22 Սեպտեմբերի 2020թ. 14:12

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿՀՐԱՎԻՐՎԻ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ասել է, որ 2018թ. Հայաստանում նախատեսվում է միջազգային տնտեսական համաժողով անցկացնել: «Վերջերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում մենք ներկայացրեցինք Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի եւ արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն: Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր:

Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական եւ տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսական կազմակերպություններին եւ ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին մեկշաբաթյա ժամկետում միջազգային համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ եւ տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ:
Միջոցառման կազմակերպչական եւ հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը հանձնարարվել է վերապահել Հայաստանի զարգացման հիմնադրամին:
«Մենք իրականում ուզում ենք տնտեսական եւ ներդրումային կանոնավոր հարթակ ստեղծել, որտեղ կպատմենք՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունենք, համաշխարհային ճանաչում ստացած մասնագետների հետ կքննարկենք մեր մոտեցումներն ու պատկերացումները, ինչպես նաեւ պոտենցիալ գործընկերներին կներկայացնենք մեր նախագծերը»,- ընդգծել է վարչապետը: