Մանթաշյանց գործարարի մասին ժամանակակիցներն առասպելներ էին պատմում: Մարդկային բարձր որակներն ու խորաթափանցությունը, անշուշտ, դժվարին ու հետևողական աշխատանքի արդյունք էին: Սիրով լսում էր իրեն շրջապատող մարդկանց կարծիքներն ու խորհուրդները, բայց մշտապես ինքն էր որոշում ընդունողը: Նրա բոլոր կարևորագույն գործերի, նյութական հաշիվների կատարողները, գանձապահները, արտադրության ղեկավարներն ու հսկիչները, աշխարհով մեկ սփռված առևտրական գրասենյակների պետերը, որպես կանոն, ազգությամբ հայ էին: Ուշագրավ է , որ գործարարության վարման Մանթաշյանական «համակարգի» սկզբունքներից շատերը կիրառվում են նաև համաշխարհային գործարար փորձում: Հայ գործարար սերնդի այսօրվա ներկայացուցիչների համար անգնահատելի ծառայություն կարող է մատուցել ծանոթությունը հայ մեծ բարերար ու գործարար Մանթաշյանցի գործարարության վարման վարքականոնը: «Hayacq. am»— ներակայացնում է մեծագույն հայի բիզնես վարքականոնի որոշ սկզբունքներ:
- Մանթաշյանը նախապես կատարում էր աշխատանքի որոշակի բաժանում և գործերի առևտրական մասը վարում էր անձամբ, Թիֆլիսի՝ իր իսկ հիմնած գրասենյակում:
- Գործարարը կատարում էր գործի այն մասը, ինչին քաջատեղյակ էր, իսկ արդյունաբերության հետ կապված բոլոր այլ բնույթի խնդիրների լուծումը հանձնարարում էր համապատասխան մասնագետներին, որոնց ծառայությունները գնահատում էր բարձր վարձատրությամբ:
- Երբեք գործը չէր հետաձգում, անմիջապես կազմակերպում էր նամակների առաքումը՝ պատասխանները գրելով նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Դժվարանալու դեպքում նոր միայն դիմում էր թարգմանչի օգնությանը:
- Մասնագետների ընտրությունը կատարում էր՝ առաջին հերթին գնահատելով տվյալ մասնագետի մարդկային բարձր արժանիքները՝ ազնվությունը, արդարամտությունը, պատասխանատվությունը և այլն: Պատահական չէ, որ նրա գործավարները աչքի էին ընկնում կայուն բարոյական առաքինություններով:
- Մասնագետների ընտրության ժամանակ, բացի մարդկային արժանիքներից, առաջնորդվում էր նաև երկու այլ հիմնական սկզբունքներով.
ա) կարևորում էր կրթությունը, տվյալ անձնավորության խոր գիտելիքները, օտար լեզուների իմացությունը, այսինքն` ինչ- պես ինքն էր ձևակերպում, «ուսյալ լինելու» հանգամանքը,
բ) առավելություն էր տալիս գործիմացությանն ու փորձառությանը:
- Մասնագետներից յուրաքանչյուրին հանձնարարում էր այնպիսի աշխատանք, որը համապատասխանում էր նրա նախասիրություններին և ընդունակություններին: Այդ պատճառով էլ նրա աշխատողներն իրենց վստահ ու ոգևորված էին զգում՝ գտնելով իրենց ճիշտ տեղը կյանքում:
- Մեծ հարգանքով էր վերաբերվում և շատ բարձր էր գնահատում արհեստավորներին: Ավելին, իր համար մեծ պատիվ էր համարում նրանց սատարելն ու մեծարելը:
- Սիրում էր իրեն շրջապատել բանիմաց ու կիրթ մարդկանցով: Նա բոլորին գնահատում էր ըստ արժանվույն, իրենց կատարած գործերին համապատասխան: