ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ որոշ անվճար համակարգով բուհ ընդունված արական սեռի ուսանողներին ևս 18 տարին լրանալով զորակոչում են բանակ, հստակեցրեց, որ 18 տարին լրացած քաղաքացիներն ինչպես առաջ, հիմա էլ զորակոչվում են բանակ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում սովորելու դեպքում, եթե տարկետման իրավունք չունեն:

Ըստ նախարարի՝ տարեկան բուհեր ընդունում է 5-ից 6 հազար արական սեռի ուսանող,  որոնցից տարկետման իրավունք ստանում է մոտ 700-800-ը:

«Առանցքային հիմնավորումն այն է, որ անընդհատ կրթությունն ավելի որակով է, քան ընդհատվածը: Ստացվում է` մենք ավելի ցածր նիշով ընդունված, ավելի թույլ ակադեմիական կարողություն ունեցող մարդուն կրկնակի ավելի բարդ վիճակի մեջ ենք դնում, որովհետև ընդհատում ենք ցիկլը, այնինչ 1-2 ավելի բարձր միավոր ստացած քաղաքացուն տալիս ենք 4 տարով տարկետման իրավունք»,-բացատրեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը թվերով խոսեց. «Շատ վատ թիվ պետք է հնչեցնեմ՝ 18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը: Դա նշանակում է, որ առաջին տարկետումը հիմք է հետագայում բանակում չծառայելու համար»,-ասաց նա և նշեց, որ այդ բացը շտկելու համար «Պատիվ ունեմ» ծրագիրն են առաջ քաշել:

«Մեր քաղաքականությունը, որը ներառված է «Պատիվ ունեմ» ծրագրի տրամաբանության մեջ և «Զինված ուժերի» մասին ներկայացված օրենքների նախագծերում, միտված է նրան, որ տարկետում տանք նրան, ով որոշում է, որ բակալավրիատն ավատելուց հետո պատրաստ է 3 տարի՝ 2-ի փոխարեն ծառայել որպես սպա, աշխատավարձ ստանալ և պետությունից ստանալ ամբողջական փոխհատուցում թե՛ բակալավրիատի ուսուցման, թե՛ մագիստրատուրայի. ընդ որում` նաև արտերկրի լավագույն բուհերում «Լույս»  ծրագրի շրջանակներում»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ կոնցեպտն այն է, որ քաղաքացին, որը համապատասխանում է  ֆիզիկական տվյալներով և ուսման միջին որոշակի միավոր է ապահովում,  իր շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, և հնարավորություն է ունենում ստանալ սպայական ծառայություն, իսկ ձեռք բերած գիտելիքները ներդնել երկրի ծառայության գործում: «Արդար ծրագիր է, և սրա շնորհիվ հավասար դաշտ է բացվում բոլոր բուհերի համար`պետական, ոչ պետական, միջազգային»,- ասաց նա և նշեց, որ այս դեպքում տարկետման բաշխումն ավելի օբյեկտիվ է, ոչ թե ինչ-որ սխեմայով, և առանց հասարակության ավելորդ ռազմականության:

«Երբ անհամաչափ քանակության սպաներ կպատրաստենք, հետո կզորացրենք։ Հիմա մենք տալիս ենք հնարավորություն կրտսեր պաշտոններում ծառայել, ու միաժամանակ կարողանալ մագիստրատուրայում շարունակել և պիտանի լինել երկրին»,-ասաց նա: