27 Սեպտեմբերի 2020թ. 17:38

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՄԵԾ ՑԱՎ, ԱՆՍԱՀՄԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Վարդուհին ծնվել է 1976-ի հունիսի 27-ին: 1992-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այնտեղ, որպես փոխտնօրեն, աշխատում էր նրա մայրը՝ տիկին Աննան: Դեռ վաղ տարիքից շատ է սիրել երգել: Նա՝ ցանկացած իր որպես բարձրախոս օգտագործելով, երգում ու ձայնագրում էր սեփական կատարումները: Թերևս հենց դա էլ դարձավ ինքնակրթման յուրահատուկ ձև: Նրա ամենասիրած երգերի հավաքածուն կազմում էր 96 թերթանի տետրը, որտեղ գրված էին հին պիոներական երգեր:

1983-ին դպրոցում բացվում է երաժշտական խումբ, ուր սկսում է հաճախել նաև Վարդուհին: Հետագայում այն դարձավ Աշոտ Բզնունու ջազ-փոփ խումբ: 1986-ին Վարդուհին որոշում է երգն ավելի լուրջ հարթակ տեղափոխել ու սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ: Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու մոտ ձևավորվում է երաժշտական ճաշակ: Նրա ամենամեծ երազանքն էր երբևէ զուգերգով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ: 1993-ին Վարդուհին ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «անգլերեն լեզու և քաղաքագիտություն» բաժին:

Ուսումն ավարտելուց հետո` 1999-ից, նա 2 տարի անգլերեն է դասավանդում Պուշկինի անվան դպրոցում: 1994-ին ընդունվում է Երևանի «Երգի Պետական Թատրոն» և 1995-ից սկսում է աշխատել այնտեղ: Իր անցած կարճ ճանապարհին Վարդուհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1994-ին Նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցում է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին և արժանաում է «Գրան-Պրի»-ի:

1996-ին մասնակցում է «Յալթա Մասկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթին և արժանանում է հատուկ մրցանակի: 1999-ին, «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» շրջանակներում Վարդուհին արժանանում է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999-ին մասնակցում է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, ուր ստանում է երկեորդ տեղը: 2000-ին Մակեդոնիայի և Բուլղարիայի «Սլավյանսկիյ Բազառ» և «Դիսքավրի» մրցույթներում արժանանում է երկրորդ տեղերին: Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվում է մրցույթ բոլոր «Գրան-Պրի» մրցանակակիրների միջև ուր Վարդուհին արժանանում է առաջին մրցանակին, իսկ «Մորիե Դռուզեյ» մրցույթում նա երկրորդն էր:

1997-ին Վարդուհին ամուսնանում է: Ամուսնու՝ Արամի հետ դեռ դպրոցական տարիներից էին ծանոթ; Արամը իրենց դիմացի բակից էր. ու միշտ դասերից հետո միասին «կլասս» էին խաղում ու նոր տուն գնում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Վարդուհու միակ որդին, ում կնքում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: Ռուբենը մորից ժառանգում է երաժշտականությունն ու որոշում է ուժերը փորձել երգարվեստում ու մայրիկի հետ զուգերգ է ձայնագրում:

Վարդուհու ու Արամի ամուսնությունից մեկ տարի անց ամուսնանում են Վարդուհու ավագ քույրն ու Արամի եղբայրը՝ Քրիստինեն ու Հովհաննեսը: Վարդուհին՝ լինելով միջազգային բազմակի դափնեկիր, առանց քննությունների ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» բաժնի երկրորդ կուրս, որն ավարտում է 2003 թվականին:

2003-ին Վարդուհին թողարկում է իր անդրանիկ և միակ ձայնասկավառակը՝ ՛Խառնաշփոթը՛ ուր ներգրավվում են նրա ճանաչված հիթերից 13-ը: Դրանցից մի մասի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ: 2004-ին Վարդուհին ավարտում է գործունեությունը Երգի Պետական Թատրոնում և սկսում է դասավանդել թատրոնին կից ստուդիայում:

2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Սակայն նրանք ստիպված են լինում ուշ գիշերին վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն, ուր պիտի հանդիպեր Վլադիմիր Պրիսնյակովի պատվիրակության հետ` նրա հետ զուգերգ ձայնագրելու ակնկալիքով: Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան – Մարտունի – Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: Մեքնայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում:

2006-ին “Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության” ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է “Հայաստանի լավագույն երգչուհու” կուչում: Նույն թվականին “Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության” կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ: 2006-ին հիմնադրվում է “Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը”, որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը:

Աղբյուը՝ armlur.am