Վերջերս 77 տարեկան հասակում մահացավ փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը՝ մարդ, ով 1983թ.-ի սեպտեմբերի 26-ին փրկեց աշխարհը, երբ գիշերն արթնացավ ԽՍՀՄ-ի տարածքում ամերիկյան բալիստիկ հրթիռների հարվածի մասին հաղորդագրությունը լսելով»,-գրում է The Washington Post-ը: «Ամերիկյան նոր հրթիռի մեկնարկի մասին «Օկո-5» նոր ռադարից ազդանշան ստանալով՝ Պետրովը, ով գիտեր, որ նոր ռադարը ստուգման կարիք ունի, մտածեց, որ ԱՄՆ-ն չի սկսի միջուկային պատերազմ ընդամենը մեկ հրթիռով, եւ ղեկավարությանը հայտնեց, որ կեղծ տագնապ է: Դրանով նա կանխեց բարձրաստիճան զինվորականների արձագանքը, ինչը կարող էր աղետաբեր լինել»:
«Թվում է՝ հնչում է որպես հին պատմություն: Սակայն այսօր՝ սառը պատերազմից բազում տարիներ անց, նշանակություն ունի այն, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջուկային մարտագլխիկներով հրթիռները գտնվում են մարտական պատրաստ վիճակում: Այդ անախրոնիզմը մնացել է այն օրերից, երբ գերտերությունները կարծում էին, որ զսպվածությունը պետք է հիմնված լինի փոխադարձ ոչնչացման սպառնալիքի վրա»:
«Բարձր մարտական պատրաստվածության աստիճանն այսպիսին էր. ամերիկյան ցամաքային հրթիռները պետք է գործի դրվեին նախագահի հրամանից չորս րոպե անց, իսկ սուզանավերի հրթիռները՝ հրամանից 12 րոպե անց: Մոսկվայի հետ այսօրվա լարվածությունը կարիք չունի նման պատրաստվածության»,- նշում են լրագրողները:
«Չնայած բոլոր նախազգուշացումներին, եթե որոշում կայացվի միջուկային մարտագլխիկներով հրթիռների մեկնարկի մասին, իսկ յուրաքանչյուր նախագահ յուրացնում է տվյալ գործընթացը, դա կարող է առաջանալ անվստահության, վախի, քաոսի, տեխնիկական խնդիրների միջավայրում: Փառք Աստծո, որ Պետրովը ճիշտ է վարվել: Այսօր աշխարհին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի գլխավորությամբ անհրաժեշտ է գտնել այդ վտանգից հեռու ճանապարհ»,- ասվում է հոդվածում:
Աղբյուր՝ The Washington Post
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան