարձր տարիք ունեցողները՝ 20 եւ 70—ից բարձր՝ 10%—ը։ Այսօր գիտական թեմաների ղեկավարների տարիքային բաշխման մեջ ստեղծվել է նոր իրավիճակ՝ երկու մաքսիմումներով՝ մեկը մինչեւ 35 տարեկանի շրջակայքում, մյուսը՝ 65։ Կարծես թե ամեն ինչ կարգին է։ Երիտասարդների հետ կապված կարեւոր խնդիրը, այն է՝ երիտասարդների գիտության մեջ ընդգրկվածության աստիճանը, կարծես թե, մեծացել է։ Սակայն եթե ուշադրություն դարձնենք, 35—50 տարեկանների տարիքային տիրույթում խոր մինիմում կա, եւ ցավով պետք է ֆիքսել, որ երիտասարդների հետ կապված խնդիրը միայն մասամբ է լուծվել։ Իրականում պատկերը հետեւյալն է։ Մենք, պետական սուղ միջոցներն ուղղելով երիտասարդ գիտնականներին, պատրաստում ենք բավականին բարձր մակարդակ ունեցող երիտասարդ կադրեր, ովքեր սկսում են տպագրվել բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում եւ դրանով իսկ դառնում են արտասահմանյան առաջատար լաբորատորիաների համար մասնագետների «որսի» թիրախ, դրսում նրանց առաջարկվում են աշխատանքի ավելի լավ պայմաններ եւ անհամեմատ ավելի բարձր աշխատավարձեր։ Արդյունքում ակամա նպաստում ենք երիտասարդ մասնագետների արտահոսքին։ Գիտության ոլորտից կադրերի արտահոսքի երկրորդ մասը ներքին արտահոսքն է, երբ երիտասարդ կադրերը մնում են Հայաստանում, սակայն դուրս են գալիս գիտության ոլորտից։ Ընդ որում, «ուղեղների» ներքին հոսքը շատ անգամ ավելի վտանգավոր է, քանի որ այդ կադրերը, որպես կանոն, վերջնականապես հեռանում են բնագավառից։ Եվ այստեղ առաջ է գալիս գիտության կադրային կազմի առաջ ծառացած, թերեւս, ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս գիտության ոլորտում ապահովել երիտասարդ կադրերի ներգրավվածության բավարար մակարդակ։ Ըստ իս, առաջացած խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա։ Առաջին ճանապարհ՝ կտրուկ լավացնել գիտաշխատողների աշխատանքային պայմանները եւ տալ բավականին բարձր աշխատավարձեր։ Այսօր եւ առաջիկա տարիներին նմանատիպ լուծում դժվար է պատկերացնել եւ այն իրատեսական չէ։ Երկրորդ ճանապարհ՝ երիտասարդների համար ստեղծել կարիերայի աճի տեսանելի, իրատեսական ճանապարհ եւ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տաղանդավոր երիտասարդ մասնագետը ստանա ՀՀ պայմաններում հնարավոր քիչ թե շատ ընդունելի աշխատավարձ։ Երիտասարդ գիտնականը պետք է վստահ լինի, որ, դառնալով որակյալ մասնագետ, կարող է ղեկավարել գիտական թեմա, ծրագիր, խումբ, լաբորատորիա, ամբիոն, ֆակուլտետ, ինստիտուտ եւ կենցաղային պայմաններ ապահովել իր ընտանիքի համար։ Շատ հաճախ գիտության ոլորտի աշխատողների մոտ մասնագիտական կարիերայի աճի նկատմամբ վստահությունն ավելի արժեքավոր մոտիվացիա է, քան՝ բարձր աշխատավարձը։ Այս հարցը հնարավոր է լուծել, եթե կարողանանք իրականացնել սահուն եւ ոչ այնքան ցավագին սերնդափոխություն։ «Ուսուցիչ—աշակերտ—ուսուցիչ» էվոլյուցիայում սա ամենակարեւոր եւ սրբագույն օրենքներից է։ Թե ինչն է պատճառը, որ տարեց գիտաշխատողները խուսափում են թոշակի անցնել, բոլորիս համար ակնհայտ է։ Բոլորը Հայաստանում, անկախ իրենց գիտական եւ մանկավարժական վաստակից (բացի ակադեմիկոսներից եւ ակադեմիայի թղթակից անդամներից, ովքեր բուն թոշակից բացի, ստանում են 100–150 հազար դրամ ցմահ պատվովճար), թոշակի անցնելուց հետո ստանում են 55—60 հազար դրամ թոշակ։ Այս գումարներով հասարակության մեջ բավականին մեծ ճանաչում ունեցող գիտնականը կամ դասախոսը միանգամից հայտնվում է դժվար վիճակում։ Չնայած կենսաթոշակային տարիքի գիտաշխատողների զգալի մասը ձեւակերպված է լրիվ հաստիքով (ներգրավված են ինչպես բազային, այնպես էլ գրանտային ծրագրերում), նրանց զգալի մասն ունի առողջական լուրջ խնդիրներ եւ լիարժեք աշխատանքի գնալ բնականաբար չի կարող։ Գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների զգալի մասը, հարգելով նրանց վաստակը, աչք է փակում այս երեւույթի վրա։ Սակայն չեն բացառվում նաեւ կոռուպցիոն երեւույթները, որոնք կարող են լինել այս պարագայում։ Այս բոլոր փաստարկները հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ստիպված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք հետագայում շարունակական բնույթ են կրելու։ Դրանցից մեկը կառավարության ծրագրում ընդգրկված «գիտական կազմակերպություններում վարչական պաշտոններում աշխատանքային տարիքը 70 տարեկանով սահմանափակելու մեխանիզմների մշակման եւ ներդրման» կետն է, որն այսօր ԳՊԿ—ն փորձում է կիրառել մրցութային ծրագրերն իրականացնելիս, ինչն էլ, իր հերթին, որոշ մարդկանց մոտ շահարկումների առարկա է դարձել։ Հաջորդ քայլը կլինի գիտական աստիճանների համար տրվող հավելավճարները թոշակներին միացնելը, եթե գիտնականը կամավոր անցնի լիարժեք թոշակի։ Կարծում եմ՝ այս քայլը կարող է իրավիճակը կտրուկ փոխել։ Եթե 65 տարին անց մարդկանց գոնե կեսն անցնի թոշակի, եւ ազատվեն մի շարք վարչական պաշտոններ, ապա առաջիկա 3—4 տարիների ընթացքում 35—50 տարիքային խմբում կունենանք լուրջ համալրում, բյուջեում կունենանք ավելի քան 1,2 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձի ֆոնդ, որով հնարավոր կլինի առաջիկա 1—2 տարում աշխատավարձերը 20—25% ավելացնել։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն վարչական կամ այդպիսի լիազորություններ ապահովող պաշտոններին եւ ամենեւին չի սահմանափակում գիտնականների գիտական գործունեությամբ զբաղվելու, այդ թվում՝ որեւէ գիտական թեմայի կատարողների կազմում ընդգրկվելու իրավունքը։ Առնվազն լուրջ չեն այն պնդումները, թե միայն այս կամ այն կոնկրետ գիտնականի անձով է պայմանավորված գիտական որոշակի դպրոցի կամ ուղղության հետագա զարգացումը։ Համաշխարհային գիտության արդի պայմաններում գիտական դպրոց հասկացությունը ենթադրում է «ուսուցիչ—աշակերտներ—ուսուցիչ» հավերժ կրկնվող ու բազմացող սխեման, ոչ թե՝ «ուսուցիչ—դատարկություն»։ Շատերին թվում է, թե կարելի է փորձել պահպանել գոյություն ունեցող իրավիճակը, սակայն եթե խնդրին նայենք ժամանակի եւ տարածության մեջ, մի կողմ թողնելով նեղ անձնական շահերը եւ հույզերը, ապա կպարզվի, որ այդ ցանկությունն անհեռանկարային է եւ անիրականանալի։ Նախ՝ գիտության ոլորտի կադրային կազմի տարիքային բաշխումն ինքն է թելադրում խնդրի լուծման ժամկետները, երկրորդ՝ ներկա վիճակի առաջացման հիմնական պատճառը, երեւի թե, գոյություն ունեցող վիճակի մշտական պահպանման ձգտումն է եղել, եւ երրորդը՝ գիտության եւ տեխնիկայի զարգացման արդի տեմպերի պայմաններում չլինել ավելի ճկուն, ժամանակին չկատարել անհրաժեշտ փոփոխություններ, աչք փակել եւ գիտության ոլորտից հեռացնել երիտասարդ կադրերին, ապրել միայն անցյալն անփոփոխ պահպանելու տեսլականով, նշանակում է գնալով ավելի ու ավելի հետ մնալ համաշխարհային մակարդակից, ճահճանալ։ Մյուս կողմից՝ կցանկանայի հիշեցնել ավագ սերնդի մեր գործընկերներին, որ վերոհիշյալ խնդրի լուծման հիմնական պատասխանատուն հենց իրենք են, որ պարտավոր են իրենց իսկ տված խորհուրդներով օպտիմալ ճանապարհ ցույց տալ կառավարությանը, որպեսզի մեր պետության պատմության այս ժամանակահատվածում չկորցնենք այն, ինչ հենց իրենց իսկ տքնաջան աշխատանքով է ստեղծվել։ Ընդ որում, այդ պատասխանատվությունը տարածվում է ոչ միայն նրա վրա, որ ասեն, թե «ի՛նչ պետք է անել», այլեւ՝ թե «ինչպե՛ս պետք է անել»։ Խնդրում եմ հիշեք, որ այսօր մեր մեջ տիրող անտարբերությունը պատմությունը եւ նոր սերունդը չի ներելու։ Այսօր մենք ֆիքսում ենք, որ գիտության ոլորտում մեր ներկայիս հաջողությունների հիմնական կրողներն, իրոք, խորհրդային ժամանակների կադրերն են, որոնց շարքերն առաջիկա 7—10 տարիների ընթացքում զգալի կնվազեն։ Եթե մենք այսօր իսկ չիրականացնենք վերոհիշյալ միջոցառումները, ապա կկորցնենք ամեն ինչ՝ քիչ թե շատ որակյալ դասախոսներին, գիտական դպրոցների հիմնադիրներին, որոնց փոխարինողներ չեն լինի, եւ մենք կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ։ Հետագայում եթե փորձենք վերադառնալ այսօրվա կամ առավել եւս 70—80—ական թվականներին տիրող իրավիճակին, ապա լավագույն դեպքում անհրաժեշտ կլինի ծախսել միլիարդավոր դոլարներ եւ մի քանի տասնյակ տարիներ։ Այսօր մենք կանգնած ենք վտանգավոր սահմանագծին եւ հերթական անգամ սխալվելու իրավունք չունենք։ Անհրաժեշտ է գործել. սպասելու ժամանակը գրեթե սպառվել է։

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուրը՝ ՀՀ