22 Սեպտեմբերի 2023թ. 6:44

Ատոմ Մարգարյան. Հայաստանում նախորդ տարվա համեմատ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս, բայց թանկացել են առաջին սպառման ապրանքները. սա կարող է հանգեցնել նոր թանկացումների

Tert.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցել է վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված էական թանկացումների մասին: Մարգարյանի խոսքով՝ հանրապետությունում, ընդհանուր առմամբ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում կա: Միևնույն ժամանակ տնտեսագետը շեշտեց՝ թանկացում եղել է հատկապես առաջին սպառման ապրանքների մասով: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ մանր ու խոշոր եղջերավոր  անասունների արտահանումն է ավելացել, ինչը կարող է հանգեցնել գնի բարձրացման:

Տնտեսագետը նկատեց՝  եղել է թռիչքային թանկացում, իսկ միջազգային շուկայի թանկացումն անմիջապես չէր կարող ազդել, այսինք՝ պետական մարմինների միջամտություն է հարկավոր:

Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում հանրապետությունում մի շարք ապրանքներ մասով գնաճ է եղել, մասնավորապես` կաթնամթերք, միս և այլ: Սա ինչի՞ հետևանք է, արդարացվա՞ծ է:
— Գնաճը պետք է տարբերել որպես մակրոտնտեսական երևույթն և որպես առանձին շուկաներում կամ ապրանքային խմբերի առանձին  հատվածներում շուկային գնային տեղաշարժեր՝ տվյալ դեպքում գնային բարձրացում: Գնաճը, որպես մակրոտնտեսական երևույթ, որպես սպառողական ապրանքների գների ինդեքսով հաշվարկվող ցուցանիշ ԱՎԾ տվյալներով՝ հունվարից սեպտեմբեր ամիսներին, բավականին ցածր է եղել՝0.6 տոկոս: Միայն սեպտեմբերին գնաճը կազմել  է 0.2%, իսկ հունվար սեպտեմբերը՝  2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նկատմամբ՝  0.6 տոկոսով է ավելացել: Այսինքն՝ 1 տոկոսից էլ ցածր մակարդակի վրա, մասնավորապես,  սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքների մասով՝  3.8%, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային  արտադրատեսակների՝ 2.9%,  հագուստ և կոշկեղենը սեպտեմբեր և օգոստոս ամիսներին՝ 5.6  տոկոսով ավելացել են, իսկ 9 ամսվա տվյալներով՝ 2.8 անկում կա: Մենք տեսնում ենք այնպիսի ապրանքային շուկաներ՝ տնային գործածության ապրանքներ, կենցաղային տեխնիկա, բնակարանային խնամքի առարկաներ՝ 94.4 տոկոս, բնակարանային ծառայություներ՝ ջուր, էլեկտրաէներգիա ՝ 95.1 և այլն: Այս թվերն ասում եմ, որովհետև  տեսնում ենք ապրանքախմբեր, որտեղ էական գնանկում է եղել , ընդհանուր առմամբ  սպառողական գների ինդեքսը՝ գնաճը, ցածր ցուցանիշ ունի:
Ընդհանուր առմամբ, գնաճը մեծ չէ, բայց սննդամթերքի շուկայում գնաճն իսկապես նկատելի է, քանի որ որոշ ապրանքների դեպքում ընդհուպ մինչև 40-50%:
— Սեպտեմբեր ամսին, այո՛, մենք և ՛մսամթերքի, և՛ կաթնամթերքի մասով գնային թռիչք տեսնում ենք, որն ունի իր օբյեկտիվ, սուբյեկտիվ, կասեի՝ սպեկուլյատիվպատճառները: Եթե կոնկրետ նայենք կարագին, ապա պետք է ասենք, որ միջազգային շուկայում գները բարձրացել են, հատկապես նոր զելանդական կարագինը՝ մինչև 133 տոկոս: Բնականաբար, միջազգային շուկայում թանկացումը չի կարող չանդրադառնալ որակով բարձր ապրանքի գների վրա: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ  ներմուծվող կարագի 60 տոկոսը նորզելանդական է, ապա պատկերը պարզ կլինի: Այո՛, որակյալ կարագ այլ երկրներից էլ է ներկրվում, մասնավորապես, Իտալիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, քիչ քանակությամբ կարագ ներկրվում է ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, բայց սրանք եղանակ չեն ստեղծում: Կարելի է ասել՝ կարագը թանկացել է որոշակի սպեկուլյատիվ  նկատառումներից ելնելով, քանիոր սովորաբար, երբ մի ապրանքի գինը թռիչքային բարձանում է, օգտվում են ներկրողները, վաճառողներն ու արտադրողները կամ վերավաճառողները: Սպեկուլյատիվ գործոն, աժեոտաժային պահանջարկ կա նաև նորզելանդական կարագի մասով, որ 2600-2800-ի սահմաններից հասել է 4000 դրամի սահմաններ: Նաև վատթարացել են ներքին արտադրության տնտեսական պայմանները, քանի որ գիտեք, թե այս տարվա գյուղատնտեսությունն ինչպիսի վիճակում է՝ երաշտ, սակավաջրություն, թանկացել է անասնակերը և այլն, բնականաբար, տեսնում ենք  կաթի արտադրության ծավալների նվազում: Բայց, թանկացումը, որ եղել  միջազգային շուկայում, չի լրացվել ներքին արտարդրությամբ, իսկ այս բացասական միտումը մինչև մյուս տարվա գարուն շարունակվելու է:
Թռիչքային բարձրացում եղել է նաև մսամթերքի գնում, ինչը կապվում է նաև արտահանման ծավալների ավելացման հետ:
— Անկասկած կապ ունի արտահանման հետ: Միսն ու մսամթերքը, մսից վերամշակված  սննդատեսակները, իհարկե, արտահանվում են, բայց կենդանի անասունների մեծաքանակ արտահանում է եղել՝ համեմատած նախորդ տարվա հետ: Օգոստոս–սեպտեմբեր ամիսներին խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ մեծ քանակությամբ արտահանվել են արաբական երկներ, Սիրիա, Քաթար, Իրաք, Քրդստան, Իրան: Որոշ գնահատականներով՝ կենդանի անասունների մինչև 8000 գլուխ խոշոր և մանր անասուններ են արտահանվել, ինչը նվազեցրել է  առաջարկը, որով պայմանավորված մսամթերքը թանկացել է, սրան նպաստել է աժեոտաժային իրավիճակը: Այս պատկերը կարող է շարունակվել շուկայում, եթե ներդրումները խրախուսելու քայլեր չարվեն։ Սրան զուգահեռ նաև պետք է արձանագրել, որ նվազել է թռչնամսի գինը, քանի որ հատկապես վերջին ամիսներին ավելացել է ՌԴ-ից թռչնամթերքի ներմուծումը: Սակայն այստեղէլ  ռիսկեր կան մեր թռչնաարտադրողների համար, որովհետև տնտեսվարման պայմանները ՌԴ-ում շատ ավելի բարենպաստ են, քան մեզ մոտ, ինչը կարող է լրջորեն վնասել տեղական արտադրությանը: Այստեղ կառավարությունը գյուղատնտեսության սեգմենտի վերաբերյալ պետք է վերանայի իր քաղաքականությունը:

Դուք նկատեցիք, որ հանրապետությունում գնաճը 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքախմբերի մասով գնանկում կա, բայց չէ՞ որ թանկացել են առաջին սպառման ապրանքները, ինչի  աճը հասարակություն իր վրա անմիջապես զգում է:


— Անկասկած ազդեցությունը լինելու է ոչ բարենպաստ, ազդեցությունը լինելու է եկամտի և  փոխարինման էֆեկտի հաշվին: Այսինքն՝ մարդիկ ստիպված են լինելու ավելի որակյալ սննդամթերքը փոխարինել էժան  ու ոչ որակով սննդամթերքով, այսպես կոչված նորմալ ապրանքները փոխարինելու են այլ ապրանքներով՝ որակյալ կարագի փոխարեն կօգտագործեն մարգարին, բուսական յուղի ծավալները կավելանան: Այստեղ հարցն այն է, որ  պահանջարկի ավելացմամբ կարող են թանկանալ նաև հարակից ապրանքները՝ այսինքն` մարգարին, ձեթը և այլն: Սա կանդրադառնա կյանքի որակի վրա՝ նվազեցնելով բնակչության խոցելի շերտերի կենսամակարդակը:
— 2015 թվականից ՀՀում չի բարձրացել աշխատավարձերն ու կենսաթոշակները, փոխարենը՝ ստաբիլ 4 տոկոս գնաճ է միշտ ամրագրվում բյուջեով: Եկամուտների չավելանալն ու ապրանքների թանկացումը սոցիալական նոր բեռ չե՞ն ավելացնելու պետության համար:


—  Նախորդ 2 տարիներին գնանկում է եղել, որովհետև կտրուկ նվազել էր պահանջարկը, հատկապես սանկցիաների պատճառով մասնավոր տրանսֆերտներ են կրճատվել և այլն: Այս տարի նախորդ երկու տարիներից կտարբերվի և ծրագրած 2 տոկոս թանկացումը կգերազանցվի: Սա կարող է  բերել եկամուտների, աշխատավարձերի, պետական  սեկտորում աշխատողների, կենսաթոշակների և նպաստների արժեզրկմանը: Ճիշտ եք, սա  կարող  բերել նաև կենսամակարդակի անկման: Կառավարությունը կարող է տարբեր գործիքներով փորձել զսպել գնաճը, իսկ գործիքներից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, բայց մյուս կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում վերջին 1 տարում չի եղել, սակայն իմաստ ունի նվազեցնել:

Չնայած ԿԲ-ի քաղաքականություն այս տարի եղել է ընդլայնողական: Ուղղակի միջամտություն է հարկավոր, այսինքն՝ կարող են նաև վարչական միջամտության կիրառել, որի փորձն ունի Կառավարությունն: Այսինքն՝ սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների վերին շեմ սահմանել, որը գերազանցելու դեպքում շահույթներն ավելի մեծ տոկոսներով կարող են հարկվել և այլ:

Ձեր խոսքում նշեցիք, որ միջազգային շուկայում որոշակի թանկացումներ են եղել, ինչը կարող է ազդել գնաճի վրա: Այդ դեպքում  ինչո՞ւ, երբ միջազգային շուկայում գնանկում է լինում, ՀՀում ապրանքը  չի  էժանանում, բայց հենց բարձրանում է, հաջորդ օրը մեզ մոտ էլ  բարձրանում:


— Սա հենց սպեկուլյատիվ վարքագիծ է, այդպես չպետք է լինի: Մարդիկ չհիմնավորված շահույթ են ստանում, բայց սղացնում են ծախսերի տակ՝ թաքցնելով շահույթները: Սուպերմարկետներում ու մսի վաճառման այլ կետերում տարբերություն կա, սա պետք է ուսումնասիրեն համապատասխան կառույցները: Եթե ինչ-որ պահին ինչ-որ ապրանքներ թանկանում են, ապա գոյություն ունի ժամանակային լար, քանի որ գործարարներն ունենում են որոշակի ներկրված ապրանք՝ նախկին ցածր գնով ձեռք բերված, այսինքն՝ պարտավոր են ապրանքն իրանցել ցածր գնով: Մարդկային ագահությունը սահմաններ  չունի, գործարարներն օգտվում են վիճակից և  մարդկանց աչքին թոզ են փչում: Սակայն, եթե ՏՄՊՊՀ-ն, մաքսային մարմիններն այդ պահին անմիջապես  ապրանքային պաշարները ստուգեն՝  սուպերմարկետներից մինչև պահեստներ,  ֆիքսեն, թե ինչ գնով են ձեռք բերել, հետևեն, որ գնային նման ցնցումներ չլինեն, ապա այս պատկերը չենք ունենա: Սա ընդունված պրակտիկա է շատ երկրներում, քանի որ պետություններ կան, որոնք օպերատիվ հետևում են, հատկապես զգայուն ապրանքների մասով: Եթե օպերատիվ չեն հետևում, ապա ցանկացած գործարար նույն վայրկյանին կարող է թանկացնել, թեպետ պահեստները լիքն են ապրանքներով, որոնք ձեռք են բերվել ավելի ցածր գնով: Համոզված եմ՝ կարագի պարագայում էլ օպերատիվ ստուգում չի եղել:
Եթե ՀՀ փոքր տնտեսությունն արագ է ազդվում միջազգային շուկայի գների տատանումներից, կամ տեսնում են, որ մեր ներկրողներն անբարեխիղճ են,  ինչո՞ւ զարկ չենք տալիս տեղական արտադրությանը:


— ՀՀ-ն բաց շուկայական հարաբերություններ ունեցող երկիր է, ինչն առավելություն է: Թեպետ ճիշտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը որոշակի սահմանափակումներ է դնում, բայց մեկ է հարցերին միշտ պետք է նայել հավասարակշռված ու չեզոք: Այսինքն՝ խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն արտադրողի, այլև սպառողի տեսանկյունից: Եվրասիական շուկայում, երբ սկսի մաքսային օրենսգիրքն աշխատել, ապա շատ բարձր մաքսատուրքեր են լինելու, այդ թվում մսամթերքի, դեղանյութերին, տեխնիկայի, ավտոմեքենայի և այլն: Սա նշանակում է, որ մենք պետք է խրախուսենք ներքին արտադրությունը, և այդ ժամանակ, գոնե, միայն խնդիրկունենանք այն ապրանքերի մասով, որոնք ՀՀ-ում չեն կարողանում արտադրել:  Մենք ստիպված են լինելու օգտվել ԵԱՏՄ շուկայից, բայց, մեղմ ասած, այդ ապրանքների որակը բարձր չէ, ավելին՝ չինականն ավելի որակյալ է ու էժան: Այստեղ խնդիր կա, որը կարող է սրվել: Կառավարությունը պետք է ընդլայնի սուբսիդավորումը, ընկերություններին ժամկետ տա շուկայում ամրապնդվելու, անտոկոս վարկեր տա և այլն: