30 Հոկտեմբերի 2020թ. 11:41

Ռուսաստանում ստեղծվել է առաջին բլոկչեյն կոնսորցիումը

Էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի մանրածախ վաճառքով զբաղվող ռուսաստանյան խոշոր «Մ.Վիդեո» առեւտրային ցանցը՝ «Սբերբանկ ֆակտորինգ»-ի եւ «Ալֆա Բանկ»-ի հետ համատեղ, հայտարարել է բաց կոնսորցիումի ստեղծման մասին՝ ուղղված ֆինանսական հատվածում բլոկչեյնի վրա հիմնված տեխնոլոգիաների կոմերցիոն կիրառմանը:
Banki.ru կայքը հայտնում է, որ կոնսորցիումի մասնակիցները գործարկել են ֆակտորինգային գործարքների համար բաց բլոկչեյն հարթակ՝ անսահմանափակ քանակով բանկերի եւ ֆակտորինգային ընկերությունների միանալու հնարավորությամբ՝ ապահովելով գործարքների մասին տեղեկատվության գաղտնիությունը։

Հարթակն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Մասնավորապես, բլոկչեյնի կիրառումը կրճատել է մատակարարումների հաստատման ժամկետը՝ 1-2 օրվանից մինչեւ մի քանի վայրկյան, ինչը հնարավոր է դարձել սմարթ պայմանագրերի (կամ համակարգչային ալգորիթմերի) շնորհիվ, որոնք իրական ժամանակում ստուգում են մատակարարումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ապրանքի տեղափոխման մասին մատակարարի տվյալները մուտքագրվում են համակարգում բանկի կամ ֆակտորինգային ընկերության կողմից, կոդավորվում են եւ ավտոմատ կերպով համադրվում առեւտրային ցանցի տվյալների հետ՝ կոնկրետ ապրանքի ստացման մասին: Գործարքի «տվյալների շղթայի» համընկնումը հիմք է հանդիսանում մատակարարման հաստատման եւ ֆինանսավորման համար:

«Մ.Վիդեո»-ի եւ իր մատակարարների միջեւ ֆակտորինգային գործարքների տարեկան շրջանառությունը կազմում է միլիարդավոր ռուբլիներ եւ տասնյակ հազարավոր ապրանքագրեր, որոնք մինչ այդ մշակվում էին էլփոստի, հեռախոսակապի եւ «թղթային» շրջանառության միջոցով: Բլոկչեյնի կիրառումը հնարավորություն է ընձեռել ավտոմատացնել մատակարարմանը վերաբերող փաստաթղթերի ստուգումը՝ բացառելով գաղտնիության եւ մեքենայությունների հետ կապված ռիսկերը, կրճատել օպերացիոն ծախսերը, բարձրացնել ֆակտորինգային վճարումների արագությունն ու հարմարավետությունը: Ֆակտորինգային գործարքների համար բլոկչեյն է օգտագործում «Մ.Վիդեո»-ի յուրաքանչյուր 5-րդ գործընկեր: Մենք նախատեսում ենք բանկերի փուլային միացումը բլոկչեյն հարթակին արդեն այս տարի,- նշել է «Մ.Վիդեո» առեւտրային ցանցի ֆինանսական տնօրեն Եկատերինա Սոկոլովան։

«Մ.Վիդեո»-ն հիմնադրվել է 1993թ., այսօր առեւտրային ցանցն ունի մոտ 400 խանութ Ռուսաստանի 165 քաղաքում։

Աղբյուրը՝ banks.am/am/news/fintech/14565