24 Սեպտեմբերի 2020թ. 17:25

Հունվար-սեպտեմբերի ՀՀ տնտեսական պատկերը

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփեց 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Տարվա 4 եռամսյակներից 3-ն արդեն ամփոփված են, և սա արդեն բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում ենք գտնվում և ինչ ենք ունենալու տարվա արդյունքներով։

Սկսենք ամենակարևորից՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 5.1%-ով (աճողական ցուցանիշ)։ Իսկ 2017 թվականի սեպտեմբերը՝ 2016 թվականի համեմատ, ցուցանիշը 2.4% է։ Գծապատկերում երևում է, որ վերջին ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպը գնալով թուլանում է։ Տարվա առաջին եռամսյակում ՏԱՑ-ը բավականին բարձր էր՝ 6.6-6.8%։ Ապրիլին տնտեսական ակտիվության աճը նվազեց մինչև 5.7% (հավանաբար՝ պայմանավորված խորհրդարանական ընտրություններով), հետո կրկին բարձրացավ մինչև 6.3%։

Իսկ վերջին 3 ամիսների կտրվածքով տեմպի թուլացումն արդեն ակնհայտ է՝ հունվար-հուլիս՝ 6.2%, հունվար-օգոստոս՝ 5.5%, և հունվար-սեպտեմբեր՝ 5.1%։ Ամսական կտրվածքով աճի տեմպն էլ վերջին 2 ամիսներին բավականին թույլ է՝ 2.4% օգոստոսին և սեպտեմբերին։

Նշենք, որ սա ինչ-որ առումով անսպասելի էր, որովհետև 2016 թվականի հուլիսից սկսած տնտեսության դինամիկան բացասական է։ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվությունն ամսական կտրվածքով նվազում էր, ինչի արդյունքում՝ 2016 թվականի ընթացքում տնտեսական ակտիվության աճի աճողական ցուցանիշը գնալով նվազեց, և տարին փակվեց 0.5%-ով։ Ու հաշվի առնելով, որ տարեվերջյան ցուցանիշները բարվոք չէին, թվում էր, որ դրանց հետ համեմատության մեջ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ցուցանիշներն ավելի տպավորիչ պետք է լինեին։

Սակայն, ինչպես երևում է, այդպես չեղավ։ «Մեղավորը» 2 ոլորտներն են՝ գյուղատնտեսությունը և շինարարությունը։ Մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 9.9%-ով և կազմել 582.5 մլրդ դրամ։ Ամսական կտրվածքով՝ այս տարվա սեպտեմբերը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, անկումն ավելի խորն է՝ 11.6%։

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա անկումային դինամիկան այստեղ արդեն, ցավոք սրտի, սովորական է դարձել։ 2009 թվականի ճգնաժամից ի վեր՝ շինարարությունը միայն 2 անգամ է աճ գրանցել, այն էլ՝ շատ թույլ աճ։ Այս տարվա առաջին 9 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալը նվազել է 6.4%-ով և կազմել 220.3 մլրդ դրամ։ Ամսական կտրվածքով, ճիշտ է, աճ կա (այս տարվա սեպտեմբերը՝ 2016-ի սեպտեմբերի համեմատ՝ 1.3% աճ), սակայն, անգամ, եթե այդ միտումը պահպանվի, միևնույն է, դա բավարար չի լինելու, որպեսզի շինարարության ոլորտը տարին աճով փակի։

Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ, երբ հրապարակվել էին հունվար-օգոստոսի ցուցանիշները, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ շինարարության և հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտին՝ նշելով. «Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, և հետևաբար՝ առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։

Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի»։

Ի տարբերություն գյուղատնտեսության և շինարարության ոլորտների՝ արդյունաբերությունն ու ծառայությունները երկնիշ աճ են գրանցել։ Այսպես, 2017 թվականի հունվար-սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 185.1 մլրդ դրամ, ինչը 11.9%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ծառայությունների ոլորտն ավելի մեծ չափով է աճել՝ 12.8%-ով. հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների ծավալը կազմել է 1 տրիլիոն 41.6 մլրդ դրամ։ Անդրադառնանք նաև արտաքին առևտրի ցուցանիշներին։

Ապրանքների արտահանումը Հայաստանից աճել է 19.1%-ով և կազմել 1 մլրդ 546.7 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 23.2%-ով (ծավալը՝ 2 մլրդ 820.8 մլն դոլար)։ Հոկտեմբերի վերջին ԱՎԾ-ն կներկայացնի հունվար-սեպտեմբերի առավել մանրամասն զեկույցը, որի հիման վրա ներկա վիճակի և հեռանկարների մասին հնարավոր կլինի ավելի ճշգրիտ խոսել։

Վերջում կրկին վերադառնանք տնտեսական ակտիվության ցուցանիշին։ Ճիշտ է, ՏԱՑ-ը և տնտեսական աճի (ՀՆԱ-ի) ցուցանիշը տարբեր բաներ են, սակայն բավականին մոտ են իրար։

Եվ կարելի է ենթադրել, որ ՀՆԱ-ի աճն էլ հունվար-սեպտեմբերի համար կտատանվի 5%-ի միջակայքում։ Հիշեցնենք, որ կառավարությունն այս տարվա համար ի սկզբանե կանխատեսում էր 3.2% տնտեսական աճ, սակայն վերջին՝ ամենաթարմ պաշտոնական կանխատեսումներով, 2017 թվականը կփակենք 4.3% տնտեսական աճով։ Դատելով ցուցանիշների դինամիկայից և տնտեսական ակտիվության աճի տեմպի թուլացումից՝ այդ կանխատեսումն ավելի իրատեսական է երևում:

Բաբկեն Թունյան