Ամերիկահայ գիտնականն ուզում է Հայաստանում նանոտեխնոլոգիաների կենտրոն հիմնել

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևանում է ճարտարագիտության դոկտոր, ինքնաշխատ համակարգերի կառավարման բնագավառի գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի ԱՐՓԱ ինստիտուտի նախագահ, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի դասախոս Հակոբ Փանոսյանը:

Հայ գիտնականի նախաձեռնությամբ Հայաստանում արդեն տասներորդ անգամ անցկացվում է «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակը երիտասարդ հայ գյուտարարներին խրախուսելն ու կիրառական գիտության առաջընթացի ապահովումն է, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում տնտեսության զարգացմանը:

Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել 2017 թվականի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 11 երիտասարդ գյուտարար:

«Անկախի» հետ զրույցում Հակոբ Փանոսյանը ներկայացնում է ոչ միայն այս ծրագիրը, այլև Հայաստանի հետ կապված իր մյուս ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են գիտության զարգացմանը և դրա կիրառման հնարավորություններին:

«Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխությունը տարիների պատմություն ունի, սակայն զրուցակիցս ցավով է նշում, որ մրցույթի մասնակիցները տարեցտարի պակասում են, ինչը վկայում է Հայաստանում գիտության նկատմամբ հետաքրքրության նվազման և գիտության հետընթացի մասին: Թե ինչու մրցանակաբաշխության նկատմամբ մեծ հետաքրքրություն չկա, Փանոսյանը տարբեր պատճառներ է նշում. ուսանողների մեծ մասը, այնուամենայնիվ, չի բռնում գիտության ուղին, պետական կառույցներն էլ անտարբեր են ոլորտի նկատմամբ.

«Հայաստանի իշխանություններն առավոտից երեկո հայտարարում են, թե նորարարության զարգացման ծրագրեր են իրականացնում, բայց մենք արդեն տասներորդ տարին է՝ նորարարության մրցույթ ենք անցկացնում, և իշխանությունների կողմից՝ ոչ մի հետաքրքրություն: Հրավեր ենք ուղարկում նախարարություններ, որ ներկա լինեն: Եկող չկա»,- ասում է գիտնականը:

Սակայն պետական համակարգի անտարբերությունը չի խոչընդոտում Հայաստանում նորանոր ծրագրերի իրականացմանը: Հայաստանի հետ կապված ծրագրեր Փանոսյանը սկսել է իրագործել դեռ 80-ականներին, երբ 1983-ին Միացյալ Նահանգներում հիմնում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը, 1988-ին նախաձեռնում Հայ գիտնականների և ճարտարագետների համաշխարհային առաջին գիտաժողովը Լոս Անջելեսում, 1992-ին մի խումբ հայ գիտնականների աջակցությամբ հիմնում ԱՐՓԱ (ARPA- Analysis Research and Planning for Armenia) բարեգործական կազմակերպությունը, նույն տարին Հայաստանում կազմակերպում է էներգետիկների առաջին համաժողովը և այլն:

Այս տարի լրացավ ԱՐՓԱ-ի գործունեության 25-ամյակը: ԱՐՓԱ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել հայ գիտական ներուժի զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, խթանել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում: Տարիներ ի վեր կազմակերպությունն ուսումնասիրում է ՀՀ գիտատեխնիկական տարբեր բնագավառներն ու համապատասխան ծրագրեր մշակում:

«Լոս Անջելեսում կազմակերպում ենք հեռավար ուսուցման սեմինարներ, որոնց միջոցով ծավալում ենք մասնագիտական բանավեճեր հայության և Հայաստանի կարևոր հարցերի շուրջ: Ունենք ամենամսյա հեռավար դասախոսություններ: ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մասնագետները գիտության և մասնավորապես ճարտարագիտության նորարարությունների մասին իրենց գիտելիքներն ու գիտության բնագավառի վերջին տեղեկությունները հեռավար դասախոսությունների միջոցով փոխանցում են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին»,- թվարկում է Փանոսյանը:

Առաջիկա խոշոր ծրագրերից մեկն էլ կապված է նանոտեխնոլոգիաների զարգացման հետ: ԱՐՓԱ-ն պատրաստվում է Հայաստանում հիմնել նանոտեխնոլոգիաների կենտրոն և այդ նպատակով նախորդ շաբաթ Երևանում կազմակերպել է հանդիպում Հայաստանում նանոտեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ոլորտի իրավիճակն ու խնդիրները: «Մոտ 10 կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպեցինք, որոշեցինք համագործակցել, որպեսզի կարողանանք ծրագրեր կազմել»:

Փանոսյանը մեր հարզացրույցի նույն օրը մասնակցում էր մի համաժողովի, որը նվիրված էր Իրանի հետ համագործակցությանը: Պարզվում է՝ Իրանում նանոտեխնոլոգիաների ոլորտը մեծ արագությամբ զարգանում է, այնտեղ գործում է շուրջ 166 ընկերություն: Աբսուրդն այն է, որ հայկական մի շարք ընկերություններ իրենց կարիքների համար փորձում են համագործակցել իրանական նանոտեխնոլոգիական ընկերությունների հետ, մինչդեռ նույն ոլորտում գործունեություն ծավալող մեր գիտնականների հետ որևէ համագործակցություն չկա:

«Ես հիմա քով- քովի բերեցի ընկերության պատասխանատուին և մեր գիտնականին, ասացի՝ դուք ինչո՞ւ իրար հետ չեք խոսում, ասացին՝ մենք իրարից տեղյակ չենք: Մեր մասնագետները շատ բարձր մակարդակի են, բայց, ցավոք, գործակցություն չկա: Սա նաև մտածելակերպի խնդիր է: Իսկ մեր աշխատանքը նաև նման հարթակներ ստեղծելն է»:

Մյուս կարևոր ծրագիրը, որ սկսել են նախորդ տարի, միտված է գիտության նկատմամբ հետաքրքրության խթանմանը դպրոցական շրջանակներում: Զրուցակցիս խոսքով՝ ամերիկյան դպրոցներում անց է կացվում գիտական ցուցահանդես, որին աշակերտներն իրենց նորարարական ծրագրերն են ներկայացնում՝ սովորելով խնդիրները գիտական ձևով լուծել: Դա նաև նպաստում է, որ աշակերտների մեջ դեռ դպրոցական տարիքից գիտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջանա:

Փանոսյանն ուզում է, որ նման ծրագրեր նաև մեզ մոտ իրականանան, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են կատարել: Անցյալ տարի շուրջ 80 դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար գիտնականը դասընթաց է անցկացրել՝ ներկայացնելով ծրագիրը, դրա կարևորությունն ու Հայաստանում իրականացնելու հնարավորությունները: Այս տարվա հոկտեմբերին 40 դպրոց կմասնակցի նման ցուցահանդեսի: Ծրագրի հեղինակը հույս ունի, որ այն Հայաստանում կկայանա, և մեր աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու նաև այդ ոլորտում դպրոցականների համար անցկացվող ամերիկյան International science and engineering sphere ցուցահանդեսին, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների աշակերտներ՝ պայքարելով լավագույն մրցանակի՝ 75 հազար ԱՄՆ դոլարի համար:

Կարևորելով գիտության դերը երկրի տնտեսության զարգացման գործում՝ գիտնականը ցավով նկատում է, որ գիտությունը Հայաստանում ավելի շատ բացասական ուղղություն ունի, քան դրական: «Նամանավանդ համալսարաններում նկատում ենք մակարդակի անկում»,- ասում է նա:

Գիտնականը տնտեսության զարգացման կարևոր գործոն է համարում նաև բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ապահովումը, օրինակ՝ բիզնեսի աջակցման գրասենյակների ստեղծումը, որոնք կաջակեցեն նոր բիզնեսին մատչելի վարկերի տրամադրման, խորհրդատվության, համագործակցության հարթակների մատուցման և այլ միջոցներով:

Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովին, ապա դրա գործնական արդյունքների մասին Փանոսյանի տեսակետը հետևյալն է. «Գործնական արդյունք կլինի, եթե կառավարության մարդիկ, որոնք այնտեղ ներկա են, իսկապես հետաքրքրվեն ասված մտքերով և դրանք իրագործելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն: Բայց եթե ասվածը միայն խոսք մնա, գործի չվերածվի՝ կդառնա անիմաստ մի բան»:

Համենայն դեպս, Փանոսյանն այս համաժողովից շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան նախորդներից: «Այս անգամ շատ ավելի լուրջ է տնտեսական կացությունը, և ամեն մարդ լուծումների փնտրտուքի մեջ է, հուսանք՝ այս անգամ խոսքից գործի կանցնեն»,- ասում է ամերիկահայ գիտնականը:

Անի Գասպարյան