28 Սեպտեմբերի 2020թ. 9:40

​Բիզնես աշխարհի հետ բիզնեսի լեզվով պետք է խոսես, այդ դեպքում կհաջողես

Գիտությունը Հայաստանում ապագա ունի, մենք բավարար հիմքեր ունենք, մնում է, որ մի քիչ ճիշտ աշխատանք տարվի: Այս կարծիքին է տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, «Բարվա» ինովացիոն կենտրոնի տեխնիկական մենեջեր, 29-ամյա Արման Վարդանյանը, որ նաև Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2017» մրցույթի հաղթողների ցուցակում է։

Վարդանյանը նշում է, որ իր ապագան ևս գիտությունում է տեսնում, սակայն արտասահմանյան համագործակցությամբ։ Ասում է, որ հայաստանյան շուկան փոքր է, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու հնարավորություն են տալիս։

«Հնարավորությունները կան, պարզապես պետք է բիզնես աշխարհի հետ բիզնեսի լեզվով խոսես, այդ դեպքում կհաջողես»,- ասում է նա։

Գիտնականների ընտանիքում ծնված ու մեծացած Վարդանյանը դեռ դպրոցական տարիներին էր որոշել, որ ինժեներ է դառնալու։ Երբ վրա է հասնում ընտրության ժամանակը, նա ընդունվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ։ «Իմ հետազոտությունների հիմնական ոլորտը վերաբերում է մթնոլորտային տեղումների խթանմանը, կանխարգելմանը, նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրներով եմ զբաղվում՝ արևային էներգիա, բիոզանգվածից ստացվող էներգիա»,- իր գործունեությունն այսպես է նկարագրում Վարդանյանը, որը հակակարկտային և անձրևաբեր համակարգերի արտոնագրերի հեղինակ է։

«Գիտության և տեխնոլոգիաների դերակատարությունը մեր երկրում գնալով մեծանում է: Խորհրդային տարիներին էլ Հայաստանն ուժեղ բազա է ունեցել իր արդյունաբերությամբ, գիտությամբ, կրթական համակարգով: Հիմա պետք է փորձենք անկախացումից հետո առաջացած բացը լրացնել, այդ կորուսյալ տարիները հետ վերադարձնել և մի բան էլ առաջ անցնել, որովհետև մենք այդ պոտենցիալն ունենք,- ասում է Վարդանյանը և հավելում, որ առաջընթաց արդեն իսկ կա, վկայությունը ՏՏ ոլորտն է:- Բայց ավելի շատ նյութական արտադրության տեսքով Հայաստանն այդ բարիքները պետք է տեսնի, գիտության պրոդուկտ պետք է տանք»:

Կիրառական ոլորտում հաջողության հասնելու դժվարությունները ներկայացնելիս Վարդանյանը նշում է, որ ներքին շուկան փոքր է, հետևաբար, պահանջարկն ու սպառման ծավալները՝ ևս: «Բայց եթե լավ արտադրանք ես ունենում, ճիշտ մարկետինգային աշխատանքի դեպքում դրսում էլ հաջողության կարող ես հասնել: Ճիշտ է, դա էլ ժամանակատար է, նաև ավելի դժվար է, քան քո երկրում, բայց հնարավոր է: Մենք վերջին տարիներին բավականաչափ արտահանում ենք հարևան երկրներ` Իրան, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա: Բայց եթե ասեմ, որ հեշտ է ստացվում աշխատելը, սուտ կլինի»,- ասում է նա:

«Բարվա. ընկերությունը, հիմնվելով շուկայական պահանջարկի և ժամանակի առաջնահերթությունների վրա, արտադրում է հակակարկտային կայաններ, անձրևային տեղումների խթանման, ինչպես նաև հակացրտահարության, արևային էներգիայի կայաններ, պանելներ:

Վարդանյանը նշում է, որ կիրառական ոլորտում գիտնականների հաջողության հասնելու մի քանի կարևոր նախապայմաններ կան. նախ պետք է աշխատել գաղափարների վրա, որոնք Հայաստանում պահանջված են: «Գիգանտամանիայից» բխող գաղափարները, որոնք հասու են միայն հարուստ երկրներին, տեղին չեն:

Հաջորդ կարևոր գործոնը, ըստ նրա, բիզնես մտածողություն կամ այդ մտածողությամբ լավ թիմ ունենալն է: Իսկ երրորդ պայմանը որոշակի ֆինանսավորումն է: Նա վստահ է` հետագա հաջողության և դրանից բխող արդյունքների ակնկալիքը կխթանի թիմին արդյունավետ աշխատել:

Միաժամանակ նա ասում է, որ հենց մասնավորը պետք է ուղիներ փնտրի իր արդյունքն առաջ մղելու համար․ «Ոչ ոք երբեք չի գա ու քո դուռը չի թակի` ասելով սրա կարիքն ունեմ: Դու պետք է հասկանաս, թե ինչի կարիք ունի և մի լավ նմուշ ձեռքիդ՝ գնաս բանակցելու: Շուկայական հարաբերություններում չպետք է պասիվ վիճակում սպասել, որ քեզ մոտենան»:

Գիտության առևտրայնացումը նա պարտադիր պայման է համարում: Ասում է, որ երկրում հավասարապես պետք է զարկ տրվի թե՛ հիմնարար, թե՛ կիրառական գիտությանը. մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել:

Նա հատկապես կարևորում է գիտություն-բիզնես համագործակցությունը: Ասում է, որ գիտությունն արագ փող չի բերում, մինչդեռ բիզնեսմենն ուզում է, որ իր ներդրումն արագ հետ գա: «Գիտությունը երկարաժամկետ ներդրում է ենթադրում: Բայց երբ փողը սկսում է հետ գալ՝ լավ է գալիս»,- ասում է նա:

Նա դրական է գնահատում նաև կառավարության ՝ կիրառական ուղղություններին առաջնահերթություն տալու մտադրությունը: Ասում է, որ լավ հիմնարար պրոյեկտներն անկասկած շարունակվելու են ֆինանսավորվել նաև հետագայում: «Սա, իմ կարծիքով, ընդամենը շեշտադրման հարց է»,- ասում է նա:

Գիտությունը՝ հիմնակա՞ն, թե՞ երկրորդական զբաղմունք

Հարցին, թե ինչպես է կարողանում համատեղել գիտությունը, դասախոսական աշխատանքը և գործունեությունը մասնավոր ոլորտում, Վարդանյանը նշում է. «Բարվա» ինովացիոն կենտրոնն ուղնուծուծով գիտության մեջ է: Եթե այլ ոլորտի ընկերությունում աշխատեի, բնականաբար գիտությունը կտուժեր: Բայց այսպես համատեղել հնարավոր է, և շատ կարևոր է, որ գիտական աշխատանքը, դրա կիրառությունը և ներդրումը տնտեսության մեջ համակցված են: Երբ այդ ողջ շղթան, ամբողջական պատկերը տեսնում ես, ավելի արդյունավետ ու հեշտ է լինում աշխատել»,- ասում է նա:

Անդրադառնալով դասախոսական գործունեությանը` նշում է, որ քառորդ դրույքով է դասավանդում: Ասում է, որ դասախոսի վարձատրությունն էլ շատ ցածր է ու չի գրավում ոլորտի լավագույն մասնագետներին: Նրա խոսքով` ինքը համալսարանի առջև իր պարտքը կարողանում է դասավանդելով կատարել ազատ գրաֆիկի շնորհիվ, ինչը չի կարող իրեն թույլ տալ ամբողջ օրն աշխատող շարքային մասնագետը:

Անդրադառնալով գիտության գրավչությանը` ասում է, որ 90-ականների համեմատությամբ՝ գիտության ոլորտում իրավիճակն առանձնապես չի փոխվել. այն դեռևս պետության համար առաջնային չէ, սակայն որոշակի առաջընթաց այնուամենայնիվ կա. «Օրինակ՝ ՏՏ ոլորտը լուրջ զարգացավ վերջին տարիներին, լուրջ աշխատավարձով և լավ պայմաններով աշխատանք կա այս ոլորտում: Լավ մասնագետը հնարավոր չէ, որ գործ չգտնի Հայաստանում»:

Վարդանյանը նշում է, որ իր ուսանողների շրջանում էլ մտայնության փոփոխություն է նկատում: Եթե նախկինում միտում կար, որ սովորելն անիմաստ է, ոչինչ չի տալու, բացի թղթի կտորից, ապա այժմ գիտակցում են, որ պետք է նվիրվեն ու լավ սովորեն, քանի որ հեռանկար են տեսնում:

Անդրադառնալով գիտության խնդիրներին՝ Վարդանյանը նշում է, որ առաջնահերթ պետք է բուհական համակարգն արդիականացվի, իրականացվեն կառուցվածքային փոփոխություններ, իսկ լաբորատորիաները հագեցվեն ժամանակակից սարքավորումներով։ «Այլևս միայն գրատախտակը, տետրն ու տնային աշխատանքը բավարար չեն: Այդ սխեման հնացել է, էլ չի գործում: Ուսումնառության ընթացքում էլ կիրառական մաս է պետք,- ասում է Վարդանյանը։- Լավ երեխաներ, լավ կադրեր կան, ուղղակի պետք է նրանց հետ աշխատել, ու կիրառական գիտության համար պատրաստի կադրեր կունենանք։ Կարևոր է նաև մենթալիտետի փոփոխությունը, որ գլոբալ հարցերից հետ գանք իրական աշխարհ, հասկանանք, թե մեզ ինչ է պետք ու ըստ այդմ շարժվենք առաջ»:

Հայկուհի Բարսեղյան