Արցախում չգերազանցված ռեկորդներին նվիրված մրցաշար կանցկացվի

2018թ. Նախատեսվում է Արցախում կազմակերպել մրցաշար նվիրված հեռացատկի արդեն 30 տարի չգերազանցված Եվրոպայի ռեկորդակիր (8 մետր 86 սանտիմետր) Ռոբերտ Էմմիյանի և Եվրոպայի հեռացատկի վեցակի չեմպիոն Իգոր Տեր-Հովհաննիսյանի ռեկորդներին, փոխանցում է Արցախպրեսը:

ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի, ԽՍՀՄ ու ՀՀ բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող Ռոբերտ Էմմիյան իր խոսքում նշել է. «Իգոր Տեր-Հովհաննիսյանը մեր լեգենդար մարզիկներից է: 1958թ.-ին նրա սահմանած ռեկորդը 29 տարի հետո հաջողվել է գերազանցել ինձ: Ուրախ եմ, որ Արցախի Հանրապետության նախագահի և իշխանությունների կողմից առաջարկ է եղել, Իգոր Տեր-Հովհաննիսյանի սահմանած ռեկորդի 60, նրա ծննդյան 80 և իմ՝ դեռևս չգերազանցված ռեկորդի 31 ամյակներին նվիրված, Ստեփանակերտում թեթև աթլետիկայի մրցաշար անցկացնել»:

Խոսելով Արցախում թեթև աթլետիկայի զարգացման մասին՝ Էմմիյանը նշել է, որ բնատուր տվյալներով օժտված պատանի ատլետներ կան, և հուսով է, որ նրանք կդրսևորեն իրենց միջազգային մրցաշարերում:

«Ֆեդերացիան օգտագործում է իր բոլոր հնարավորությունները մարզիկների համար անհրաժեշտ մարզական պայմաններ ստեղծելու և տարբեր միջազգային մրցաշարերի նրանց մասնակից դարձնելու համար, ինչը կարևոր պայման է հաջողություններ ունենալու համար»,- ասել է Էմմիյանը: