26 Սեպտեմբերի 2020թ. 2:21

Ողջույն Սերո Խանզադյանից, կամ ինչը բարկացրեց հայտնի հայ գրողին

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը ներկայացնում է որոշ փաստեր հայտնի հայ խորհրդային գրող Սերո Խանզադյանի կյանքից։

Արդյո՞ք կցանկանար կրկին ծնվել հարցին, բանաստեղծ Համո Սահյանը պատասխանել է. «Երևի, ոչ։ Պետք է սովորել քայլել, այնուհետև` դպրոց, կրկին ամուսնանալ, նորից «Մխիթար սպարապետ» կարդալ»… Ոչ, չեմ ուզում…»։

Հայ մեծ գրող Սերո Խանզադյանը հայ մեծ բանաստեղծի այս խոսքերից չի վիրավորվել։

Խանզադյանի գրքերը այնպիսի տպաքանակով էին տպվում, որ այսօրվա գրողները նույնիսկ երազել չեն կարող։ Ինչպես և հոնորարները։ «Հայաստան» հրատարակչության տնօրենն իմ ներկայությամբ կարգադրություն արեց. «Հանեք Խանզադյանի հաշվից և վճարեք (մեծ գումար էր նշվել)։ Սերո Նիկոլաևիչը թույլ է տալիս»։ Նորապսակ հեղինակը, որը խնդրել էր բանաստեղծությունների ժողովածուի համար կանխավ վճարել, զարմացած և երջանիկ էր։

Ֆինանսական տեսուչների, առավել ևս Զարուհի Փոստանջյանի համախոհների, եթե նրանք ապրեին այն ժամանակ, հին Նորքում գտնվող Խանզադյանի առանձնատան մոտ տեսախցիկներով շրջելն իմաստ չէր ունենա. ոչ աշխատանքային եկամուտ գրողը չուներ, միայն աշխատանքային էր, իսկ ինչի վրա է այն ծախսում` միայն իր գործն է։

Խնդրում եմ ուշադրություն դարձնել. «Մխիթար Սպարապետը» բացառապես հայկական թեմայով պատմավեպ է, սակայն հրատարակում և վերահրատարակում էին այդ «ժողովուրդների բանտի»`Խորհրդային Միության խոշոր հրատարակչությունները (էլ չենք խոսում արտասահմանի մասին)։ Հարյուր հազար տպաքանակով։ Հանգամանք, որը նպաստում էր դրա տարածմանը` անկախ դատողության և բարձրաձայն դրանց մասին արտահայտվելուն։

Արտաքնապես Խանզադյանը հիշեցնում էր Շոլոխովին և Վիլյամ Սարոյանին միաժամանակ, սակայն ամեն դեպքում, Շոլոխովին` ավելի շատ։ Ոչ միայն իր հայտնի բեղերով, այլև աշխարհի ուժեղագույններին ուղղված կատակներով, որոնց մեջ մեծ ճշմարտություն կար։ Նման չարաճճիություններ նրան թույլատրված էին։

… Հայաստանի կուսակցական համագումարի կուլուարներ։ «Իզվեստիայի» սեփական թղթակցի հետ զրուցող գրողին ժպտալով մոտենում է Կարեն Դեմիրճյանը։ Ողջագուրվում են։

– Այս գույնն այստեղ ավելորդ է, – մատնացույց է անում իր պատգամավորական նշանի վրա պատկերված դրոշը Խանզադյանը։

– Այսի՞նքն, – զարմանում է ԿԿ առաջին քարտուղարը։

– Դե, լավ կլիներ միագույն լիներ, – խորամանկորեն ժպտում է գրողը։

Նրանց համար, ովքեր չեն հիշում։ Խորհրդային Հայաստանի դրոշը` մեջտեղում կապույտ գծով կարմիր կտավի էր նման։ Կապույտ գիծը հեռացնում ես, մնում է միայն կարմրը` ԽՍՀՄ պետական դրոշի գույնը։ Լինել պատգամավորը քո հանրապետությունից ` լավ է, բայց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավորն` ավելի լավ։ Կարգավիճակով, հնարավորություններով, վարձատրությամբ, թեև Խանզադյանի կալիբրի մարդկանց վերջինը քիչ էր հետաքրքրում։

Այնուամենայնիվ, Սերո Խանզադյանն այդպես էլ չստացավ խորհրդային դրոշի պատկերով կրծքանշանը, բայց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում նա ստացավ։ Ինչը որոշակի առումով ավելի լավ է, քանի որ «ժողովրդի ծառան» հինգ տարով էր` հետագայում երկարաձգելու հնարավորությամբ (կամ չերկարաձգելու), իսկ Աշխատանքի հերոսը` ամբողջ կյանքի համար է։ Բոլոր բխող առավելություններով և արտոնություններով։

Վերակառուցման արշալույսին, որը տանում էր երկիրը դեպի կործանում, Խանզադյանի աջակցությունը ստանալ փորձում էին ինչպես ապագա փոփոխությունների հակառակորդները, այնպես էլ կողմնակիցները։ Տրամաբանության համաձայն` Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը, որը արյուն էր թափել հայրենիքի համար (երեք վիրավորում), ականանետային վաշտ հրամանատարը պետք է կանգներ «Խորհրդային մեր հայրենիքի» դրոշի կողքին, բայց մյուս կողմից, մեծ թափ էր հավաքում գերող և չգիտես ուր տանող մի արտահայտություն` «Մեր և ձեր ազատության համար»։ Այն ժամանակվա գաղափարական խռովության պայմաններում մեկը մյուսի հետ դժվար համատեղելի էր, իսկ ընտրել, թե որ ուղղությունն է ճիշտ`առավել դժվար էր։ Հասարակությունը ճանաչված հեղինակությունների ուղղորդմանն էր սպասում։ Խանզադյանն անկասկած, նրանցից մեկն էր։

… 90-ականների սկիզբ, հին Նորքում գտնվող գրողի առանձնատուն։ Տան տերը շռայլորեն լցնում է հիասքանչ «քարահունջը» «Իզվեստիայի» գործընկեր Սերգեյ Դարդիկինին։

– Այսքա՞ն շատ, Սերո Նիկոլաևիչ։ Մենք աշխատելու ենք եկել, ոչ թե օղի խմելու։

Մի խոսքով` աշխատանքը գլուխ չեկավ… Խանզադյանը խուսափում էր ուղիղ պատասխաններից, առակներ, տարբեր պատմություններ էր պատմում, ինչ-որ բանով մտահոգված էր, սակայն իր դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, թե ինչն է լավ և ինչը վատ հայերի համար այս կտրուկ փոփոխվող աշխարհում` այդպես էլ չպարզաբանեց։ Դասականն, անկասկած, իր տեղը չէր գտնում. ինչ-որ բան էր նրան մտահոգում, նույնիսկ ընկճում։ «Դու` ռազմաճակատային զինվոր, պատգամավոր, հերոս, ամբողջ աշխարհով հայտնի գրող, ի՞նչ ունես վախենալու», – զարմացավ գործընկերը` Դարդիկինը։ Մինչդեռ Թատերական հրապարակում հավաքվածների խոսակցությունների առարկա դառնալ վախում էին ոչ միայն հայտնիները։

Այն ժամանակներից ևս մի բան։ Սունդուկյանի անվան թատրոն, ի պաշտպանություն հայոց լեզվի գիտաժողովի պես մի բան էր կազմակերպված։ Նախասրահում, բացի Սերո Խանզադյանից, մի շարք հայտնի մարդիկ կային` գրողներ, արտիստներ, նկարիչներ, գիտաշխատողներ։ Ինչ-որ մեկը Խանզադյանին ձեռքով ողջունեց։

– Բարև՛, – արձագանքում է գրողը։

Նրա կողքին հայտնված երիտասարդը, որն ակնհայտ հեղափոխական ուղղվածություն ուներ, սեփական խիզախության վրա զարմանալով, ասում է. «Վարպետ, ոչ թե բարև պետք է ասել, այլ ողջույն»։

«Մոտեցի՛ր մի պահ», – թևանցուկ է անում բանահյուսության ուսուցչին Խանզադյանը։ Այնուհետև մենախոսություն է տեղի ունենում, որը հեղինակն իր դաստիարակությունից ելնելով կպատմի մի փոքր խմբագրված։

– Դու, այ փսլնքոտ, որոշել ես ինձ սովորեցնել, թե որ լեզվով խոսե՞մ։ Գուցե, որ լեզվով գրենք` դու նույնպես կհուշե՞ս մեզ։ Դուրս այստեղից և որ այլևս աչքիս չերևաս։ Հասկացա՞ր, թե թարգմանեմ ռուսերեն։

Թարգմանության կարիք չեղավ, ինքնուս–լեզվաբանը շփոթվեց ու հետ քաշվեց, գիտաժողովը շարունակեց իր աշխատանքը։
Read more: https://armeniasputnik.am/columnists/20171018/9096393/armenia-sero-xanzadyan.html