Ադրբեջանը կսկսի լայնամասշտաբ պատերազմ, երբ ալիևյան կլանն իշխանությունը կորցնելու վտանգի առջև կանգնի և պատերազմով իրենք կփորձեն շեղել ժողովրդի ուշադրությունը, որպեսզի մարդիկ համախմբվեն արտաքին թշնամու դեմ՝ մոռանալով իշխանության փոփոխության մասին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի համար կա հակամարտության կարգավորման երկու տարբերակ՝ բանակցություններ ու պատերազմ, բայց բանակցություններում Ալիևը որդեգրել է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, իսկ ռազմական ճակատում, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, հաջողության չեն հասնում: Նա նշեց, որ Ղարաբաղն ավելի մոտ է անկախության միջազգային ճանաչմանը, ավելի մոտ՝ քան Կոսովոն ու Հարավային Սուդանը, բայց չի ճանաչվում, որովհետև մեծ խաղացողներն ունեն իրենց շահերը:
— Արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա կարո՞ղ են ազդել Կատալոնիայի անկախության հանրաքվեն և դրա շուրջ միջազգային հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ տեղի ունեցող փոփոխությունները:
— Ոչ: Թվում է, որ կա միջազգային օրենք, միջազգային մեխանիզմ, որով ճանաչվում են նոր պետությունները, բայց այդպես չէ: 2008թ.-ին Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին` խնդրելով, որ միջազգային դատարանը կարծիք հայտնի` արդյոք կարո՞ղ է Կոսովոյի ժողովուրդն առանց հանրաքվեի անցկացման միակողմանի հայտարարել, որ անկախ պետություն է իրեն հռչակում: Այդ ժամանակ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովն ասաց, որ կարող է։ Ամեն ինչ արվեց, որ Կոսովոն չդիտարկվի որպես նախադեպ: Մինչև միջազգային դատարան դիմելը Կոսովոն ճանաչվել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ կողմից, և տարօրինակ կլիներ, որ միջազգային դատարանը եզրակացներ, որ Կոսովոյի ժողովուրդը անկախություն հռչակելու իրավունք չունի: Հետաքրքիրն այն է, որ երբ Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին, Իսպանիան կողմ էր, որ միջազգային դատարանը եզրակացություն աներ Կոսովոյի վերաբերյալ:
Կոսովոյի մասին միջազգային դատարանի հիմնավորումը կարդալիս կարելի է համոզվել, որ Ղարաբաղն ավելի մոտ է կանգնած անկախության հռչակումը ընդունելու վերաբերյալ նրանց տված չափանիշներին: Ղարաբաղը ոչ միայն մոտ է անկախության ճանաչման նրանց տեսակետին, ավելին՝ անկախության հանրաքվե է անցկացրել, ունի պետական ինստիտուտներ: Համոզված եմ, որ անկախության ճանաչման միջազգային ընդհանուր մեխանիզմ չկա, կա քաղաքական կամք, կան մեծ խաղացողների շահեր:
Միջազգային դատարանի հիմնավորման մեջ ասվում է, որ Սերբիան մարդու իրավունքների զանգվածային խախտումներ է իրականացրել և Կոսովոն ունի անկախանալու իրավունք: Իսկ Ղարաբաղի խնդիրը Կոսովոյից շուտ է առաջացել, բայց միջազգային հանրության դիրքորոշումն այլ է: Լինի Քրդստանը, Կատալոնիան կամ մեկ այլ տարածաշրջան, որը ցանկանում է անկախանալ, ուզում է, որ անկախությունը ճանաչվի, ապա պետք է «հովանավոր» ունենա: Երկու շաբաթ առաջ Հայաստանում մեծ ոգևորություն կար, ասում էին, որ Կատալոնիայի անկախությունը կճանաչվի, դա ազդեցություն կունենա Ղարաբաղի վրա, բայց մենք պետք է ռեալ մոտենանք այս հարցին: Իհարկե, լավ կլիներ, որ նրանց անկախությունը ճանաչվեր, բայց դա, ինչպես անգլերենում են ասում՝ wishfull thinking հարթության մեջ է, այսինքն՝ ցանկալին ընդունում ես որպես իրականություն:
— Եթե Ղարաբաղն այդքան մոտ է անկախության ճանաչման միջազգային չափանիշներին, և անգամ ավելին է, քան այդ միջազգային չափանիշներով ճանաչված Հարավային Սուդանն ու Կոսովոն, ի՞նչն է այդ դեպքում խանգարում միջազգային հանրությանը ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
— Այո, Ղարաբաղն ավելի մոտ է անկախության ճանաչման սկզբունքներին և ավելին, որովհետև Ղարաբաղն արդեն կայացած պետություն է: Բայց Ղարաբաղը չի ճանաչվում, որովհետև կա մեծ խաղացողների շահերի կոնֆիգուրացիա: Երեք մեծ խաղացողների շահերը՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան, Ղարաբաղի պարագայում ինչ-որ չափով համընկնում են, նրանք չեն ուզում, որ պատերազմ լինի, ուզում են, որ տարածաշրջանը խաղաղ լինի, կայուն լինի, միաժամանակ չեն ուզում աջակցել հակամարտության կողմերից մեկին, որպեսզի մյուսը չդառնա «տուժած»: Իսկ պատճառն այն է, որ ունեն մի շարք շահեր:
— Երբ հարց են տալիս, թե ինչո՞ւ գերտերությունները չեն ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նրանք պատասխան հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ չի ճանաչում Հայաստանը:
— Կա երկու պատճառ, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Առաջինն այն է, որ դրանից հետո, չեմ կարծում, որ կսկսվի ճանաչման լայնածավալ փուլ և մի շարք պետություններ անմիջապես հետո կճանաչեն ԼՂ անկախությունը: Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը դուրս կմնա բանակցային գործընթացից, իսկ դա կմեծացնի լայնածավալ պատերազմի հավանականությունը: Պատերազմը ոչ միայն գերտերությունների շահերից չի բխում, այլև՝ մեր:
Ո՞րն է մեզ համար ավելի կարևոր, որ Ղարաբաղը կայացած պետությո՞ւն է, թե՞ որ մյուս պետությունները ճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Կարծում եմ, որ, իհարկե, շատ լավ կլիներ, եթե Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչվեր, բայց ավելի կարևոր է, որ Ղարաբաղն ավելի հզորանա: Այդ պարագայում մնացածը կդառնա ժամանակի հարց և անգամ կգա մի պահ, երբ Ադրբեջանին դժվար կլինի չընդունել Ղարաբաղի անկախությունը: Կատալոնիան հազար կապերով կապված է Մադրիդի հետ: Իսպանիային միլիոնավոր դոլարներ բերող ֆուտբոլային ակումբը որտե՞ղ է խաղալու՝ իսպանական լիգայո՞ւմ, թե՞ առանձին միավոր կդառնա: Իսկ Ղարաբաղը Բաքվի հետ որևէ կապերով շղթայված չէ, 25 տարի է` անկախ է, առաջին հերթին` Ղարաբաղը անկախ է Ադրբեջանից:
— Ինչո՞ւ եք կարծում, որ կգա մի օր, երբ Ադրբեջանը կընդունի Ղարաբաղի անկախությունը. չէ՞ որ անկախության 25 տարիների ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չհամակերպվեց Ղարաբաղի կարգավիճակի հետ:
— Ադրբեջանը չի համակերպվում Ղարաբաղի անկախ կարգավիճակի հետ, որովհետև համոզված է, որ տնտեսությամբ հզոր է, ռազմական մեծ հնարավորություն ունի ու խաղաղ կարգավորմանն, իրենց տեսանկյունից, կա այլընտրանք՝ ռազմական ճանապարհը: Բայց իրենց միայն թվում է, որ ունեն ռազմական այլընտրանք, իրենց միայն թվում է, որ մեկ օրում կարող են գրավել Ղարաբաղը:
Նրանք 25 տարի է ապրում են այդ միֆով: Նրանց քարոզչությունը հիմնված է այն թեզի վրա, որ իրենք ճիշտ են, որ ունեն տնտեսական առավելություններ, որոնք հիմնված են նավթային ռեսուրսի վրա և մտածում են, որ կհասնեն իրենց նպատակին: Երբ կսպառվի Ադրբեջանի նավթային ռեսուրսը, գուցե Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը, բայց քանի դեռ նավթային ռեսուրսները կան, Ադրբեջանը չի համակերպվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները չի ընդունում: Եռանախագահներն առաջարկում են կարգավիճակ` տարածքների դիմաց կարգավորման տարբերակը, բայց Ադրբեջանի համար դա անընդունելի է, նրանք ուզում են կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ: Լուծումը պետք է լինի փաթեթային, եթե մենք պայմանավորվում ենք, ապա պայմանավորվում ենք ամեն ինչի մասին: Նման մոտեցումն էլ անընդունելի է Ղարաբաղի, Հայաստանի համար:
— Այդ դեպքում, անտեղի՞ են բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու համար:
— Կարելի է պատկերացնել, որ Ալիևը միջազգային ճնշումների տակ համաձայնի փոխել իր դիրքորոշումը, բայց դրա համար հարկավոր է կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ, հակառակ դեպքում՝ փոխզիջումներ չեն կարող լինել: Բայց ես չեմ կարծում, որ Ալիևը պատրաստ է նման քայլերի դիմել, որովհետև իր երկրի ներսում ինքն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ չի կարող արդարացնել դիրքորոշման փոփոխությունը:
Բանակցություններում կարևոր է, որ քեզ դնես մյուս կողմի տեղը, փորձես իրավիճակը հակառակորդի աչքերով նայել, ինչպես շախմատում, և երբ ես ինձ դնում եմ Ալիևի տեղը, տեսնում եմ, որ նրա համար հեշտ չի լինի փոփոխություններ անել: Սա տեսնում են նաև միջնորդները: Սա է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերի միջև վստահություն ամրագրելու քայլեր է անում: Բայց Ալիևն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուզում են, որ Ղարաբաղը գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ և քանի դեռ չփոխվի այս մտածելակերպը, առաջընթաց չի գրանցվի:
— Պարո՛ն Մարտիրոսյան, ստացվում է, որ մենք ավելի շատ հեռանում ենք մեծ խաղաղություն հաստատումից, քան մոտենո՞ւմ:
— Չէի ասի, թե մենք հեռանում ենք ԼՂ հակամարտության կարգավորումից, խաղաղության հաստատումից, որովհետև բանակցությունների այլընտրանք՝ պատերազմը, ինչպես տեսանք ապրիլյան իրադարձությունների ժամանակ, անհաջող էր նրանց համար: Թեև իրենք քարոզչության շրջանակներում ասում են, որ հաղթել են այդ պատերազմում, բայց իրականում հասկանում են, որ հաջողություն չունեցան, հասկանում են, որ եթե չդադարեցնեին այն, հայկական կողմը հակագրոհ էր նախաձեռնելու և գուցե պատերազմն ավարտվեր իրենց համար տարածքային կորուստներով: Կարծում եմ, որ Ադրբեջանը կսկսի պատերազմ, երբ ալիևյան կլանը իշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնի և պատերազմով իրենք կփորձեն շեղել ժողովրդի ուշադրությունը, որպեսզի մարդիկ համախմբվեն արտաքին թշնամու դեմ՝ մոռանալով իշխանության փոփոխության մասին: Բայց ադրբեջանական կողմի վրա պատերազմը նման ազդեցություն չի կարող ունենալ, իրենք խուճապի մեջ են հայտնվում, իսկ Հայաստանում հակառակն է, ապրիլյան պատերազմի ժամանակ, չնայած բոլոր տարաձայնություններին, մենք համախմբվեցինք:
— Ռուսական փորձագիտական շրջանակները հակամարտության կարգավորման նոր թեզ են առաջ քաշում՝ ելնելով այն տեսակետից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդունելի չեն կողմերից առնվազն մեկի համար: Նրանք ասում են, որ եթե Ղարաբաղն ու Ադրբեջանը դառնան Եվրասիական տնտեսական միության մաս, ինչպես ժամանակին ԽՍՀՄ պարագայում էր, ապա մեկ ընտանիքում, մեկ միությունում տարածքային վեճեր այլևս չեն լինի: Ողջամտության հատիկ տեսնո՞ւմ եք:
— Համոզված եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, ովքեր ուզում են տեսնել «ԽՍՀՄ 2»-ը, վերականգնեն ռուսական կայսրությունը, բայց նույն գետը երկու անգամ չեն մտնում: Մենք եղել ենք ԽՍՀՄ-ում, գիտենք, թե դա ինչ էր, Ղարաբաղը կորցնում էր հայությանը, մենք տեսել ենք Նախիջևանի օրինակը, ու այս ամենից հետո նորից մտնել նույն հարաբերությունների մեջ, մտածել, որ այլ կերպ կլինի… Դա հնարավոր չէ: Բացի դրանից` չեմ կարծում, թե Ադրբեջանն ուզում է դառնալ ԵԱՏՄ անդամ։ Եթե նրանք ցանկանային, վաղուց կմտնեին ԵԱՏՄ:
Աղբյուրը՝ tert.am