29 Նոյեմբերի 2023թ. 2:44

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՄԵՂՐԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

«Մենք բոլորս աշխատում ենք, որ մեղրը դառնա Արցախի ազգային արտադրանքը»,- ասաց Արցախի մեղվապահների ասոցիացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը՝ «Arm Prod Expo» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ:

Նա նշեց, որ իրենք արդեն մեկ տարի է, որ Եվրոպայից նոր տեխնոլոգիաներ են բերել Արցախ և զբաղվում են արդյունաբերական մեղվապահությամբ. «Աշխատում ենք մեզ ապահովել ժամանակակից սարքավորումներով և համապատասխան գործիքներով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Մեր նպատակն է՝ Արցախը դարձնել մեղրի երկիր: Մենք բոլորս աշխատում ենք, որ մեղրը դառնա Արցախի ազգային արտադրանքը»:

Ըստ Ս. Գրիգորյանի՝ իրենց բնակլիմայական պայմանները և մնացած բոլոր նախադրյալները համապատասխան են, որ իրենք կարողանան մաքուր մեղր արտադրել:

Հարցին՝ ձեր արտադրանքը դեռևս միայն Արցախո՞ւմ է վաճառվում, Ս. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Պարզ է, որ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ մաքուր մեղրը կարողանանք տանել նաև արտասահման, դա շատ կարևոր հարց է մեզ համար: Առաջին խնդիրն այն է, որ ստեղծենք իդեալական պայմաններ՝ մաքուր մեղր ստանալու համար: Մենք բոլոր շանսերն ունենք, որ այդ արտադրանքը տանենք Եվրոպա, բայց դրա համար, իհարկե, ժամանակ է պետք»:

Նա նաև նշեց, որ իրենք այս մեկ տարվա գործունեության արդյունքում արտադրանքից գոհ են և հույս ունեն մի քանի անգամ ավելացնել արտադրանքի ծավալները:

Աղբյուրը՝ 168.am